«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանական կայքերի անվարձահատույց (իսկ միգուցե, լավ էլ վարձահատույց) կամավոր թղթակից դարձած կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը քնեց-զարթնեց եւ որոշեց պայքարել… արդեն 24 տարի գոյություն չունեցող պետության` Խորհրդային Միության դեմ: Նա մասնավորապես գրել է. «Բաղրամյան պողոտան փակելով` հայ երիտասարդությունը գրավեց ազգի ու նաեւ աշխարհի ուշադրությունը: Սակայն հաղթանակի հասցեն Բաղրամյան պողոտան չէ, ոչ էլ դրա վրա կանգնած նախկին կոմկուսի դղյակները` ԱԺ եւ նախագահական նստավայրերով:
Մեր կռիվը ոչ թե լույսի գնի, այլ հենց լույսի ու հույսի համար է: Մեր թիրախը ոչ թե Բիբինն է` իր ՀԷՑ-ով, ու անգամ ոչ Սերժը` իր ԱԱԾ-ով, մեր իսկական թշնամին մեռած ու չթաղած Սովետն է ու նրա կրեմլյան որջը:
Մինչեւ որ դա չհասկանան հայ ազգի լայն զանգվածները, մենք շարունակելու ենք 7-դրամանոց պայքարը հողմաղացների եւ ջրցան մեքենաների դեմ: Հրեշը դրանց ետեւում է, քույրեր ու եղբայրներ»: Իսկ թե ինչպիսին է շարունակությունը` դա արդեն այն աստիճանի մարազմատիկ է, որ դա պետք է վերլուծեն ոչ թե մեր ընթերցողները, այլ Ռոբերտ Քոչարյանի ասած` «ուրիշ մասնագետները»: Ուղղակի,Խզմալյանի բորբոքված ուղեղի արգասիքը հերթական անգամ հիշեցնում է, որ գժերի տեղը գժանոցներն են, այլ ոչ թե Երեւանի փողոցները: Առավել եւս` նրանց, ովքեր նաեւ ադրբեջանասիրության սինդրոմով են տառապում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: