ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՁՄԵՌ ՊԱՊԵՐԻ ՔԱՍԹԻՆԳ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության կողմից Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարությունների առթիվ հայտարարվել է Ձմեռ պապերի եւ Ձյունանուշների ստուգատես: Բոլոր հավակնորդները 2012թ. դեկտեմբերի 15-ից 20-ը ներառյալ կարող են աշխատանքային օրերին՝ ժ. 10:00-12:00-ն, դիմել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչություն:

ՌՈՒՍՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ
Ռուսաստանը դադարեցրել է Ադրբեջանում Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի շահագործումը, քանի որ Մոսկվան եւ Բաքուն չեն կարողացել ռադարի շահագործման վարձավճարի վերաբերյալ համաձայնության գալ: Հիշեցնենք, որ 2012թ. փետրվարին Ադրբեջանը կտրուկ բարձրացրեց Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության տարեկան վճարը` 7 մլն ԱՄՆ դոլարից հասցնելով 300 մլն ԱՄՆ դոլարի:

ԵՎՍ ՄԵԿ ԱՐԱԳԱՉԱՓ
ՃՈ-ն տեղեկացնում է, որ  2012թ. դեկտեմբերի 14-ից գործարկվելու է «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի` Բագրատաշենի մաքսակետին հարող տարածքում` Վրաստանի սահմանից դեպի Ալավերդի ուղղության վրա նոր տեղադրված արագաչափը: Ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 20 կմ/ժ է:

ԵԶԴԻՆԵՐԻ ՊԱՐՏՔԸ
Հայաստանի եզդիներն առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին: Այս մասին երեկ հավաստիացրել է ՀՀ եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը. «Եզդի համայնքը Հայաստանի իշխանությունների կողմը կլինի: Այդպես էր նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Դա բոլոր ազգային փոքրամասնությունների պարտքն է»:

ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԵՑ
ՍԴ-ն ընդունել է ԱԺ Հայ ազգային կոնգրեսի դիմումը, որով բողոքարկվում է ԱԺ կանոնակարգի 44-րդ հոդվածի 4-րդ կետը: Ինչպես տեղեկացանք ՍԴ մամուլի խոսնակ Հովհաննես Պապիկյանից, այժմ այն քննարկման փուլում է, որից հետո օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, որ անկախ ՀԱԿ դիմումների նկատմամբ ՍԴ-ի՝ նախկինում կայացրած որոշումներից, իրենք, այնուամենայնիվ, օգտագործում են օրենքով ընձեռնված հնարավորությունները:

ՆՈՐ ՆՈՆՈ
Ըստ «Առավոտ»-ի՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակել Հրաչյա Հովակիմյանին: Վերջինս անտառտնտեսության տնօրեն է եղել եւ համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալը: Ենթադրաբար, Հ. Հովակիմյանը նշանակվել է պաշտոնակատար եւ օրերս հայտարարվելիք մրցույթում կհաղթի:




Լրահոս