Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների, աշխատանքի գծով փոխտեղակալ Թոմաս Մելիային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել վերջին տարիներին նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը և գոհունակություն հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին Միացյալ Նահանգների աջակցության համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործընթացին։ Նախարար Նալբանդյանը և պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան անդրադարձել են Դուբլինում անցած շաբաթ կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի արդյունքներին, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը։
Զրուցակիցները մտքեր փոխանակել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրքավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի շուրջ, անդրադարձել կայանալիք նախագահական ընտրություններին։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: