Ումի՞ց է վախենում փաստաբանը` զլանալով խոսել իր դեմ կայացված որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Փաստաբանների պալատի խորհուրդը քննելով քաղաքացի Էմմա Կիրակոսյանի դիմումի հիման վրա հարուցված թիվ ԿԳ-15021 կարգապահական գործը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմեն Ումրշատյանին:

Armlur.am-ը Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ փաստաբանը մեղավոր է ճանաչվել Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2., 3.1.8 և 3.5.5. ենթակետերի խախտումների համար, իսկ որպես տույժ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է դադարեցնել Արմեն Ումրշատյանի փաստաբանական գործունեությունը:

Տեղեկացնենք, որ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.7.2 ենթակետի համաձայն` փաստաբանը պարտավոր է վստահորդին բարեխիղճ իրավական օգնություն ցույց տալ իր մասնագիտական կարողությունների սահմաններում, ինչը ենթադրում է իրավունքի համապատասխան ճյուղի իմացություն, վստահորդի հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքների ուսումնասիրություն, հանձնարարության պատշաճ կատարման համար անհրաժեշտ գործողությունների կատարում:

3.1.8 ենթակետը սահմանում է, որ փաստաբանն իրավական օգնություն ցույց տալու հանձնարարությունը չպետք է ընդունի, եթե զբաղվածության կամ որևէ այլ պատճառով չի կարող ապահովել հանձնարարության բարեխիղճ և ժամանակին կատարումը:

3.5.5 ենթակետի հատկանիշների համաձայն, փաստաբանը պարտավոր է ժամանակին, գիտակցաբար և ջանասիրաբար խորհուրդ տալ և պաշտպանել իր վստահորդին և հանդես գալ նրա անունից։

Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Ումրշատյանը նշեց, որ ինքը համաձայն չէ Պալատի խորհրդի որոշման հետ և բողոքարկելու է այն. «Գոյություն ունի բողոքարկման կարգ, որից կօգտվեմ, դատական ատյաններում կքննվի, կկայացվի որոշում: Այս պահին քաղաքացու հետ իմ դեմ արված հայցադիմումով գործ է քննվում դեռևս առաջին ատյանում: Դե, խորհուրդը որոշել է, լավ է արել, ես էլ կբողոքարկեմ»:

Նշենք, որ Արմեն Ումրշատյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է Փաստաբանների խորհրդի թիրախում: Դեռևս 2011 թվականին Ա. Ումրշատյանը կարգապահական տույժի էր ենթարկվել, որպես տույժի տեսակ նշանակվել էր նկատողությունը:

Փաստաբանի դեմ բողոք են ներկայացրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Հարթուն Նուրավիանին և Վարիա Բողոս Ջամեհին: Նրանք հայտնել են, որ փաստաբանին վճարել են 10 հազար դոլար, սակայն դրա դիմաց որևէ ծառայութուն չեն ստացել:




Լրահոս