
Առաջին Եվրոպական խաղերի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային և ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում:
«Բաքվի Եվրոպական խաղերում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչները փորձում էին հենց մեզ հետ հարցազրույց անել: Հասկանելի էր՝ ոմանք փորձում էին «ջուրը պղտորել ձուկ բռնելու համար»: Բոլորի ուշադրության կենտրոնում Հայաստանի պատվիրակությունն էր: Մեր մարզիկների հետ փորձում էին հարցազրույց անել, քանի որ մեկ բառն անգամ կարող էր ճակատագրական լինել: Իսկ մենք փորձում էին սառը և հավասարկշռված անել ամեն ինչ»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եվրոպական խաղերի Հայաստանի պատվիրակության մամուլի պատասխանատու Կարեն Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` ադրբեջանական ԶԼՄ-ներն արձագանքում էին անգամ յուրաքանչյուր մեկնաբանությանն ու խոսքին: «Այս խաղերի ամբողջ միտքն այն էր, որ սա մրցաշար էր, եկել ենք մասնակցելու և բարձրացնելու հայկական դրոշը: Բոլոր մարզիկներն իսկական պրոֆեսիոնալի պես, անտեսելով սուլոցները, մտնումն էին դահլիճ»,ասաց նա: Առաջին Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացել էր 25 մարզիկով, իսկ ընդհանուր պատվիրակությունը բաղկացած էր 54 անդամից: