ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉԻ ՓՈԽՎՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՃԻՆ ԶՈՒԳԱՀԵՌ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հանրակրթության բնագավառը մշտապես գտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Գրեթե յուրաքանչյուր ընտանիք այսօր առնչվում է սույն ոլորտին եւ բախվում առկա խնդիրներին: Թեեւ կառավարությունը մեծաքանակ հատկացումներ է կատարում այս ուղղությամբ բարեփոխումներ իրականացնելու համար, այսուհանդերձ, դրությունը մեծամասամբ չի բարելավվում: Բարեփոխումների դանդաղ ընթացքը հակադրություն է ստեղծում իշխանությունների խոսքի եւ ֆինանսական միջոցների հատկացումների միջեւ:
Համաձայն 2011թ. պետբյուջեի ծախսային հատվածի՝ ՀՀ կրթության ու գիտության բնագավառին կառավարության կողմից տրված ֆինանսավորումը կազմել է 106,1 մլրդ դրամ: Սա ապահովել է ծրագրի կատարումը 99%-ով: Միաժամանակ փաստվում է, որ 2010թ. համեմատ կրթության բնագավառի ծախսերը աճել են 8.5%-ով (մոտ 8,4 մլրդ դրամ), ինչը առաջին հերթին պայմանավորված է կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների եւ տարրական ընդհանուր կրթության ծախսերի ավելացումով: Թեեւ կրթության ոլորտի բարելավմանն ուղղված ծախսերը շարունակաբար ավելանում են, բայց վիճակը չի շտկվում հենց առաջին հերթին հանրակրթության ոլորտում:
Նկատենք, որ հաշվետու տարում տարրական, հիմնական եւ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության բնագավառներում հանրակրթական ուսուցման ծախսերը կատարվել են 100%-ով եւ կազմել են 64.5 մլրդ դրամ: Տարրական, հիմնական եւ միջնակարգ ընդհանուր կրթության բնագավառների ծախսերը համապատասխանաբար կազմել են 23.3 մլրդ, 27.8 մլրդ եւ 13.4 մլրդ դրամ: Հետաքրքրական է, որ նախորդ տարվա համեմատ հանրակրթական ուսուցման ծախսերն աճել են ընդամենը 0.8%-ով, որի հիմնական պատճառը, ըստ էության, նվազագույն աշխատավարձի բարձրացումն է: Հիշեցնենք, որ 2011թ. նվազագույն աշխատավարձն այս տարվա պես կրկին բարձրացել էր ընդամենը 2500 դրամով՝ 30 000 դրամից դառնալով 32 500 դրամ: Եւ ո՞ւմ գործն է, թե աշխատող մարդը ինչպես է ապրելու այդքան նվազ գումարով: Ի դեպ, հանրակրթության ասպարեզում աշխատողների աշխատավարձերն այսպես են բաշխվել՝ մանկավարժների միջին աշխատավարձը կազմել է 118 093 դրամ, վարչական անձնակազմինը՝ 176 222 դրամ:
Անդրադառնանք նաեւ առանձին ուղղվածությամբ դպրոցների հանդեպ կառավարության հոգածությանն ու այդ ուղղությամբ կատարած ֆինանսավորումներին: Հարկ է առանձնացնել երաժշտական դպրոցների խնդիրը, որի ուղղությամբ ֆինանսական հոսքերը կազմել են 261,7 մլն դրամ: Այս գումարից շուրջ 7,9 մլն դրամը կազմել է երաժշտական դպրոցներում սովորողների կրթաթոշակը: Այդ հատկացումների հաշվին է ապահովվել հիմնականում Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի գործունեությունը: Ի դեպ, այս ասպարեզի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 7,4 մլն դրամով, որն ուղղվել է 12-ամյա կրթության համակարգի ներդրման հետ կապված՝ մանկավարժների լրացուցիչ աշխատավարձի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապահովմանը: Հատուկ ուղղության կրթության ապահովման շրջանակներում հիշատակենք նաեւ «Երեկոյան ուսուցման ծրագիրը», որի շրջանակներում ֆինանսավորվել են ՀՀ Շիրակի մարզի եւ Երեւան քաղաքի երեկոյան դպրոցները, որոնց տրամադրվել է 44.6 մլն դրամ: Ծախսված գումարի ծավալը 2011թ. համեմատությամբ աճել է 1.7%-ով, ինչն առանձնապես պայմանավորված է աշակերտների թվաքանակի ավելացմամբ:
«Ավագ դպրոցների համակարգի ներդրում» ծրագիրը հանրակրթության բնագավառում եւս դասվում է կարեւորների շարքին: Պետական բյուջեի հաշվետվությունը պարզաբանում է, որ այս ծրագրի իրականացման ուղղությամբ հատկացվել է 51,2 մլն դրամ, որով ապահովվել է ծրագրի 96,1% կատարողական: Ծրագրի շրջանակներում առանձնացվել են 16 դպրոցներ, որոնց համար ձեռք է բերվել 48 լաբորատորիաների վերազինման համար անհրաժեշտ գույքի եւ սարքավորումների լրակազմ՝ նախորդ տարվա 43 դպրոցների համար ձեռք բերված թվով 129 լաբորատորիաների դիմաց: Փաստացի, ծրագրի շրջանակներում 2010թ. հետ համեմատ ծախսերը կրճատվել են 64,2%-ով: Սակայն շարունակվում է անորոշությունը, թե կոնկրետ որ դպրոցների համար է ձեռք բերվել վերոնշյալ գույքի ու սարքավորումների լրակազմը, վերջապես ինչպես է կատարվել այդ գնումների գործընթացը: Ի դեպ, ծախսերի կրճատման հստակ պարզաբանում այդպես էլ տրված չէ:
Ամփոփելով ՀՀ կրթության բնագավառի հանրակրթության բաժնի ծախսային հաշվետվության այս սեղմ հատվածը՝ կարող ենք նկատել, որ շարունակելով մյուս ոլորտների տխուր ավանդույթները՝ կառավարությունը պահպանում է իր գործունեության շուրջ եղած անորոշությունը: Մանրամասն տեղեկությունները գրեթե բացակայում են: Ի վերջո, նույն այդ ծախսային հատվածի վերաբերյալ բյուջետային հաշվետվությունը պետք է հստակորեն սահմանի, թե թերացումներն ինչ պատճառ են ունեցել, ինչով է պայմանավորված եղել շեղումը, որքան է կազմել այն եւ այլն: Մշուշոտ ձեւակերպումներով այսօրինակ հաշվետվությունները նմանվում են հայտարարությունների կույտի, որը տալիս է ընդամենը տեղեկացված լինելու հնարավորություն:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս