Հանգստյան օրերը ներքաղաքական դաշտում բավական ակտիվ են ընթացել: Սերժ Սարգսյանը հանդիպել է կոալիցիոն նախկին գործընկերների՝ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ: Ընդ որում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման լուրը ո՛չ նախագահականը, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ ԲՀԿ-ն պաշտոնապես չեն հաստատում, բայց եւ՝ չեն հերքում: Փոխարենը ՀՅԴ-ն է պաշտոնապես հաստատել Ս. Սարգսյանի հետ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ու Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հանդիպման փաստը:
«Դաշնակցություն»-ն է
Այդ հանդիպման առիթը, ըստ ՀՅԴ մամուլի դիվանի հաղորդագրության, եղել է ՀՅԴ առաջարկած քաղաքական օրակարգը: Ս. Սարգսյանը ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերից երկուսը՝ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին եւ հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը, համարել է անընդունելի: Հրանտ Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում այդ հանդիպումն անվանել է անարդյունավետ: Բայց, չնայած այդ հանգամանքին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՅԴ-ի հետ կրկին հանդիպելու եւ օրակարգը կրկին քննարկելու վերաբերյալ: Հրանտ Մարգարյանը երեկ նաեւ ասել է, որ Սարգսյանի հետ հանդիպման մեջ չկա որեւէ տարօրինակ բան, քանի որ իրենք ի սկզբանե հայտարարել են՝ պատրաստ են 7-կետանոց օրակարգը քննարկել բոլոր քաղաքական ուժերի հետ, ինչը եւ անում են:
Մարգարյանն ասել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է սատարելու այն թեկնածուին, որն իրենց բոլոր 7 կետերի հետ համաձայն կլինի, ու քանի որ ՀՀԿ-ն դեմ է երկու կետի, իրենք չեն սատարի նաեւ Ս. Սարգսյանին: Հավանաբար միասնական թեկնածուին էլ (եթե ստացվի) չեն սատարի դաշնակցականները, քանի որ ՀՅԴ-ի սրտով թեկնածու չկա: Շատ դաշնակցականները դեմ էին նաեւ Գագիկ Ծառուկյանի թեկնածությանը: Հետեւաբար, ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի միայնակ՝ սեփական թեկնածուով՝ չմիանալով նաեւ ՀԱԿ-ին, որը մերժել է ՀՅԴ-ի 7 կետերից մեկը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին լուրերին, ապա կողմերից որեւէ մեկը պաշտոնապես ո՛չ հաստատում է այն, ո՛չ հերքում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց, թե ինքը տեղեկություն չունի այդ հանդիպման մասին: Իսկ մինչ այդ, քաղաքական դաշտում ակտիվ լուրեր էին շրջանառվում, որ Ծառուկյանն այդ հանդիպումից հետո որոշել է իր թեկնածությունը չառաջադրել նախագահական ընտրություններում:
Բայց ի՞նչ անել, որպեսզի ԲՀԿ-ն չխայտառակվի: Իրավիճակից դուրս գալու տարբեր եղանակների մասին էր երեկ խոսվում. մեկ, որ ԲՀԿ-ն կփորձի Վարդան Օսկանյանին առաջադրել կամ էլ հայտարարել՝ որեւէ կերպ նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին: Ս. Սարգսյանն էլ, որպես փոխհատուցում, խոստացել է զոհաբերել Տիգրան Սարգսյանին՝ նրան հեռացնելով ՀՀ վարչապետի պաշտոնից: Կառաջադրվի՞ Ծառուկյանը, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի այս հարցին Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Ծառուկյանը երբեւէ պաշտոնապես չի էլ ասել, որ առաջադրվելու է, նաեւ չի ասել, որ չի առաջադրվելու կամ որեւէ մեկին պաշտպանելու: Այնպես որ, սպասե՛ք մի քանի օր ու կստանաք բոլոր հարցերի պատասխանները»: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն խոստացել էր իր դիրքորոշման մասին ասել դեկտեմբերի 1-5-ը, հետո ժամկետը երկարաձգեցին, նույնիսկ լուրեր էին շրջանառվում, որ Ծառուկյանն իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 10-ին: Դատելով նրանից, որ նախագահի թեկնածուների առաջադրումը սկսվում է փետրվարի 25-ից, չի բացառվում, որ իրավիճակը հետաձգվի մինչեւ այդ օրը:
Քաղաքական դաշտում նաեւ այլ տեղեկություններ էին շրջանառվում, մասնավորապես կիրակի օրը, այնուամենայնիվ, ԲՀԿ-ում իրավիճակ է փոխվել, երբ պարզվել է, որ Ծառուկյանը Ս. Սարգսյանի հետ այլ բան է պայմանավորվել, իսկ նրա փեսան լրատվամիջոցներով դեմարշ է սկսել ԲՀԿ նախագահի դեմ՝ համեմատելով Արթուր Բաղդասարյանի հետ:
Հավանաբար այդ պատճառով էլ նախապես հայտարարված ԲՀԿ քաղխորհրդի նիստը հետաձգվեց: Տպավորություն է, որ ԲՀԿ-ում տիրող անորոշ վիճակից դուրս գալու ելքը չի տեսնում նաեւ հենց ինքը՝ Ծառուկյանը, դրա համար ժամանակ է ձգում, որը կարող է դեռ մեկ-երկու շաբաթ էլ շարունակվել: Ինչպես հաղորդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԲՀԿ-ականները, որ երեկ սպասում էին Ծառուկյանի որոշմանը, շփոթված վիճակում են հայտնվել, երբ հերթական անգամ պարզվել է, որ նա որոշում չունի:Թեեւ մեկ այլ հավանական վարկած էլ կա. որպեսզի ԲՀԿ-ն իր դեմքը պահի, բայց մյուս կողմից էլ ընդդիմության առաջին շարքերում չհայտնվի, անմիջական առճակատման չգնա, կարող է սատարել ՀԱԿ թեկնածուին: Պատահական չէ, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի բացառել առաջիկայում Ծառուկյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպման հավանականությունը:
Այսպիսով՝ իշխանական դաշտում այդպես էլ չեն կարողանում գտնել այն թեկնածուին, որը ձեւական մրցակցություն կապահովի Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ: Հավանաբար այս եւ ՀՀ ապագա վարչապետի հարցը քննարկելու համար է Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-19-ին մեկնելու Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին: Նկատենք, որ նրանից առաջ Պուտինի հետ կհանդիպի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: