ԳԵՏԱՀՈՎԻՏՑԻՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Տավուշի մարզպետարանում կայացած «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը եւ պետական վերահսկողությունը ՀՀ Տավուշի մարզում» միջոցառման ժամանակ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանին հարցրեց, թե մարզի տարածքում փոքր հէկ-երի շինարարության հետ կապված՝ համայնքներից, քաղաքացիներից, կազմակերպություններից ինչ բողոքներ են ստացվել, եւ այդ կապակցությամբ ինչ միջոցառումներ են ձեռնարկվել: Դատախազը հայտնեց, որ «Խաչաղբյուր-2» փոքր  հէկ-ի շինարարության հետ կապված քրեական գործեր հարուցված չեն: Ա. Մանթաշյանի խոսքով՝ դատախազությունում այդ առթիվ 2 բողոք կա: Դրանցից  մեկը  Տավուշի մարզի լրատվական tesankyun.am կայքում զետեղված «Խաչաղբյուր-2»-ին վերաբերող հոդվածն է, որը դատախազությունն ուղարկել է ոստիկանության Իջեւանի բաժին, եւ այն ներկայում նյութերի նախապատրաստման փուլում է: Դատախազը հայտարարեց, որ ճիշտ է՝ նյութերի նախապատրաստման համար օրենքով 10-օրյա ժամկետ է նախատեսված, սակայն այդ ժամկետը բավարար չէ, քանի որ գործով ուսումնասիրություններ եւ փորձաքննություններ պետք է կատարվեն: Դատախազը խոստացավ հետագայում տեղյակ պահել՝ արդյոք այդ նյութերով քրեական գործ հարուցվել է, թե ոչ:
Միջոցառման ընթացքում ելույթ ունենալով՝ Իջեւանի հակակոռուպցիոն կենտրոնի  համակարգող Վահագն Թամրազյանն ասաց, որ «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի ազդակիր համայնքը ոչ միայն Գետահովիտն է, այլեւ Իջեւան քաղաքը, քանի որ Գետահովիտը Իջեւանին կից է, եւ այն կարելի է քաղաքի մի թաղամաս համարել: Հ. Թամրազյանի տեղեկացմամբ` 2 ամիս առաջ իրենց կենտրոնը Գետահովիտ համայնքի բնակիչներից բողոք-դիմում է ստացել, որ փոքր հէկ-ի շինարարության աշխատանքներն արվել են առանց շինթույլտվության, արդյունքում ապօրինի կերպով բազմաթիվ ծառեր են հատվել: Վ. Թամրազյանն ասաց, որ իրենք բնակիչների դիմում-բողոքն ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն:
Դեկտեմբերի 6-ին Գետահովտում «Խաչաղբյուր-2» հէկ-ի կառուցման հետ կապված  հանրային լսումներ էին կազմակերպվել: Գյուղապետարանի քարտուղար Միշա Ուլիխանյանը մեզ հայտնեց, որ գյուղի բնակիչների հետ հանդիպման էին եկել ՀՀ բնապահպանության նախարարության եւ փոքր հէկ-ի մասնագիտական եզրակացությունը ներկայացրած ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Շուրջ մեկուկես ժամ տեւած հանդիպումն անցել է բավական լարված, արդյունքում գետահովիտցիները միաձայն դեմ են արտահայտվել «Խաչաղբյուր-2» հէկ-ի կառուցմանը:
«Այդ հարցում մեր կարծիքը ժողովրդի կարծիքն է»,-ասաց գյուղապետարանի քարտուղարը:
Մեր տեղեկություններով՝ հէկ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէներջի» ընկերությունը դեռեւս մինչ այդ հէկ-ի վրա  աշխատած  բանվորների աշխատավարձը լրիվ չի վճարել: Տեղեկություններ կան, որ հէկ-ի տերերը սպասում են ՀՀ նախագահական ընտրություններին: Դրանից հետո նրանք մտադիր են ավարտին հասցնել կառուցումը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս