ՄԵՀՐԱԲՅԱՆԸ ԹԵՐԱՑԵԼ Է, ԲԱՅՑ ԷԼԻ ՉԻ ՊԱՏԺՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեռեւս 2011թ. հունիսին “Ժողովուրդ”-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանությունում դրված է Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի պաշտոնանկության հարցը: Նշել էինք, որ Ա. Մեհրաբյանը, հնարավոր է, պատիժ կրի հարազատ քեռորդու՝ Ստեփան Սիմոնյանի պատճառով, որը ձերբակալվել էր հուլիսի 14-ի գիշերը՝ կաշառք վերցնելու կասկածանքով: 
Ի դեպ, սա Ա. Մեհրաբյանի միակ խայտառակությունը չէ: Երբ նա Կենտրոնի ոստիկանապետն էր, հրաժեշտ տվեց այդ պաշտոնին, քանի որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը բացահայտեց Մեհրաբյանի  եւ դատական դեպարտամենտի պետ Միսակ Մարտիրոսյանի խորհրդական Ալեքսանդր Անդրեասյանի արած ծածկադմփոցը: Հիշեցնենք, որ Կենտրոնի նախկին դատախազ Անդրեասյանի որդին կռիվ էր արել, իսկ ոստիկանապետ Մեհրաբյանը թաքցրել էր հանցանքը: Արդյունքում՝ 2009թ. մարտին Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից հեռացված Ա. Մեհրաբյանը նշանակվեց Արաբկիրի, վերջերս էլ՝ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, սակայն օրերս կրկին ազատվեց աշխատանքից՝ ուղարկվելով կադրերի տրամադրության տակ: 
“Ժողովուրդ”-ը զրուցեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ՝ պարզելու, թե այս անգամ կոնկրետ ինչի համար է Ա. Մեհրաբյանը պաշտոնանկ արվել:
-Պարո՛ն Նազարյան, փաստորեն, Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը կրկին պաշտոնանկ արվեց կրկին նույն պատճառաբանությամբ. հանցագործություն է թաքցրել: Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու է նա անընդհատ վերանշանակվում ոստիկանապետ: 
-Բայց Դուք ի՞նչ գիտեք, թե ինչի համար է հանված կամ ինչ է արված:
Մշտապես Մեհրաբյանը պաշտոնանկ է արվում հանցագործություններ թաքցնելու համար եւ այս անգամն էլ կարծես “բացառություն” չէր:
-Դե եթե Դուք արդեն որոշումը կայացրել եք, արդեն լրիվ գիտեք, այդ դեպքում ինչի՞ համար եք ինձ հարցնում: Ես կարող եմ ասել, որ ընդամենը կադրերի ռեզերվ է ուղարկվել: Ի վերջո, դա նախարարի որոշումն է, նախարարն է որոշում, եւ հետագայում էլ նախարարը կորոշի՝ ինքը կաշխատի, թե չի աշխատի: Իհարկե, սխալներ եղել են Արաբկիրում: Մինչեւ քննության ավարտը նա կմնա կադրերում, որից հետո էլ որոշումը կկայացվի: Իհարկե, սխալներ է թույլ տրվել եւ անհիմն չի հանված, եւ նախարարը ճիշտ որոշում է ընդունել, մինչեւ գործի քննությունը կավարտվի:
-Նշեցիք, որ “սխալներ է թույլ տրվե”, այդ իսկ պատճառով Մեհրաբյանին կադրերի ռեզերվ են ուղարկել, խնդրում եմ նշել, թե կոնկրետ ինչ սխալի մասին է խոսքը: Դուք ժամանակին հայտարարել էիք նաեւ, որ Ա. Մեհրաբյանը թույլ է տվել վրիպում, բայց կրկին ներվեց:  
-Թերացումներ կան Արաբկիրի բաժնում, իսկ քննության ընթացքում պարզվել է, որ իսկապես ահագին բացթողումներ, սխալներ կան, հիմա ռեզերվում է, իսկ քննությունից հետո իր մեղքը կորոշվի, թե որքանով է Արաբկիրի ոստիկանապետ եղած ժամանակ նա իր գործում թերացել:
-Բայց նշվում է, որ շուրջ 90 հանցագործություններ թաքցնելու համար է Մեհրաբյանը պաշտոնանկ արվել, որքանո՞վ են հավաստի այդ տեղեկությունները:
-Եթե նման բան ասում են, ու Դուք էլ հավատում եք… Կան ընդամենը մի քանի դեպքեր հայտնաբերված, ես այժմ չեմ կարող անհատական ասել, հազար դեպք է լինում: Բայց տենց 90-100 հատ, տենց որոշումներ… չկա: Սա աշխատանքային առօրյա է, պետք չէ այդպես նայել ամեն ինչին: Իհարկե, սխալներ էլ են ունենում, բացթողումներ էլ են լինում, պատժվում են էլ, իրենց սխալներն էլ են ընդունում, հետո էլ նշանակում էլ են լինում: Չի կարող միատարր, առանց սխալների աշխատանք լինել: Իսկ ընթացքի մասին Դուք հետագայում կիմանաք:
Հ.Գ. Կադրերի տրամադրության տակ գտնվող Արթուր Մեհրաբյանի “գործն” այժմ հատուկ քննչական ծառայությունում է, ու դատելով նախկինում նրա նկատմամբ ցուցաբերված “դատախազական” վարքագծից՝ կարելի է կանխատեսել, որ այս անգամ եւս “կպլստա”: Անհասկանալի հանգամանքներում Մեհրաբյանը մշտապես հովանավորներ է գտնում ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ դատախազությունում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս