ԴԱՏԱՎՈՐԸ՝ ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ ռուսական կողմը համաձայնել է Հայաստանի իրավապահներին հանձնել գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործը: Այսպիսով, որոշվել է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Իսկ ո՞վ կդատի Պերմյակովին:

Ինչպես հայտնել էինք՝ համակարգիչն է ավտոմատացված կարգով ընտրում դատավորներին՝ ըստ գործերի: Բայց այս դեպքում անհրաժեշտ կլինի նախ եւ առաջ քաղաքական որոշում, քանի որ Պերմյակովը սովորական հանցագործ չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, այս գործով դատավոր կնշանակվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը:
-Պարո՛ն Գրիգորյան, իշխանական վերնախավում քննարկում են, թե ով կլինի գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործը նախագահող դատավորը: Եվ ամենահավանական թեկնածուներից մեկը Դուք եք: Առաջարկ ստացե՞լ եք:
-Չգիտեմ՝ վերնախավում ինչ քննարկումներն են գնում, համենայնդեպս, այստեղ քննարկումներ չի լինում, իսկ գործերն էլ էլեկտրոնային մակագրությամբ եմ ստանում եւ որ գործը ստանում եմ, նա էլ քննում եմ:
-Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մարզերում էլեկտրոնային համակարգը դեռեւս չի գործում:
-Շիրակի մարզում արդեն տեղադրված է, համակարգչային մակագրությամբ համակարգիչն է որոշում, որ գործը որ դատավորը պետք է քննի:
-Միգուցե շատ դեպքերում համակարգիչն է ընտրում, բայց այս դեպքում հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու աղմուկը՝ գուցե «համակարգիչը Ձեզ ընտրի»: Կհրաժարվե՞ք:
-Գիտեք, ինձ ոչ ոք չի ստիպել, որ ես գամ, դատավոր աշխատեմ: Ես իմ կամքով եմ եկել, իսկ արդարադատություն իրականացնելուց հրաժարվել չի թույլատրվում, դա օրենքի պահանջն է, որ օրը չեմ ցանկանա գործ քննել, ապա դիմում կգրեմ Հայաստանի Հանրապետության նախագահին եւ կխնդրեմ իմ լիազորությունները դադարեցնել:
-Այսինքն՝ որեւէ մտավախություն չունե՞ք այդ գործը վերցնելու մասով:
-Կրկնում եմ՝ որ պահին չուզենամ աշխատել, դիմում կգրեմ հանրապետության նախագահին, կխնդրեմ, որ իմ լիազորությունները դադարեցնի: Ոչ մի դատավոր իրավունք չունի արդարադատություն իրականացնելուց հրաժարվի, իր անձնական վախը դատավորը թող թողնի իրենց տանը:
-Օրինակ՝ երբ փաստաբան Թամարա Յայլոյանը ստանձնել էր ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը, լսել էր, թե Պերմյակովը ինչպես էր հասել Ավետիսյանների տուն, ինչպես էր մտել ներս, չէր կարողացել զսպել հուզմունքը, եւ հուզական վիճակը հնարավորություն չէր տվել շարունակելու սկսած գործը. նա հետագայում հրաժարվեց պաշտպանել Պերմյակովին: Միգուցե Ձեր դեպքում էլ հուզական ինչ-որ խնդիրներ առաջանան՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը. մի ընտանիքի է նա սպանել:
-Փաստաբանի գործունեությունը այլ է, դատավորինը՝ այլ: Երբ նշանակվել եմ դատավոր, գիտակցել եմ, որ ՀՀ-ում քրեական գործերով դատավոր եմ նշանակվում, եւ որ գործը տրվեց ինձ, եթե ինքնաբացարկի հիմքեր չկան, պարտավոր եմ քննել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄՆԱՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐԴԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղլի գյոլի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով առաջիկայում աղմկալի իրադարձություններ կծավալվեն: Ասել է, թե շուտով գործը կհասնի ծեծի գործով հիմնական դերակատարներին:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, տեղի ունեցած միջադեպի ժամանակ այս գործով տուժող Մուշեղ Զաքարյանի մարմնի տարբեր մասերին հարվածներ էր հասցրել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը` Աղալարը:
Եվ, ահա, ինչպես նկատում ենք՝ Սեյրան Խաչատրյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն երկրից չհեռանալու մասին:
Ի դեպ, մարզպետի մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդու՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել: Իհարկե, նա դեռ չի հայտնաբերվել, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները հետքի վրա են: Տեղեկացնենք, որ այս գործով արդեն 5-րդ անձին է մեղադրանք առաջադրվում, եւ շուտով գործը կհասնի մարզետի որդուն` Տիգրան Խաչատրյանին: Ինչպես հայտնի է՝ նրա ճակատագիրը կախված է ծեծի գործով տուժող Հարություն Զաքարյանից, որը Մոսկվայում աչքի արդեն 4-րդ վիրահատությունն է տանում, սակայն նրա Հայաստան վերադառնալը սարերի հետեւում չէ: Այնպես որ, առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դեպքի օրը, երբ ծեծից հետո Սուրիկ Խաչատրյանը գնացել էր Սդղլի գյոլի տարածք, նրա հետ էր եղել նաեւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդը` Արմեն Ղարիբյանը, որն այս օրերին այլ գործի շրջանակներում կալանքի տակ է:
Մենք գրել էինք, որ հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման էին ենթարկվել Թեւոս Սաֆարյանը՝ (Կայարանցի Թեւոսիկ) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով: Խուզարկության արդյունքում «Բենթլի» ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել էր 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ինչի պատճառով ԱԺ պատգամավորի վարորդը կալանավորվեց:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 
ՆԱՄԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով ռուս զինվոր Վալերի Պերմյակովի քրեական գործի քննությունը հայկական կողմին հանձնելու փաստին, երեկ ասել է, թե այս ընթացքում ինքը միջազգային պայմանագրի համաձայն՝ ռուս գործընկերոջ հետ ունեցել է թե՛ նամակագրություն, թե՛ հանդիպումներ: Հարցին, թե արդյոք սա ՌԴ դատախազին ուղարկված իր նամակի պատասխանն էր, Գեւորգ Կոստանյանը պատասխանել է. «Այն փաստը, որ այդ պայմանավորվածությունն արդեն կա, դա հենց նամակի պատասխանն է: Նամակի պատասխանը չպետք է անպայման լինի, ասենք, հատուկ նամակով»: Ինչ վերաբերում է ՌԴ-ում դատապարտված Հրաչյա Հարությունյանին եւս հայկական կողմին հանձնելուն, ապա գլխավոր դատախազը վստահեցրել է, որ այդ գործը արդարադատության նախարարության գործառույթն է, սակայն երբ Մոսկվայում նա ՌԴ գործընկերոջ հետ հանդիպում է ունեցել, քննարկել է նաեւ այս հարցը, թե երբ կլինի գործնական քայլը, դա էլ է ընթացակարգ:

 

ԿՀԱՆՁՆՎԻ ԱՂՎԱՆԻՆ
Քանի որ դատախազությունում չկան քննչական ծառայություններ, ռուս զինվոր Վալերի Պերմյակովի գործը կհանձնվի հատուկ քննչական կոմիտե, որն էլ կավարտի գործի քննությունը: Այդ մասին գլխավոր դատախազությունում լրագրողների հետ ճեպազրույցում երեկ ասել է հատուկ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

 

ԼԵՅՏԵՆԱՆՏԻՆ ՍՊԱՆԵ՞Լ ԵՆ
ՀՀ ՊՆ տեղեկացմամբ` հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՆՆԵԼ
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը դատապարտել է Երեւանում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը ուժի միջոցով ցրելու փորձերը: «2015թ հունիսի 23-ին Հայաստանի ոստիկանության կողմից ուժ կիրառելը՝ գլխավորապես խաղաղ բողոքի ցույցերը ցրելու համար, մարդու իրավունքների հնարավոր ոտնահարման վերաբերյալ անհանգստություն է հարուցել: Իշխանությունները պետք է անհապաղ կերպով սկսեն համակ ուշադրությամբ ու անաչառ կերպով հետաքննություն անցկացնելը՝ գնահատելու համար ուժի կիրառման օրինականությունն ու համաչափությունը եւ խախտումների բացահայտման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

 

ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ
5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանն իր որդուն նամակ է գրել, որում ասված է.«Այսօր՝ զբոսանքի ժամանակ, անընդհատ նայում էի երկնքին՝ ճաղերից այն կողմ: Եվ զարմանալի է այդ պատկերը. ինչո՞ւ մարդիկ չեն սիրում երկինքը ճաղերից այն կողմ, կամ, ավելի ճիշտ, ինչո՞ւ չեն հրճվում նրանով, նրա գեղեցկությամբ, նրա պարգեւած հրճվագին համբույրներով… Որովհետեւ նրանք ճաղերից այս կողմ են, դրսում չեն: Այդ հրաշալի երկինքն իրենց չի պատկանում: Հենց դա էլ սպանում է կալանավորին, տանջում անընդհատ: Ինչո՞ւ, բայց չէ՞ որ կարելի էր հրճվել երկնքի գեղեցկությամբ՝ անկախ այն բանից՝ դրսում ես, թե ներսում: Հրճվել հենց նրա համար, որ այն անսահման է, անբացատրելի խորը, գեղեցիկ, փոփոխական եւ, վերջապես, սիրել որպես Աստծու ստեղծագործություն: Երբ ճաղերից այս կողմ հրճվում ես մյուսների համար, ուրեմն սիրում ես կյանքը, սիրում ես ամեն ինչ առանց քեզ, եւ միգուցե դա է սերն առ Աստված…»:




Լրահոս