ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ռազմիկ Փանոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանին:

Զրույցի ընթացքում նախարարը հյուրին տեղեկացրեց վերջերս Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում բացված հայկական վարժարանի մասին, որին ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետեր Հովիկ Աբրահամյանը  և Մանյուել Վալսը,  Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը, խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ Հայաստանից, երկու երկրների դեսպանները, Ալֆորվիլի քաղաքապետը, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, սրբազան հայրեր:

Ռազմիկ Փանոսյանը, կարևորելով Սփյուռքում նոր դպրոցների ստեղծումը, նշեց, որ մեծապես հետաքրքրված է հայ մանուկների և երիտասարդների կրթության հարցերով և այդ նպատակով մասնակցել է Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովին, որին ներկա էին հայոց լեզվի և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ: Քննարկման գլխավոր թեման առնչվում էր հայոց լեզվի, մասնավորապես արևմտահայերենի ուսուցումը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Նա նշեց, որ գիտաժողովի ընթացքում քննարկվել է արևմտահայերեն գրագրության ծրագիր ստեղծելու գաղափարը:

Նախարար Հակոբյանը ողջունեց այդ գաղափարը, կարևորելով հայոց լեզվի պահպանման և հայրենաճանաչության խնդիրները: Նա առաջարկեց գիտաժողովում ներկայացված ծրագրերը համատեղ քննարկել և մասնագիտական եզրակացություններ տալ, թե դրանցից ո՞րն նպատակահարմար կյանքի կոչել:

Նախարարը հյուրին ներկայացրեց նաև Սփյուռքի նախարարության կողմից իրականցվող «Ամառային դպրոց», «Արի տուն», ինչպես նաև արևմտահայերենից  արևելահայերեն և հակառակը փոխարկիչ ծրագրերը (www.translator.am, ISMA լեզվային ծառայությունների համացանցային ծրագիր), որոնց նպատակը սփյուռքահայության համար հայոց լեզվի ուսուցման ու հայրենաճանաչության ապահովումն է:

Երկուստեք շեշտվեց, որ ուծացման վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է կիրառել ժամանակակից հնարավորություններ և տեխնոլոգիաներ, որոնք ընկալելի և ընդունելի լինեն նոր սերնդի համար:

Քննարկվեց նաև Հայաստանի ԲՈՒՀ-երում սփյուռքագիտությամբ զբաղվող ուսանողների համար կրթաթոշակ հիմնելու և նրանց ուսումն ավելի արդյունավետ դարձնելու հնարավորությունները:




Լրահոս