Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով կրքերը չեն հանդարտվում: Բանն այն, որ մարզպետի դեմ մահափորձը կատարելու համար կալանավորվել էին 4 անձ, որոնց պաշտպաններն այս օրերին խիստ մտահոգված են նրանց ընտանիքների անվտանգության հարցով:
Հիշեցնենք, որ կալանավորված անձինք են Սյունիքի մարզի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը, Հենրիկ Ավագյանը եւ 2013-ին մարզպետի տան մոտ սպանված, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արա Բուդաղյանը:
Կալանավորումից հետո Հենրիկ Ավագյանի պաշտպան Սուզաննա Խչեյանն ասել էր, որ իր պաշտպանյալից որոշակի տեղեկություններ է ստացել եւ պետք է միջնորդություն ներկայացնի, որպեսզի Հենրիկի կնոջ, ծեր մոր եւ երկու աղջիկների համար պաշտպանության միջոց կիրառեն, քանի որ մտավախություններ կան: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ըստ Էության, երբ Հենրիկը խոստովանել է՝ հենց ինքն է եղել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակողը, դրա համար էլ անհրաժեշտություն է առաջացել, որ նրա ընտանիքի անդամները մարզպետի հնարավոր ոտնձգություններից պաշտպանվեն: Սակայն նկատենք, որ մարզպետի շրջապատը, մինչ Հենրիկ Ավագյանի ընտանիքի անդամներին հասնելը, հարձակումը սկսեց այս գործով կալանավորված Գարեն Աթաջանյանի ընտանիքից:
Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ժամը 03-ի սահմաններում հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ կատարված մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները:
Քննություն իրականացնող մարմնի տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանն է եղել դռներն ու ապակիները կոտրողը, որին բերման էին ենթարկել ոստիկանություն, իսկ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակել:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մարզպետի մտերիմ շրջապատը գործի է անցել՝ փորձելով վրեժխնդիր լինել Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի համար: Ի դեպ, վրեժ լուծելու մասին ակնարկներ է արել նաեւ հենց ինքը՝ Զարզանդ Նիկողոսյանը: Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ գնալով այս քայլին՝ ցանկացել է հաղորդագրություն ուղարկել կալանավորված Գարեն Աթաջանյանին. «Լավ եմ արել, պիտի մի քանի գլուխ ջարդեի, մի քանի ապակի եմ ջարդել»:
Ինչևէ, ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ իր ընտանիքը անվտանգ է, իսկ ինքը մարզպետի մտերիմներին մի խորհուրդ կտա միայն՝ պահպանել հանգստություն .«Իմ հերն անմեղ է եւ կապ չունի այս ամենի հետ, կքննեն ու նրան ազատ կարձակեն, միայն այսքանը կարող եմ ասել: Իսկ մենք մարզպետի հետ որեւէ խնդիր երբեւէ չենք ունեցել, պահպանե՛ք հանգստություն»:
Քնար Մանուկյան