Ըստ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդագրության՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում խորհրդակցություն է հրավիրել եվրոպական երկրներում եւ կառույցներում հավատարմագրված ՀՀ դեսպանների եւ ներկայացուցիչների հետ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՀՀ ԱԳՆ եւ եվրոպական երկրներում դեսպանների աշխատանքի, ՀՀ արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ Բրյուսելում կայանալիք՝ Հայաստան-Եվրոպական միություն խորհրդաժողովին քննարկվելիք հարցերը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ այլն: Սա՝ ըստ պաշտոնական հաղորդագրության: Սակայն դեպքերի վերլուծությունը հուշում է, որ հավանական է՝ հանդիպման բուն նպատակը այլ է եղել: Բայց մինչ նպատակին անցնելը նախ փորձենք գտնել ակամայից բխող մի հարցի պատասխանը. ինչո՞ւ Փարիզում:
Փարիզում նման հանդիպում կազմակերպելը նախեւառաջ ձեռնտու էր քիչ ծախսատարության տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էդվարդ Նալբանդյանը նախկինում այնտեղ դեսպան է եղել, եւ բնականաբար, կունենա համապատասխան կապեր եւ հնարավորություններ: Սակայն, մյուս կողմից, կարծում ենք՝ ավելի նպատակահարմար կլինի, որ նման հավաքներն անցկացվեն ոչ թե մշտապես նույն տեղում, այլ եվրոպական տարբեր երկրների մայրաքաղաքներում, քանի որ անկախ իրենց բովանդակությունից՝ այդ կարգի հավաքները հայկական գործոնի արդյունավետ PR են, եւ լրացուցիչ ուշադրություն հրավիրելն ու հնչեղություն տալը չէր խանգարի:
Այժմ փորձենք վերլուծել հավաքի բուն բովանդակությունը եւ նպատակը: Տրամաբանական է, որ տարօրինակ զուգադիպությամբ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության՝ Բրյուսել այցից հետո անմիջապես նման հանդիպում կազմակերպեցին ՀՀ իշխանությունները: Տրամաբանական է այն տեսանկյունից, որ համաձայն Ծառուկյանի այցի հետ կապված շրջանառվող լուրերի՝ ԲՀԿ պատվիրակության այցը կազմակերպել է Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը: Եւ որքան էլ ՀՀ ԱԳՆ-ն փորձեց հերքել այդ իրողությունը, այդուհանդերձ, Ադոնցի անմիջական մասնակցությունը փաստ էր, ավելին, Ադոնցն ինքը դիմավորել էր պատվիրակությանը եւ կազմակերպել նրանց հանդիպումները: Այս հանգամանքը չէր կարող դուր գալ ՀՀ իշխանություններին, ուստի անմիջապես հաջորդող քայլը պետք է լիներ այն, որ զգուշացվեր Հայաստանի՝ եվրոպական երկրներում մյուս դեսպաններին եւ ներկայացուցիչներին չհետեւել Ադոնցի օրինակին եւ զերծ մնալ ինքնագործունեությունից, ավելին, շարժվել ըստ ՀՀ իշխանությունների նպատակահարմարության: Նաեւ իշխանություններն իրենց հերթին պետք է խնդիր ունենան նախագահական ընտրություններից առաջ եվրոպական կառույցների հետ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել:
Փաստորեն, ԲՀԿ-ի տված «խաղերին» ՀՀԿ-ն պատասխանեց նույնատիպ «խաղերով»: Դե բնական է, հո պարտքի տակ չէի՞ն մնալու:
ՀՀԿ-Ն ԷԼ «ԽԱՂԵՐ ՏԱԼ» ԳԻՏԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ