Արդարադատության նախարարն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին  ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Նախարարը  շնորհավորել է դեսպանին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ  ՀՀ-ում նստավայր ունենալն առավել կնպաստի  Ճապոնիայի կառավարության  և ՀՀ-ի  համատեղ իրականացվելիք ծրագրերի  դյուրացմանը:

Հյուրի խնդրանքով նախարարը  պարզաբանել է ՀՀ-ում սահամանդրական բարեփոխումներին  առնչվող  մի շարք հարցեր՝  մասնավորեցնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքներին, ինչպես նաև պետական կառավարման ձևին  վերաբերող հիմնական մոտեցումները:

Ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության ծրագրային առաջնահերթությունները՝ նախարարն  անդրադարձել է նաև իրականացվելիք դատաիրավական բարեփոխումներին:

Կողմերը քննարկել են  էլեկտրոնային եղանակով մատուցվող  հանրային ծառայություններին, պետական կառավարմանը հասարակության մասնակցությանը,  անձնական տվյալների պաշտպանության համակարգի ձևավորմանն  առնչվող հարցեր:

Զրույց է ծավալվել հաշտարարության ինստիտուտի և վեճերի լուծման այլընտրանքային այլ եղանակների ներդրման և արդյունավետ կիրառմանը վերաբերող մոտեցումների շուրջ:

Հանդիպման ավարտին դեսպան Տագուչին հավաստել է  Ճապոնիայի կառավարության համագործակցության  պատրաստակամությունը՝ հույս հայտնելով, որ արդյունքները կնշմարվեն առաջիկայում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս