«ԵՍ ՆԿԱՏԻ ՈՒՆԵԻ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր զրուցակիցն է «Եզրագծից այն կողմ» հեռուստասերիալում Լորդի կերպարը մարմնավորած դերասան ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ում անվան շուրջ վերջերս ոչ միանշանակ խոսակցություններ եղան` կապված նույն սերիալում նրա կողմից արված արտահայտության հետ. «Հլը էն շամպայնի շիշը բե՛ր, կոխի՛ հետեւը»: Սակայն, ինչպես պարոն Ալեքսանյանը հավաստիացրեց, հեռուստադիտողը նրան սխալ է հասկացել:
-Եթե կրթված մարդ լինի, կհասկանա, որ ես չեմ ասել հետույքը կամ այլ բառ, այլ պարզապես ասել եմ հետեւը, իսկ դա կարող էր լինել ականջի հետեւը, մեջքի հետեւը կամ ոտքի հետեւը:
-Բայց, պարո՛ն Ալեքսանյան, առանց այդ էլ ակնհայտ էր, թե ինչի մասին է խոսքը:
-«Каждый понимает по мере своей испорченности». ով այդպես է մտածել, ուրեմն հետույքային խնդիր ունի կամ իր հետ եղել է, որ այդ բառը լսելուց շոկի մեջ է հայտնվել:
-Վերջին շրջանում նման դեպքերի մասին շատ ենք լսում, ու սցենարի հեղինակն էլ, հավանաբար, սցենարը գրելիս նկատի չի ունեցել ականջի հետեւը:
-Սցենարիստը չի գրել նման բան, ես եմ իմպրովիզ արել: Ասել եմ` բե՛ր, մտցրո՛ւ հետեւը, ու դա կարող է լինել տարբեր տեղեր, ես կոնկրետ բառ չեմ օգտագործել:
-Այնուամենայնիվ, հեռուստադիտողը Ձեզ միայն մի կերպ է հասկացել ու նեղվել է, որ Ձեզ նման դերասանն իրեն այդպիսի արտահայտություն է թույլ տվել:
-Բայց ի՞նչ արտահայտություն:
-Ոչ հարիր, որը դաժանություն ու բռնություն է քարոզում:
-Ո՛չ, ես դաժանություն չեմ քարոզում, ոչ էլ անհարիր է, շատ նորմալ խոսք է: Ինչպես բարոյական օրենքներից զուրկ բառը կրճատ ասում են, «Աստվածաշնչի» մեջ դա է գրված, պոռնիկ բառն էլ, ուրիշ բառեր էլ: Այդ ինչո՞ւ այնտեղ գրված բառերը անհարիր չեն, մեր ասածներն անհարի՞ր դարձան:
Մենք ասում ենք` նման բան կա, ժողովո՛ւրդ, ու չի կարելի այդպես անել: Ցույց ենք տալիս ու պատժում, չէ՞ որ ամեն ինչ փոխաբերական իմաստով է արվում: Ես ուղղակի այդքան ժամանակ ու առողջություն չունեմ, որ նստեմ ազգի կեսին բացատրեմ, թե ոնց կարելի է ֆիլմ կամ ներկայացում նայել ու չընկալել էնպես, ոնց որ կա:
-Լավ, երբ անում էիք այդ արտահայտությունը, ի՞նչ նկատի ունեիք:  
-Ասեմ, ես նկատի ունեի՝ բե՛ր, դի՛ր մեջքի հետեւը, որ քաշելուց շիշը ջարդվի, ու շշի ապակու կտորները մտնեն մեջքը:
-Փաստորեն, այդքան խորը տրամաբանել էր հարկավոր, վստահ եմ՝ շատերն այդքան հեռուն չեն գնացել:
-Դե ես էլ ասում եմ՝ ամեն մարդ իր ձեւով է հասկացել, բայց չէ՞ որ ես ոչ մի հստակ բան չեմ ասել ու բոլորովին այլ մտքով եմ ասել: Ամեն բառն իր նշանակությունն ունի, պետք չէ մի բանը շփոթել մյուսի հետ:
-Անգամ կարծիքներ հնչեցին, թե անթույլատրելի է, որ Նժդեհ խաղացող դերասանը նման բան ասի:
-Դա արդեն չեղավ: Նժդեհ խաղացող դերասանը նախ արտիստ է, իսկ արտիստը հազար տեսակ կերպարներ է ստեղծում, ու ամեն կերպար իր խոսելաձեւն ունի: Չի կարելի բերել ընդհանրացնել: Դա պարզապես դեր է, իմ անձի հետ կապ չունի: Այդ կերպարը կարող է հազար բան խոսել, ու բոլոր ֆիլմերում էլ ավելի ահավոր բաներ են ասում, ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչի էին այդ բառից կպել: Տարբեր ֆիլմերում էլ որ նայում եմ, նույնիսկ հստակ բառերն են շեշտվում, իսկ ինչո՞ւ չկպան դրան, բայց իմ ասածը նրանց աչքին երեւաց: Անգրագիտության աստիճան է, թող ինձ բացատրեն՝ «հետեւը» ինչ է նշանակում: Ով ինչպես ուզում է, այդպես էլ հասկանում է:
-Բայց ստացվում է, որ բոլորս նույն կերպ ենք հասկացել:
-Այնքան մարդ գիտեմ, որ այդպես չի հասկացել, բոլորի անունից ես չեմ կարող խոսել, ու թող ինչ-որ մեկն էլ բոլորի անունից չխոսի:
-Դուք բացասական արձագանքներ չե՞ք լսել:
-Բոլորովին, դա, կարելի է ասել, ամենանուրբ ու խրթին բառն էր, որ օգտագործվեց այդ սերիալի մեջ, իսկ մնացած սերիալներում ինչ ասես՝ ասում են, բայց դրանց վրա բոլորս աչք փակեցինք:
-Պարո՛ն Ալեքսանյան, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ձեզ միշտ բացասական կերպարներն են բաժին հասնում:
-Այդպես է ստացվել, որ ամենայն հայոց բացասական կերպարները ես պետք է կերտեմ (ծիծաղում է-Ե. Ռ.):
-Չե՞ք ուզում մի օր էլ բարի կերպար մարմնավորել:
-Բայց ես այնքան բարի կերպարներ եմ խաղացել, ո՞վ է դրանցից տեղյակ, մենք միայն չարն ենք նկատում: Դրամատիկական թատրոնում՝ Շեքսպիրի «Համլետ» ներկայացման մեջ, Հորացիո եմ խաղում, Մոսկվայում` Տագանկայի թատրոնում, Օթելլո եմ խաղացել:
Հիմա հայ ազգը շատ է նայում արտասահմանյան ֆիլմեր, սերիալներ, իսկ ինչո՞ւ, երբ այնտեղ «ֆաք յու» են ասում, չի ասում իր էրեխուն` մի՛ լսի կամ անջատի՛: Շատ մեծ հաճույքով նստած նայում են: Էլ չեմ ասում՝ ուրիշ ինչ բառեր են ասում: Բայց մենք… մենք շատ ուրիշ ենք, եթե մերն է մի բան ասել, անպայման քննադատենք նրան, լավը չնկատենք: Ի՞նչ է, հեռվից դհոլի ձայնը անո՞ւշ է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս