ՍԹԱՓՎԵՔ, ԵԹԵ ՈՉ, ԱՊԱ ԱՉՔՆԵՐԻՑՍ ՉՔՎԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն կարողանում պարզաբանել, թե ինչ միջոցներից են ամսական մոտ երեքուկես միլիարդ դրամ (շուրջ 7 միլիոն 400 հազար դոլար) հատկացնելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը էլէներգիայի` իրենց կողմից հաստատված նոր եւ հին սակագնի տարբերությունը:

Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե այդ գումարները վերցվելու են «անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից»: Այս քայլը նա հետեւյալ կերպ էր պատճառաբանել. «Կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում եւ շատ կարեւոր խնդիր»: Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, լրագրողների հարցին ի պատասխան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե ՀԷՑ-ին վճարվելիք փոխհատուցման գումարները պետբյուջեի միջոցներից չեն լինելու: Ի դեպ, լրագրողները նույն հարցը մի քանի անգամ էին տվել եւ ամեն անգամ ստացել նույն պատասխանը. գումարները պետբյուջեի միջոցներից չեն վճարվելու: Լրագրողների նման վերաբերմունքն ամենեւին էլ պատահական չէ, քանի որ նրանց տեսանկյունից Սերժ Սարգսյանի հայտարարության եւ Հովիկ Աբրահամյանի խոսքերի միջեւ հակասություն կա:
Սակայն արդեն ժամանակն է՝ ՀՀ իշխանություններին ասելու «սթափվե՛ք, սթափվե՛ք»: Կարող է, մի փոքր էլ անցնի, ու սկսեք հանուն ՀԷՑ-ի պետական գաղտնիքներ հրապարակել: Անշուշտ, ամենաշատ «սթափվելու» կարիք ունի հենց Սերժ Սարգսյանը: Իրականում նրա հայտարարությունն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ եթե ստեղծված իրավիճակում նրանք իսկապես հանդգնեն անվտանգության ամրապնդման միջոցներին կպնել, ապա դա կարող է նախադեպ դառնալ այդ գումարները փոշիացնելու համար: Այնպես որ, «սթափվե՛ք», քանի դեռ բոլորը միահամուռ չեն ասել՝ «չքվե՛ք աչքներիցս»:
Իսկ ինչու են ՀՀ իշխանությունները խուսափում ասելու, որ պետբյուջեի միջոցներից են ՀԷՑ-ին վճարելու: Բանն այն է, որ նրանք եւս հասկանում են՝ այդ դեպքում ցուցարարներին առաջարկված «խայծն» ընդհանրապես կորցնում է իր իմաստը: Ի վերջո, պետբյուջեն նույնպես էլէներգիայի սպառողների վճարած հարկերից է գոյանում: Ինչ տարբերություն՝ դու միանգամից ես էլէներգիայի համար թանկ վճարում, թե հարկեր ես վճարում, եւ այդ գումարներից են ՀԷՑ-ին փոխհատուցում տալիս:
Մյուս տարբերակը, որը երկու օր առաջ հնչեցրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ըստ որի, ՀԷՑ-ին վճարվելիք գումարները նվիրատվությունների հաշվին կվճարվեն, նույնպես չի կարող ընդունելի լինել: Նվիրատվություննները հատկացվում են Հայաստանին, որպեսզի երկրի համար կարեւոր ինչ-որ խնդիրներ լուծվեն, որպեսզի պետությունը զարգացում ապրի: Այդ գումարները չեն տրվում ՀԷՑ-ի թալանած գումարները փոխհատուցելու համար:
Մամուլում արդեն մի քանի օր է՝ ակնարկներ են տեղ գտնում այն մասին, որ ՀԷՑ-ի փոխհատուցումը Կառավարությունը հատկացնելու է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 միլիոն դոլարի վարկից: Ի դեպ, այդ վարկի միջոցներով Հայաստանը պետք է զենք գնի Ռուսաստանից: Այս դեպքում կրկին Հայաստանի սպառողների շահերին հակասող տարբերակի հետ գործ ունենք, քանի որ եթե այսօր վարկային միջոցներից վճարեն, միեւնույն է՝ այդ վարկը տարիներ անց վերադարձվելու է նույն այդ սպառողների վճարած հարկերի հաշվին:
Միակ տարբերակը, որը սպառողների գրպանին չի հարվածի, ՀԷՑ-ի փոխհատուցման գումարները հենց իրենց՝ իշխանության ներկայացուցիչների՝ իրենց գրպաններից վճարելն է: Ի դեպ, այդ գումարները նույնպես Հայաստանի սպառողներից են թալանվել եւ էլի թալանվելու են: Այս դեպքում դրա մի մասը, թեկուզ ժամանակավոր, կծառայի սպառողների շահերը սպասարկելու համար: Ավելին՝ այդ գումարը կարելի է կոնկրետ պաշտոնյաներից վերցնել, ասեքն՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Ավետիսյանից: Հենց նա է անմիջական, ամենամեծ պատասխանատվությունը կրում ՀԷՑ-ի խայտառակ ձեւով մասնավորեցման եւ այդ ընկերությունում տիրող ալան-թալանի համար: Մի մասն էլ թող Ռոբերտ Քոչարյանը վճարի: Ի վերջո, այդպես էլ անհայտ է մնում, թե ՀԷՑ-ի մասնավորեցման գործարքը Քոչարյանի ընտանիքի կուտակած միլիարդավոր դոլարների որ մասն է կազմում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՐԱՐ ԳՈՎԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ «Օջախ» ռեստորանային համալիրում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ-ն մի լավ քեֆ է արել աշխատանքային սեզոնը բարեհաջող ավարտելու կապակցությամբ: ՀՀԿ-ականները քեֆի սեղանի շուրջ միմյանց հրաժեշտ են տվել, որ այլեւս ազատ են ու կարող են արձակուրդ մեկնել: Մեր տեղեկություններով՝ քեֆ-ուրախությանը մասնակցել են գրեթե բոլոր ՀՀԿ-ականներն ու ՀՀ Կառավարության անդամները, մարզպետները՝ բացառությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի:
ՀՀԿ-ականներն առաջինը խմել են Սերժ Սարգսյանի կենացը, այնուհետեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կենացները: Իսկ երբ խնջույքի մասնակիցներն առաջարկել են բաժակ բարձրացնել հայոց բանակի համար, պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս բացակայում է, եւ հանրապետականները որոշել են Սերժ Սարգսյանի կենացը եւս մեկ անգամ խմել՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի: Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ առանձնահատուկ խմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կենացը:
Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Սերժ Սարգսյանը ուրախ պարել է:

 

ԱՍՈՒՄ Է՝ ԿԱԶԳԱՅՆԱՑՆԵՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված աուդիտի մասին, հայտարարեց, թե դա շատ ճիշտ որոշում էր: «Խնդիրն այն է, որ այս հարցում շահագրգռված է նաեւ հայկական կողմը: Իսկ Սերժ Սարգսյանն էլ առաջարկում է, որ ամենատեղեկացված ընկերություններից մի քանիսին մենք հրավիրենք, քննարկենք հարցը ու պարզենք՝ արդյոք սակագնի բարձրացումը ճիշտ է, թե ոչ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Մեր դիտարկմանը, թե մինչեւ թանկացումը, ինչու Սերժ Սարգսյանը նման որոշում չէր կայացնում, պատգամավորը պատասխանեց. «Եթե հիշում եք՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր, որ մենք ցանկություն ունեինք, որպեսզի հարց բարձրացնեինք՝ փոխելու սեփականատիրոջը, ու չի բացառվում, որ մենք նույնիսկ ազգայնացնենք ու տանք պայմանագրային կառավարման»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՄԵԿՆԻ ՖՐԱՆՍԻԱ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանյուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հ. Աբրահամյանը նաեւ կայցելի Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետները Ալֆորվիլ քաղաքում կմասնակցեն հայկական դպրոցի բացման արարողությանը:

 

ԱՅԴՔԱՆ ԷԼ ՀԱՄՈԶԻՉ ՉԷՐ
ԱԺ երեկվա արտահերթ նիստում անդրադառնալով ռուսական 200 միլիոն դոլարի ռազմական վարկի հատկացումը Բաղրամյան պողոտայում անցկացվող ցույցերի հետ կապելու պնդումներին` Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է.«Երկու երկրների միջեւ այս կարգի փաստաթղթեր ստորագրելու համար ինչքա՞ն ժամանակ է պահանջվում եւ արդյոք հնարավո՞ր է 3-4 օրում հրավիրել հայ-ռուսական միջկառավարական նիստ ու իրադարձությունների ու ցույցերի հետ կապված այսպես` «սյուրպրիզ» կամ պատասխան փաստաթուղթ պատրաստել: … Ադրբեջանին էլ զենք են վաճառում ժամանակակից շուկայական գներով, կանխիկ փողով: Իսկ մեզ տալիս են այնպիսի պայմաններով, ինչպես մատակարարում են ռուսական բանակին: Ռուսական բանակից բացի՝ միայն նման ձեւով տալիս են նաեւ Բելառուսին, որը «սայուզնի» պետություն է ՌԴ-ի համար»,- ընդգծել է Նաղդալյանը:

 

ԿԱՏԱՂԵԼ ԵՆ
Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը հուլիսի 1-ին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն Ադրբեջանի կառավարության անունից իր բողոքն ու դժգոհությունն է հայտնել Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի կապակցությամբ: Նշենք, որ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին Լոնդոնում մասնակցելու է «Chatham House՝ միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի» կազմակերպած միջոցառմանը:

 

ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարսելի մասնաճյուղի ղեկավար Պատրիկ Մալաքյանին եւ Real Estate ներդրումային ընկերության նախագահ Ռեմի Մակինաջյանին: Հյուրերը վարչապետին են ներկայացրել Հայաստանում ծառայությունների մատուցման ոլորտում նախատեսվող լայնածավալ ներդրումային ծրագրերը, որոնց արդյունքում նախատեսվում է աշխարհահռչակ մի շարք ապրանքանիշների ներկայացուցչություններին ներգրավել հայաստանյան շուկա, կառուցել սպասարկման օբյեկտներ եւ այլն:

 

ՄԱՐԶԵՐԻՆ
Մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Կառավարությունը երեկ որոշել է մարզպետարաններին հատկացնել շուրջ 4.4 միլիարդ դրամ: Այդ գումարով կլուծվեն դպրոցաշինության, մշակութային, ջրամատակարարման, ոռոգման եւ այլ ոլորտներում առկա հրատապ խնդիրները:

 

ՆՈՐ ՄԱՐՄԻՆ
ՀՀ Կառավարությունը երեկ որոշել է արդարադատության նախարարության համակարգում ստեղծել անձնական տվյալների պաշտպանության գործակալություն: Այդ նպատակով արդարադատության նախարարությանը հատկացվել է 14 մլն 029.694 հազար ՀՀ դրամ գումար:




Լրահոս