Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2011-ին մեծ աղմուկով վնասազերծված «բանդայի» գործով հերթական դատական նիստը:
Նիստին ներկա էին ամբաստանյալներ Արտյուշա Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Դավիթ Գալստյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը: Ամբաստանյալ Ք. Ամոյանի դատապաշտպան Յուրա Ալոյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց` պահանջով, որ Ամոյանը ենթարկվի դատահոգեբուժական փորձաքննության, քանի որ ունի ներքին տագնապ եւ վախի զգացողություն:
«Միջնորդում ենք իրավասու մարմնին փորձաքննություն կատարել եւ եզրակացություն տալ, թե Քյարամ Ամոյանի մոտ առկա հիվանդությունները դասվում են արդյոք անազատության հետ կապված պատիժը կրելուն եւ կալանքի տակ գտնվելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին: Նա կարո՞ղ է գտնվել կալանքի տակ եւ անազատության մեջ»,-ներկայացրեց պաշտպանը: Սակայն դատարանը միջնորդության քննարկումը հետաձգեց` պայմանով, որ այն կքննարկվի համապատասխան բուժզննման փաստաթղթերը ձեռք բերելուց հետո:
Այնուհետեւ հարցաքննվեցին այս գործով տուժողներ՝ «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի նախկին ղեկավար Էդվարդ Բեզոյանը, նրա հարսը՝ Գեղանի Զուրաբյանը, դուստրը՝ Աննա Բեզոյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի կինը` Լարիսա Միքայելյանը:
Էդ. Բեզոյանը հարցաքննության ընթացքում նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է միայն Դավիթ Գալստյանին: Սակայն երբ պաշտպանները սկսեցին հարցեր տալ, նա սկսեց կոպտել պաշտպաններին: Այդ կապակցությամբ դատավորը զգուշացրեց Բեզոյանին եւ պահանջեց զուսպ լինել: Հանդարտված Բեզոյանը նշեց, որ իր տնից գողացել են աղջկա ու հարսի ոսկեղենը, եղբոր ուղարկած 25 հազար ամերիկյան դոլարը եւ կես միլիոնի չափով գումարը: Հարցաքննության ընթացքում պարզվեց նաեւ, որ Բեզոյանին նախաքննության ընթացքում որեւէ առարկա ճանաչման չեն ներկայացրել: Դատավորը նկատեց, որ Բեզոյանի որդին երբեւէ ներկա չի եղել դատական նիստերին, եւ պահանջեց հաջորդ դատական նիստին ներկայանալ:
Այնուհետեւ հարցաքննվեց Բեզոյանի հարսը, որը սկզբում հայտարարեց, որ քննչական գործողության ժամանակ ճանաչել է հենց Դավիթի ձայնը, սակայն քիչ անց հրաժարվեց՝ ասելով, որ նման բան չի ասել, այլ նշել է, որ ընդամենը նմանեցրել է: Նաեւ ասաց, որ հարձակվողներից մեկը խոսել է կիսավրացական ակցենտով: Հետո պատմեց, որ իրեն ու երեխաներին հարձակվողները շատ են վախեցրել: Ու, բացի այդ, գողացել են իրեն պատկանող մոտ 90 կտոր ոսկի: Դատավորը պահանջեց նկարագրել ոսկեղենը, սակայն Գեղանին չկարողացավ: Իսկ հարցաքննության վերջում նշեց, որ Արտյուշա Հակոբյանի մասին լսել է միայն համացանցից:
Հաջորդը Էդ. Բեզոյանի դուստրն էր, որը հարցաքննության ժամանակ վստահեցրեց, թե հայրական տանը գտնվող իր անձնական ոսկեղենն ունեցել է ավելի քան 40 հազար դոլարի արժեք: Նրան տարել են առարկայի ճանաչմանը, սակայն ներկայացված իրերից եւ ոչ մեկն էլ իրենը չի եղել:
Նշենք, որ տուժողներից ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վատառողջ լինելու պատճառով ներկա չէր դատական նիստին: Հարցաքննվեց նրա կինը՝ Լարիսա Միքայելյանը, որը հայտարարեց, թե գողացված 3 միլիոնի մասին հիշել է Դավիթ Գալստյանի` քննչական գործողության ժամանակ խոստովանելուց հետո, երբ Դավիթն իբր նկարագրել է, թե ինչպես է 3 միլիոնը վերցրել հյուրասենյակում գտնվող պահարանից:
Սակայն Դ. Գալստյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Դավիթը նման բան չի ասել, ու քրեական գործերում այդ մասին ոչինչ արձանագրված չէ. «Տուժողներն ասում են, որ այդ ամենի ե՛ւ տեսագրությունը կա, ե՛ւ լուսանկարները, բայց քրեական գործերում ո՛չ տեսագրություն կա, ո՛չ էլ լուսանկարներ»: Լարիսա Միքայելյանը նշեց, որ բացի գումարից, գողացել են նաեւ 5 գեղանկար, որոնք 40 տարի գտնվել են իրենց տանը: Դատավորի այն հարցին, թե ովքեր են տվյալ գեղանկարների հեղինակները, նա չկարողացավ պատասխանել, ինչը պաշտպանները տարակուսելի համարեցին` հաշվի առնելով տիկնոջ պնդումը, թե այդ նկարները 40 տարի կախված են եղել իրենց տանը:
Դատավարության ընթացքում արձանագրվեց եւս մի ուշագրավ պահ. Լ. Միքայելյանը 2011-ի սեպտեմբերի 21-ին տված ցուցմունքում նշել է, որ 3 մլն գումարը դրված է եղել ամուսնու աշխատանքային պահարանում: Սակայն երեկ՝ հարցաքննության ավարտին, Միքայելյանը հայտարարեց. «Գումարն ամուսնուս աշխատանքային պահարանում չէր, այլ խոհանոցի պահարանում»:
Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Իմ պաշտպանյալը սկզբում Բեզոյանի տան կողոպուտի մեջ էր ներգրավված: Իսկ հիմա` Ազիզյանի: Դրա համար Ազիզյանի հարսին հարցրեցի՝ Արտյուշա Հակոբյանը մեղադրվել է իրենց բնակարանի վրա հարձակվելու գործում, չի՞ հետաքրքրվել, թե ինչ ապացույցների հիման վրա նրան հանեցին այդ գործից եւ ներգրավեցին Ազիզյանի տան կողոպուտում: Իսկ հարսն էլ պատասխանեց, որ Արտյուշայի մասին համացանցից է իմացել»:
Գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 17-ին:
«ԲԱՆԴԱՅԻ» ԳՈՐԾՈՎ ՄՈՒԹ ԿԵՏԵՐ ԿԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ