«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծի գործով տուժող Հարություն Զաքարյանը Մոսկվայից վերադարձել է Հայաստան: Եւ երեկ հիշատակված աղմկալի բացահայտումներն առջեւում են:
Տեղեկացնենք, որ տեղի ունեցած միջադեպից անցել է երկու ամիս, եւ այս ընթացքում ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամները: Ավելին՝ այս օրերին միայն մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել մարզպետի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը` Աղալարը, մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդին` Մայիս Խաչատրյանը, որը հետախուզման մեջ է, մարզպետի վարորդի որդին՝ Դերենիկ Ղեւոնդյանը, եւ Շահում Դավթյանը, որը եւս մարզպետի մտերիմներից է:
Ասել է, թե այս գործով արդեն 5 հոգու մեղադրանք է առաջադրվել, որոնց մեջ չկա կռվի հիմնական դերակատարը` մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Տիգրանի մասով ՀՀ քննչական կոմիտեում կայացվելիք վերջնական որոշումը կախված է մեկ անձից՝ Հարություն Զաքարյանից, որը ծեծի արդյունքում ստացել էր ամենածանր վնասվածքը եւ կանգնած էր աչքը կորցնելու վտանգի առաջ: Եթե տուժող Հարություն Զաքարյանը քննչական կոմիտեում պնդի իր խոսքերը, որ մարզպետի որդին է եղել իրեն ծանր վնասվածք հասցնողը, այդ ցուցմունքից հետո միայն հնարավոր կլինի խոսել Տիգրան Խաչատրյանին սպասվելիք պատժի մասին:
Եվ, ահա, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ հունիսի 30-ին Հարություն Զաքարյանը Մոսկվայից Երեւան է վերադարձել: Տեղեկացանք, որ նա Մոսկվայի «Նոր հայացք» գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնում տեսողությունը վերականգնելու համար 3 անգամ վիրահատվել է: Իսկ մինչ Մոսկվա տեղափոխվելը, Հարություն Զաքարյանը տեսողությունը վերականգնելու համար վիրահատության էր ենթարկվել նաեւ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Սակայն այս կենտրոնում հարազատներին հայտնել էին, թե տեսողությունը այլեւս չի վերականգնվի: Ուստի Զաքարյանները Հարությունի տեսողությունը վերականգնելու համար որոշել էին նրան տեղափոխել Մոսկվա: «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ Հարություն Զաքարյանի վերջին վիրահատությունը եղել է հունիսի 26-ին:
Իսկ ի՞նչ արդյունք տվեցին Մոսկվայի լավագույն հիվանդանոցներից մեկում իրականացված վիրահատությունները:
«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ են հայտնվել Մոսկվայի «Նոր հայացք» գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնում վիրահատության ենթարկված Հարություն Զաքարյանի աչքի վիճակը բնորոշող վերջնական եզրակացությունները: Ըստ դրանց, Մոսկվայի գիտահետազոտական հիվանդանոցում, մինչ Հարությունին վիրահատելը, բժիշկները Զաքարյաններին զգուշացրել են, որ որեւէ երաշխիք չեն կարող տալ, թե տղայի աչքը վիրահատելով՝ հնարավոր է վերականգնել տեսողությունը: Ըստ ռուս բժիշկների գնահատականի՝ Հարություն Զաքարյանը տարել է աչքի ծանր տրավմա: Արդյունքում՝ Մոսկվայում երեք անգամ վիրահատվելուց հետո Հարությունի տեսողությունում որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Բժիշկները Հարությունի աչքի մեջ սիլիկոնի յուղ են լցրել, սակայն դա էլ արդյունք չի տվել: Կարդալով ռուս բժիշկների մոտ գտնվող փաստաթղթերում ամրագրված արդյունքները՝ տեղեկանում ենք, որ բժիշկները հանգել են այն եզրակացության, որ Հարությունի աչքը դեմքի վրա կկրի ընդամենը կոսմետիկ բնույթ: Ավելին՝ դատելով փաստաթղթերից՝ բժիշկները իրականացվող ինչ-որ անհրաժեշտ քայլերի մասին ոչինչ չեն հայտնել, որը կարող է հույս ներշնչել, թե հետագայում հնարավոր է վերակագնել Հարությունի տեսողությունը:
Տեղեկացնենք, որ փաստաթղթերի վերջնական արդյունքներում նշված է, որ Հարությունի տեսողությունը մնացել է նույն վիճակում, նա այդ աչքով միայն լույս է տեսնում: Ու թերեւս այդ պատճառով է, որ Հարությունը այլ ելք չունենալով՝ հոր՝ Գագիկ Զաքարյանի հետ վերադարձել է Հայաստան: Չի բացառվում, որ հոկտեմբերին եւս հերթական վիրահատության համար նա մեկնի Մոսկվա: Զաքարյանները հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործում են՝ Հարությունի տեսողությունը վերականգնելու համար, բայց դեռեւս, ցավոք, անօգուտ:
Նկատենք, որ մինչ օրս դեռ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել նրա աչքի ծանր վնասվածքի համար:
Ըստ էության, առաջիկայում Հարությունին կհրավիրեն ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, եւ եթե նա եւս մեկ անգամ պնդի, որ իրեն ծանր վնասվածք հասցնողը եղել է հենց Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, գործը նոր փուլ կթեւակոխի:
Մնում է հուսալ, որ Տիգրան Խաչատրյանն այս անգամ եւս չի կրկնի նախկին փորձերը` լքելով երկիրը կամ հորեղբոր որդու՝ Մայիս Խաչատրյանի նման թաքնվի, մինչեւ անցնի վտանգը:
Հ.Գ. Ըստ շրջանառվող լուրերի՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը օրերս գնացել է Մոսկվա՝ փորձելու հանդիպել եւ համոզել Զաքարյաններին, Հարութին վիրահատած բժշկին, որպեսզի բժիշկները նկարագրեն, թե Հարությունի տեսողությունը դեպի լավն է գնում: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ մարզպետը Զաքարյաններին կլորիկ գումար է առաջարկել, որպեսզի Հարությունը իրենց համար ցանկալի ցուցմունք տա: Բայց դատելով մեր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի բովանդակությունից՝ կա՛մ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, կա՛մ էլ մարզպետը չի կարողացել համոզել տուժողներին: Թերեւս հավանականը երկրորդ տարբերակն է:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՒՐՍԵՑԻՆ
««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի առաջին տեղակալ, Սերժ Սարգսյանի համակուրսեցի Աշոտ Գնդոյանը դեռեւս 2013 թվականից դատական քաշքշուկների մեջ է:
«Ժողովուրդ»-ը գրել է, որ Աշոտ Գնդոյանը դեռեւս ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն լինելու տարիներին մշտապես կոնֆլիկտի մեջ է եղել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի` Բուլկու հետ եւ լինելով Սերժ Սարգսյանի մտերիմը՝ իրեն մշտապես արտոնյալ է համարել:
Բայց, կարծես թե, նա իրեն այնքան արտոնյալ է համարել, որ իր անմիջական ղեկավարի նկատողությունները չի հանդուրժել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ հոկտեմբերի 23-ին Աշոտ Գնդոյանը, դիմելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է, որպեսզի դատարանի միջոցով պարտադրի ՀՀ բնապահպանության նախարարությանը իր նկատմամբ «Կարգապահական տույժ կիրառելու մասին» հրամանն անվավեր ճանաչվի: Տեղեկացանք, որ դեռեւս 2013թ Աշոտ Գնդոյանի եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջեւ աշխատանքային անհամաձայնություն է եղել, ինչի արդյունքում Արամ Հարությունյանը որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել նրան: Աշոտ Գնդոյանն էլ համաձայն չլինելով որոշման հետ՝ դիմել է Կենտրոն դատարան՝ անվավեր ճանաչելու նախարարի հրամանը:
Արդյունքում շուրջ մեկ տարի տեւած դատական քաշքշուկից հետո գործը նախագահող դատավոր Արայիկ Մելքոնյանը վճռել է Աշոտ Գնդոյանի հայցը կարճել:
Գնդոյանն էլ համաձայն չլինելով վճիռի հետ՝ այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում: Եվ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը գործը ընդունել է վարույթ, իսկ ավելի ուշ որոշել է Գնդոյանի հայցը հետ ուղարկել Կենտրոն դատարան` նոր քննություն իրականացնելու համար: Ասել է, թե չնայած արդեն մեկ տարի է, ինչ Արամ Հարությունյանը ՀՀ բնապահպանության նախարարը չէ, սակայն շարունակում է քաշել նախկին պաշտոնի հետեւանքով ստանձնած բեռը:
Աշոտ Գնդոյանն էլ օգտվելով Սերժ Սարգսյանի հետ ունեցած հարաբերություններից՝ շարունակում է իրեն արտոնյալ համարել նաեւ հիմա՝ գործող նախարար Արամայիս Գրիգորյանի օրոք:
Մամուլն արդեն գրել է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը եւս առանձնապես բարեհամբույր չէ աշխատակիցներ հետ: Նա շատ վատ «սովորություն» ունի՝ աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում: Անգամ նախարարության երկարամյա եւ մոտ 60 տարեկան աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել: Իսկ, ահա, բնապահպանության նախարարի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանը վստահեցրել էր, որ նման բան չկա: Հետաքրքիր է՝ «խաչվե՞լ են» արդյոք Աշոտ Գնդոյանի եւ Արամայիս Գրիգորյանի ճանապարհները:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՃՈ ՆՈՐ ՊԵՏԸ
Armlur.am-ի տեղեկություններով` ՀՀ ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել Արմեն Հակոբյանը, ով մինչ այդ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում: Հիշեցնենք, որ հունիսի 29-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր ՃՈ պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը: Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ աշխատանքից ազատվելու պատճառը հիվանդությունն է, եւ այժմ ինքը պետք է արտասահմանում բուժում անցնի: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արտակ Հարությունյանը շուտով նոր պաշտոն պետք է ստանա քննչական կոմիտեում:
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ
Հունիսի 30-ից Բաղրամյան պողոտայում հացադուլ սկսած Հարություն Հարությունյանը եւ Հայկ Պարիկյանը ինքնազգացողության վատացման արդյունքում երեկ դադարեցրել են հացադուլն ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոց:
ՀԱՆԵՑԻՆ
Երեկ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից հեռացրել է զրահամեքենան եւ ջրցան մեքենան: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այդ կապակցությամբ ընդամենն ասել է.«Այդպես էր նպատակահարմար»:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ
«Իրավաչափության տեսանկյունից մեզ մտահոգել է բացառապես հունիսի 23-ի դեպքը, եւ կմտահոգեն այն դեպքերը, եթե ոստիկանությունը չգործի պատշաճ՝ սադրիչների դեպքում: Մնացած բոլոր դեպքերը զուտ մարդկային գնահատականների դաշտում են»,- անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ցույցերի ժամանակ ոստիկանության եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին` երեկ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա նաեւ նշել է, որ ինքը ոստիկանապետի դեմ դիմումներ չի ստացել:
ՀԻՄՆԱԶՈՒՐԿ
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը երեկ հայտարարել է, որ «անհասկանալի եւ հիմնազուրկ» է համարում «Ինտեր ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի` նախօրեին ՀԾԿՀ-ի հասցեին հնչեցրած քննադատությունը եւ դա պատրաստ է ապացուցել նաեւ միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ: «Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին եւ թերացումներին է՛լ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը», – ասված է ՀԾԿՀ-ի հաղորդագրությունում: