Գյումրեցի ակտիվիստները պահանջում են կարճել Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրգործը. նրանք ժամանակ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոսանքի թանկացման դեմ Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցները հաղորդագրություն են տարածել: Նրանք պահանջում են անհապաղ կարճել ակցիայի մասնակից Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` հակառակ դեպքում նրանք պատրաստվում են դիմել քաղաքացիական անհնազանդության:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մենք՝ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ Գյումրու խաղաղ նստացույցի
մասնակիցներս, շարունակում ենք մեր մտահոգությունը հայտնել նստացույցի
մասնակից Կարեն Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու
քաղաքական որոշման նկատմամբ և համարում այս գործընթացը սադրանք
քաղաքացիական պահանջով իրենց բողոքն արտահայտող ՀՀ յուրաքանչյուր
քաղաքացու նկատմամբ:

Անմիջական մասնակից լինելով հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած
գործողություններին ևս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր իրավասու
մարմիններին ցուցաբերել խոհեմություն և անհապաղ կարճել տնտ.գ.թ., դոցենտ
Կարեն Պետրոսյանի նկատմամբ հարուցած շինծու քրեական գործը՝ խուլիգանության
մեղադրանքով: Գնահատելով սույն գործընթացում ներգրավված անձանց ջանքերը
և անսալով Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել եպս. Աջապահյանի հորդորին՝ պատրաստակամ ենք ևս մի քանի օր անցկացնել կարճման որոշման սպասման մեջ:

Խորհրդակցելով գործում ներգրավված փաստաբանի հետ՝ փաստում ենք, որ այդ սպասումը չի կարող ավելի երկար լինել, քան ս.թ. հուլիսի 14-ը: Այդ ընթացքում լուծումներ չտեսնելու դեպքում մեզանից յուրաքանչյուրն այլևս իրեն ազատ է համարում խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած նման ահաբեկչական քայլերին արձագանքել իրավական պաշտպանության լուրջ գործընթացով՝ զուգորդված բողոքի արտահայտման խիստ օրենքով չարգելված քաղաքացիական ու բարոյական ճնշումների բազմազան գործողություններով:

Ավելի լավ Հայաստանի ակնկալիքով
Գյումրու խաղաղ նստացույցի մասնակիցներ»:




Լրահոս