«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հանրության լայն շերտերին հայտնի է նրանով, որ երբեք չի հրաժարվում տարբեր տեսակի պատվերներով դատական ակտեր կայացնելուց: 2000-ականների սկզբին, երբ նա նոր էր դատավոր նշանակվել ու դեռեւս քրեական գործեր էր քննում, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ գործադրելու քաղաքական պատվերների մեծ մասը հենց նրան էին հանձնարարում: Բայց մի օր նա որոշեց այլեւս քրեական գործեր չքննել, այլ զբաղվել քաղաքացիական հայցերով, չէր խորշում անգամ լրագրողների հետ մասնավոր զրույցներում հպարտանալ, որ ինքը հանգիստ է ապրում, քանի որ ստիպված չի լինում կեղտոտ գործերի մեջ խառնվել՝ անկախ իր կամքից: Սակայն կյանքը ցույց տվեց, որ կապ չունի, թե դատավորն ինչ մասնագիտացում ունի: Եթե մարդը պատվեր կատարող է, ապա դա ամբողջ կյանքի համար է, իսկ պատվիրատուներ միշտ էլ կգտնվեն:
Ի դեպ, Ռուբեն Ներսիսյանի մասին պատմում են, որ նա գինովցած վիճակում, երբեմն նաեւ սթափ վիճակում, աշխատասենյակում սիրում է ադրբեջանական մուղամ լսել: Բայց մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե դատավոր Ներսիսյանի մոտ մուղամ լսելու ցանկություն ե՞րբ է առաջանում` հերթական պատվերով վճիռ կայացնելո՞ւց հետո, թե՞ պատվերազուրկ շրջանում: Բանն այն է, որ մուղամ լսելու սովորության մասին լուրերը Ռուբեն Ներսիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որակեց որպես անհեթեթություն: Բայց, դե, նման կենսագրություն ունեցող դատավորի դեպքում անհնար է պարզել, թե երբ է նա ճշմարտությունն ասում: Հետաքրքիր է՝ ադրբեջանական մուղամից հետո հանուն Հայաստանի Հանրապետության վճիռ կայացնելու համար ի՞նչ հոգեվիճակ է հարկավոր մարդուն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: