Պաշտոնական վիճակագրության մեջ կան մի քանի տվյալներ, որոնց արժանահավատությունը քիչ կասկածի տեղիք է տալիս, քանի որ այդ թվերը միայն ՀՀ գերատեսչություններում չեն արձանագրվում: Ուստի դրանք խեղաթյուրելը կամ ուռճացնելը կարող է միջազգային սկանդալի պատճառ դառնալ: Այդպիսի տվյալներից են արտաքին առեւտրի ցուցանիշները:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը նախօրեին հրապարակել է այս տարվա առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները: Ըստ այդմ, տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանից արտահանումը կազմել է 488 միլիոն 682 հազար 100 դոլար՝ անցած տարվա 576 միլիոն 267 հազար դոլարի դիմաց, անկումը կազմել է 87 միլիոն 584 հազար 900 դոլար, կամ նույնն է, թե 15,2 տոկոս: Նշենք, որ արտահանման անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ կրճատմամբ: Մասնավորապես, եթե անցած տարի Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 106 միլիոն 869 հազար 800 դոլարի ապրանք, ապա այս տարի այդ թիվը կազմում է 3 միլիոն 593 հազար 900 միլիոն:
Ընդհանուր ԱՊՀ երկրներ ՀՀ-ից արտահանումն այս տարվա հինգ ամիսներին կազմել է 15 միլիոն 693 հազար 300 դոլար՝ անցած տարվա 123 միլիոն 695 հազար 600 դոլարի դիմաց, անկումը կազմել է 87,3 տոկոս: Դեպի Եվրոպական միության երկրներ արտահանումը եւս այս տարի նվազել է, բայց ոչ այդքան նշանակալի: ԵՄ երկրներ արտահանումն այս տարի կազմել է 182 միլիոն 464 հազար 800 դոլար` անցած տարվա 194 միլիոն 300 հազար 700 դոլարի համեմատ: Այստեղ անկումը կազմում է 6,1 տոկոս:
Նշենք, որ ներմուծումը եւս նվազել է 38 տոկոսով: Անցած տարվա հինգ ամիսներին Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 725 միլիոն 292 հազար 500 դոլարի ապրանք, իսկ այս տարի` 1 միլիարդ 70 միլիոն 180 հազար 700 դոլարի: Ներմուծման ծավալների անկման շնորհիվ արտաքին առեւտրի բացասական մնացորդն անցած տարվա համեմատ կիսով չափ նվազել է: Այս հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի բնակչության գնողունակության կտրուկ անկման մասին: Այն փաստը, որ ներմուծման անկումը անհամեմատ ավելի մեծ է, քան արտահանման եւ տրանսֆերտների արդյունքում Հայաստան եկող գումարների ընդհանուր չափը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտերկրից եկող գումարների մի մասն էլ սովորաբար գալիս է կանխիկի տեսքով, այսինքն՝ արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները գումարներն իրենց հետ են բերում կամ հարազատներից մեկի հետ ուղարկում: Այս գումարները սովորաբար պաշտոնական վիճակագրությունում չեն արձանագրվում: Բայց կասկածից վեր է, որ դրանք եւս կտրուկ նվազել են, ինչի արդյունքում էլ ներմուծման ցուցանիշներն անկում են գրանցում:
Մեկ ուշագրավ տվյալ եւս. ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա առաջին հինգ ամսիներին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են 4,5 տոկոսով: Մի կողմ թողնենք այն փաստը, որ եթե 5 տոկոսանոց գնաճը հանում ենք, ապա արդյունաբերական արտադրանքի ծավալների աճից բան չի մնում: Առավել ուշագրավ է այն փաստը, որ այդ ցուցանիշը հնարավոր է եղել ստանալ միայն հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման արդյունքում ստացված արտադրանքի ծավալների 32 տոկոս աճի պայմաններում: Իսկ, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությունը Հայաստանի արդյունաբերության հիմնական ճյուղերից է:
Մեր երկրի մշակող արդյունաբերության ճյուղում արտադրանքի ծավալները նվազել են 1,3 տոկոսով, կամ նույնն է, թե շուրջ 4 միլիարդ դրամով: Այս տարվա առաջին հինգ ամիսներին ընդհանուր առեւտրի շրջանառությունը նվազել է 8,6 տոկոսով, որից մանրածախ առեւտուրը նվազել է 6,9 տոկոսով, մեծածախ առեւտուրը` 11,3 տոկոսով, ավտոմեքենաների առեւտուրը՝ 10,7 տոկոսով:
Որպես վերը բերված թվերի ամփոփում՝ նշենք, որ պաշտոնական վիճակագիրները այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով արձանագրել են 2,7 տոկոս տնտեսական աճ: Կարծում ենք՝ անիմաստ է փորձել հասկանալ, թե ինչպես են նրանք այդ ցուցանիշը ստացել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ»
Այսօր հայրենի կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստին արտահերթ կարգով «բերման են ենթարկվում» նաեւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկու օր է՝ զանգահարում են ՀՀԿ-ական պատգամավորներին եւ պահանջում տարբեր երկրներում անցկացվող հանգիստը թողնել ու շտապ վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու կառավարության հրավիրած նիստին: Պատգամավորները ստիպված են տուրք տալ «ճնշումներին», քանի որ գործադիրը մտադրություն ունի վարկային համաձայնագիր վավերացնել:
ՉՎԵՐԹԸ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ երեկվանից այլեւս չի գործում Երեւան-Վարշավա-Երեւան ավիաչվերթը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Լոթ» ընկերությունը, որը սպասարկում էր նշված չվերթը, ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Ընկերության տնօրինությունը որոշում է կայացրել դադարեցնել նշված չվերթը: Մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը փորձում է «Լոթ» ընկերության տնօրեն Աղվան Գրիգորյանից պարզել, թե ինչ խնդիրներ ունի իր ղեկավարած ընկերությունը: Մեր հեռախոսազանգերին պատասխանում են նրա աշխատակիցներն ու հայտարարում, որ Աղվան Գրիգորյանը շատ զբաղված է կամ խորհրդակցություն է անցկացնում: Երկու օր շարունակ «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձում է ճշտել նաեւ ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանից: Վերջինս եւս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին նա էլ Հայաստանում չէ:
ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վաղը՝ հուլիսի 3-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ուրախ Ֆեյերվերկ» ընկերությանը հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առեւտրի նպատակով տրված լիցենզիան կդադարեցնի (ըստ որոշ տեղեկությունների՝ ոչ եկամտաբեր բիզնեսի պատճառով): Տեղեկացնենք, որ ֆինանսների նախարարությունը այս ընկերությանը լիցենզիա է տվել դեռեւս 2005 թվականի հունիսի 23-ին: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ընկերության հետ, սակայն աշխատակիցը, ով ներկայացավ Աշոտ, ասաց, որ իրենք այլեւս չեն զբաղվելու այդ գործով: Իսկ թե ինչն է պատճառը, ընկերության աշխատակիցը հրաժարվեց մանրամասնել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐՈՎ
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Մեդվեդեւն ու Աբրահամյանը քննարկել են հայ – ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ հունիսի 25-26-ը Երեւանում կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության հարցերով տնօրեն Նիք Գըրին:
ԱԳՐԵՍԻՎ ՊԱՅՔԱՐՈՎ
«Բաղրամյանից այդ պայքարը պետք է շարունակվի դեպի այլ փողոցներ, քանի որ ագրեսիվ պայքարով են ինչ-որ բանի հասնելու: Ի՞նչ վնասներ ենք կրում, որ դրանք փակվում են, տարիներով անորակ ասֆալտապատում են անում եւ ամիսներով փողոցները փակում են»,- երեկ հրավիրած ասուլիսում ասել է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ով Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հասկացել է, որ աուդիտից հետո ոչինչ չի փոխվելու: «Համբերության բաժակը լցվել է, եւ ոչ մի լավ բան չկա»։ Ռեժիսորն առաջարկել է կա՛մ չվճարել գումարը, կա՛մ քաղաքի բոլոր հաշվիչները փչացնել:
ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ
Ռուսաստանի պատվիրակությունը չի մասնակցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հելսինկիում կայանալիք նստաշրջանին: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա հայտնել է, որ ՌԴ պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիստին, որը կկայանա Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆինլանդիայի ԱԳՆ հայտարարել է, որ Նարիշկինին չեն թույլատրի մուտք գործել երկիր՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանին:
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
Բաղրամյան պողոտայում արդեն երկու օր է` հացադուլ են սկսել երկու երիտասարդ՝ պահանջելով հոսանքի թանկացման որոշման չեղարկում: Նրանցից մեկը armlur.am-ին ասել է, որ ջրցան մեքենայով ցույցը ցրելուց հետո իրենք միացել են բողոքի այս ակցիային: Իսկ հարցին` հավաքվածները սատարում են իրենց հացադուլը, երիտասարդը պատասխանել է. «Ոչ բոլորն են սատարում: Գնում, գալիս, մեր մոտ հաց են ուտում»: Հացադուլ հայտարարածները հստակ ժամկետ չեն նշում, թե երբ այն կդադարեցնեն:
ԴԵՂԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է
Շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 1-ին Երեւանի եւ մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել է «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղը:
ԷԼԻ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
երեկ Բաղրամյան պողոտան բավականին մարդաշատ էր: Այնտեղ էին նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ազատամարտիկներ, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները: Նրանք հանրային քննարկում էին իրականացնում: Հավանաբար այդ մարդաշատության պատճառով երեկ ոստիկանները կրկին ագրեսիվ էին տրամադրված: Մասնավորապես երեկոյան ոստիկանությունը հայտարարություն տարածեց` կրկին կոչ անելով ազատել Բաղրամյան պողոտան եւ զգուշացնելով, որ. «Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»: