ՀՀ ոստիկանությունը երեկ Բաղրամյան պողոտայի, այսպես կոչված, «առաջին գծից» հեռացրեց ջրցան ավտոմեքենան եւ մնացած հատուկ տեխնիկաները, որոնք նախատեսված են ցույցերը ուժով ցրելու համար: Հատուկ միջոցները տասն օրից ավել կայանված էին Բաղրամյան պողոտայի սկզբնամասում` նստացույցավորներից մոտ հիսուն մետր հեռավորությամբ: Բացառված չէ, որ ՀՀ իշխանություններն, ի վերջո, հասկացել են՝ ուժի կիրառումը չի կարող հարցի լուծում լինել: Ավելին՝ ուժը ծնում է հակազդեցություն, ինչպես եղավ հունիսի 23-ին, երբ կրկնակի շատ մարդ հավաքվեց Բաղրամյան պողոտայում՝ առավել ագրեսիվ կեցվածքով: Ու թերեւս այս պատճառով է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ժպիտով հայտարարեց, թե թողնելու է, որ հավաքի մասնակիցները «տանջվեն»:
Երեկվա ակցիան երկու տարօրինակ միջադեպերով առանձնացավ. մեկ, որ Հայաստանի անկախության համար բանտարկված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշեց Եվրամիության դրոշներով մտնել Բաղրամյան պողոտա, նրան արգելեցին, ու վիճաբանություն եղավ: Երկրորդ միջադեպն էլ երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ էր կապված: Նա թեեւ խոստացել էր, որ Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների համար համերգ կտա, սակայն իր խոստումն այդպես էլ չկատարեց: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հախվերդյանից պարզել, թե ինչու տեր չկանգնեց իր խոստմանը: Սակայն Հախվերդյանի հեռախոսահամարը ժամեր շարունակ անջատված էր: Հավանաբար այսօր առավոտյան, երբ նա արթնանա, կհիշի իր խոստման մասին. մնում է, որ Բաղրամյանում էլի սպասեն նրան այնպիսի ոգեւորությամբ, ինչպես երեկ:
Վերջին երկու ամիսներին ԲՀԿ-ի շարքերում նոր խմորումներ են ընթանում, որոնց ետեւում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ականջներն» են երեւում: Քոչարյանը կարծես թե փորձում է ԲՀԿ-ի ներսում իրեն հավատարիմ անձանց թիմ ձեւավորել` իր հետագա քաղաքական ծրագրերն իրագործելու համար: Եւ հիմա ԱԺ ԲՀԿ խմբակցությունում նա 3 պատգամավոր «ունի»՝ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Ստեփան Մարգարյանը: Է. Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, իհարկե, հերքեց ԲՀԿ-ի ներսում Քոչարյանի ենթակայության խումբ ստեղծելու եւ ԲՀԿ տեսակետից տարբերվող քվեարկությունների մասին լուրերը: «Մինչ քվեարկությունները տարբեր տեսակետ ունենալու դեպքում, մենք այդ մասին հայտնում ենք եւ վերջում՝ քվեարկությունների ժամանակ, առավել ժողովրդավարական սկզբունքներով ենք առաջնորդվում: Բոլորը քվեարկում են այնպես, ինչպես իրենց համոզմամբ ճիշտ է»,- ասաց Վարդանյանը: Նկատենք, որ երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքականապես դեռ ողջ էր, Է. Վարդանյանը նույնիսկ չէր համարձակվում այսպես մտածել, իսկ հիմա արտահայտվում է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների եւ եղբոր մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը 2 օր առաջ վերադարձել է Հայաստան: Նա, ինչպես հայտնի է, ծեծի արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը, եւ դեռեւս մայիսին նրան տեղափոխել էին Մոսկվա` բուժման համար: Բայց ոչ մի արդյունք. նրա աչքը չի տեսնելու: Բայց Հարություն Զաքարյանի վերադարձն այս գործի համար կարեւոր է, քանի որ համարվում է, որ Ս. Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրել-չառաջադրելը, ինչպես նաեւ մեղադրանքի բնույթը պայմանավորված կլինի նրա ցուցմունքով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մարզպետի որդուն վկայի կարգավիճակում պահելու փաստը մինչ այս պարզաբանում էին հենց այն հանգամանքով, որ գործով հիմնական տուժողը Հայաստանում չէր եւ ցուցմունք չի տվել: Ուստի ենթադրվում է, որ առաջիկայում Տիգրան Խաչատրյանին մեղադրանք կառաջադրվի:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումների ծավալները` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 8,8 տոկոսով: Մասնավորապես, երկաթուղով բեռնափոխադրումները նվազել են 16,5 տոկոսով, ավտոմոբիլային տրանսպորտով` 6,3 տոկոսով, իսկ օդային տրասնպորտով` 15,4 տոկոսով: Տեղեկացնենք, որ մայրուղային խողովակաշարային բեռնափոխադրումների ծավալները եւս անցած տարվա համեմատ նվազել են 2,9 տոկոսով: Տվյալ դեպքում խոսքը գազի ներկրման ծավալների անկման մասին է, քանի որ Հայաստանում մայրուղային խողովակաշարային ճանապարհով փոխադրվում է գազը: Իսկ բեռնափոխադրումների ծավալների անկումը վկայում է այն մասին, որ արդյունաբերական արտադրության 4,5 տոկոսանոց աճը, որը արձանագրել են պաշտոնական վիճակագիրները, մեղմ ասած, բլեֆ է: Իրականում արդյունաբերությունը անկում է ապրել մեր երկրում, բայց գնաճի հաշվին արտադրանքի արժեքը մեծացել է: Իսկ վիճակագիրներն էլ առիթից օգտվելով՝ փորձել են գնաճն իբրեւ աճ ներկայացնել:
ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ
Օգոստոսի 2-13-ը անցկացվելիք Համահայկական ամառային 6-րդ խաղերին Սիրիայի պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու նպատակով Կառավարությունը երեկ որոշել է հատկացնել 39.8 միլիոն դրամ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ նշված գումարը ծախսվելու է Սիրիայի 82 հոգանոց պատվիրակության ճանապարհի եւ հյուրանոցի ծախսերը հոգալու համար:
Իհարկե, շատ գովելի է, որ ՀՀ Կառավարությունը մտածում է դժվարին վիճակում հայտնված սիրիացի մեր ազգակիցների մասին: Սակայն արդյոք համահայկական խաղերին մասնակցելն այսօրվա դրությամբ սիրիահայ համայնքի ներկայացուցիչների համար ամենակարեւոր խնդիրն էր, որի համար Կառավարությունն իր սուղ միջոցներից հատկացրել է ավելի քան 84 հազար դոլար:
Հիշեցնենք, որ սիրիական պատերազմի սկզբից` 2011-ից մինչ օրս Հայաստան է տեղափոխվել շուրջ 20 հազար սիրիահայ, որոնց զգալի մասը, չկարողանալով ինտեգրվել հայկական իրականությանը, ստիպված եղավ կրկնագաղթել ԱՄՆ եւ այլ երկրներ: Այսօր էլ Հայաստանում բնակվող 12 հազար սիրիահայերի մի զգալի մասը խնդիրներ ունի այստեղ աշխատանք գտնելու եւ ադապտացվելու հարցում: Արդ, միթե ավելի նպատակահարմար չէր լինի, եթե Կառավարությունն այդ գումարը հատկացներ այստեղ հանգրվանած սիրիահայերին սոցիալական կամ բիզնես աջակցություն ցուցաբերելու նպատակով: Ի վերջո, այդ գումարով կարելի էր տեղից շարժել սիրիահայերի համար բնակարաշինական «Նոր Հալեպ» ծրագիրը, որի համար, հիշեցնենք, ժամանակին 100 հազար ԱՄՆ դոլար հատկացրեց գործարար Հրանտ Վարդանյանը, սակայն վերջինիս մահից եւ ծրագրի ձախողումից հետո այդ գումարն ուղղվեց ինչ-որ անորոշ ծրագրերի իրագործմանը: Ի վերջո, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում հաստատված բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ վարձով են ապրում, եւ նրանց համար բնակարաշինական այսպիսի մի ծրագիրը պարզապես փրկություն կլիներ եւ Հայաստանում վերջնականապես հաստատվելու համար անհրաժեշտ պայման:
Էլ չենք խոսում Սիրիայում հրթիռակոծությունների տակ վախը սրտներում ապրող մեր հազարավոր հայրենակիցների մասին, որոնք պարբերաբար տարբեր միջոցներով խնդրում են ՀՀ Կառավարությանը ելքեր գտնել` իրենց Սիրիայից տարհանելու համար: Միթե հնարավոր չէր այդ միջոցներն ուղղել նման ընտանիքների` Հայաստան տեղափոխումը կազմակերպելու նպատակին: Իհարկե, ոչ բոլորն են ցանկանում լքել Սիրիան, բայց քիչ չեն նրանք, որոնց համար դա օրախնդիր է, եւ Կառավարությունը մի խումբ սիրիահայերի տասնօրյա զվարճանքը Հայաստանում կազմակերպելու փոխարեն` լավ կաներ հիշեր նաեւ փրկության կարիք ունեցող սիրիահայ այդ ընտանիքների մասին:
Թեպետ այդ դեպքում շոու չէր լինի, եւ Կառավարությունը համահայկական խաղերի 35 երկրների 161 մասնակիցների առջեւ հերոսանալու հնարավորություն չէր ունենա: