Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի ներկայացրած հայցով դատական նիստը այսօր հետաձգվեց: Պատճառը այն է, որ օրաթերթը գործին է ներգրավել փաստաբանի` Տիգրան Ավետիսյանին: Վերջինս միջնորդեց դատարանին գործի նյութերին ծանոթանալու և նախապատրաստվելու համար իրեն ժամանակ տրամադրել:
Նատենք, որ որպես կանոն դատարանը նման միջնորդությունները չի մերժում, և պրակտիկան ցույց է տալիս, որ նախապատրաստվելու համար դատարանը միջինը 2-3 շաբաթ է տրամադրում փաստաբանին:
Սակայն այս գործով նիստը նախագահող դատավոր, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը որոշեց, որ նախապատրաստվելու համար փաստաբանին 1 շաբաթը բավական է և հաջորդ նիստը նշանակեց հուլիսի 14-ին, որի ընթացքում էլ, ըստ երևույթին, տեղի կունենա նախնական դատական նիստ:
Փաստաբանին ընդամենը մեկ շաբաթ տրամադրելու հանգամանքը Armlur.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի գնահատմամբ նախագահողի շտապողականությամբ է պայմանավորված. «Դատարանը շտապում է ավարտել այս գործը: Իսկ դա լինում է միայն այն դեպքում, երբ հրահանգն իջեցված է, նախապես կանխորոշված է` ինչ վճիռ է սպասվում: Ձևական դատավարություն կանեն, արագ-արագ ինչ-ինչ գործողություններ կիրականացնեն»:
Նշենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր այն պատճառով, որ խնդրո առարկա հրապարակման հեղինակ Սյուզան Սիմոնյանը դատարանից հայցադիմումն ուշ էր ստացել և չէր հասցրել գրավոր պատասխանն ուղարկել: Ստացվում է դատարանն ի սկզբանե շտապում է այս գործն ավարտին հասցնել:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ: Ռ. Խաչատրյանը դատարանից խնդրել է պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթում և hraparak.am կայքում հրապարակել «Հանրությունն ուզում է իմանալ» և «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածների վերաբերյալ իրենց պատասխանը, պարտավորեցնել հերքել հոդվածում տեղ գտած, իրենց գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող փաստեր պարունակող և զրպարտող արտահայտությունները:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ հոդվածներում մասնավորապես նշվում է, թե Ռուզաննա Խաչատրյանը տարիներ առաջ վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան, վթարի մասնակից դարձել, իսկ, որ ամենակարևորն է, վթարը մահվան ելքով է եղել: