Արդեն վեց ամիս է, ինչ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, սակայն դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական մթերքների, մասնավորապես մսամթերքի արտահանման ուղղությամբ առայժմ դրական տեղաշարժ չկա: Առ այսօր ՀՀ-ից ոչ մի կիլոգրամ միս կամ մսամթերք չի արտահանվել դեպի ռուսական շուկա:
Հիշեցնենք, որ 7 տարվա դադարից հետո նախորդ տարվա վերջին Հայաստանը դեպի ՌԴ եւ ԵՏՄ երկրներ մսամթերք արտահանելու թույլտվություն ստացավ: Իսկ մինչ այդ հայկական մսամթերքի արտահանման հիմնական շուկան Վրաստանն էր: Եվրոպական երկրներում հայկական մսամթերքը չի ընդունվում, քանի որ Հայաստանը համարվում է խոցելի այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Նախկինում նաեւ ռուսական կողմն էր պնդում, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա, մինչդեռ հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա:
Տարեսկզբին հայկական 11 ընկերություն դեպի ՌԴ եւ ԵՏՄ անդամ երկրներ միս, մսամթերք արտահանելու թույլտվություն ստացավ: Դրանք են՝ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Նատֆուդ», «Նատալի Ֆարմ», «Ռազմիկ-92», «Մուշ», «Բեկոն», «Մարիլա», «Աթենք», «Արարատ», ԱՁ «Համլետ Հովսեփյան», «Բարի Սամարացի» մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները: Սակայն, ինչպես արդեն վերը նշվեց, հայկական ընկերություններից եւ ոչ մեկը ներկայումս մսամթերք չի արտահանում:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանի մսամթերք արտահանողների միության նախագահ «Ա. Բիլյան» ՍՊԸ-ի տնօրեն Արամայիս Բիլյանի հետ:
-Պարո՛ն Բիլյան, ի՞նչն է պատճառը, որ մինչեւ հիմա տեղական արտադրողները չեն կարողանում միս, մսամթերք արտահանել դեպի ՌԴ:
-Մենք ոչինչ չենք արտահանում, որովհետեւ համապատասխան թույլտվություն չունենք: Ես այս խնդրի շուրջ ոչ միայն ՀՀ էկոնոմիկայի, այլեւ գյուղատնտեսության նախարարին եմ նամակ գրել: Չենք կարողանում ապրանք արտահանել, որովհետեւ իրենք մեզանից պահանջում են միայն եփած, կիսաապխտած երշիկեղեն, բայց հում ապխտած երշիկեղենը, որը հնարավորություն ունի վեց ամիս պահպանվելու, չեն ցանկանում: Օրինակ՝ սուջուխը: Իսկ. ահա, բաստուրման արդեն տասն օր է, ինչ թույլ են տալիս արտահանել, բայց ոչ ՌԴ: Այնուամենայնիվ, առաջիկայում էկոնոմիկայի նախարարությունում այս խնդրի շուրջ ժողով են հրավիրել, որին կմասնակցեմ ոչ միայն ես, այլեւ կլինեն ՌԴ-ից ներկայացուցիչներ: Տեսնենք՝ տեղական արտադրողների հարցը ինչպես կկարգավորվի:
-Դուք նշեցիք, որ այս խնդրի շուրջ դիմել եք ե՛ւ գյուղնախարար Սերգո Կարապետյանին, ե՛ւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին: Ի՞նչ արձագանք եք ստացել:
-Իրենք ի պատասխան՝ ասել են, որ պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ կլինի: Բայց փաստը մնում է փաստ՝ վեց ամիս է անցել Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց, սակայն սայլը տեղից չի շարժվում: Բայց մենք տեղական արտադրողներով որոշել ենք նույն բովանդակությամբ նամակ գրել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
-Հիմա տեղական արտադրողները կարողանում են միայն բաստուրմա՞ արտահանել:
-Այո՛, բայց ոչ ՌԴ, այլ Թուրքմենիա: Իհարկե, սա էլ իր խնդիրն ունի, չէ՞ որ այն պատված է չամանով եւ տաքանալուց ջրիկանում է ու կպչում ցելոֆանին:
-Իսկ ներքին շուկայում իրավիճակն ինչպիսի՞ն է: Երշիկեղենի իրացման ծավալները նվազե՞լ են, թե՞ ոչ:
-Շատ վատ է, առեւտուր չկա, մարդկանց թիվն է նվազել, ժողովրդի ձեռքին գումար չկա: Մինչդեռ երկու տարի առաջ երշիկեղենի վաճառքը շատ լավ էր: Այն հիմա չկա: Դուք ինքներդ դա չե՞ք զգում: Ամեն դեպքում, միայն արտահանման միջոցով կկարողանանք ոտքի կանգնել: Եթե միայն կարողանանք մեր արտադրանքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն եւ այլ երկրներ: Մի քանի տարի առաջ մենք մեծ քանակությամբ բաստուրմա ենք արտահանել ՌԴ: Այնտեղ արտադրում են բաստուրմա, բայց, այնուամենայնիվ, մերի համն ուրիշ է:
-Ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ շուրջ վեց ամիս է` ձգձգվում է մսամթերքի արտահանումը դեպի ՌԴ:
-Ես կարծում եմ, որ խանգարող մարդիկ կան, ովքեր չեն թողնում դա իրականացնել: Օրինակ՝ Մոսկվայում կան մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշոր գործարաններ, մոտ վեց ընկերությունների ես ճանաչում եմ, որոնք օրական 100-150 տոննա երշիկեղեն են արտադրում: Չեք պատկերացնի, թե նրանք ինչքան հարուստ են: Գուցե՞ իրենք են խոչընդոտում: Մեր երշիկը վատը չէ: Օրինակ՝ Վրաստանում կարողանում ենք այն հեշտությամբ վաճառել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՉԴԻՄԱՑԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆԸ
ՀՀ-ում օր օրի սնանկացող ընկերությունների թիվն աճում է. պատճառը վարկային եւ հարկային պարտավորություններն են: Սնանկացման ճանապարհը բռնած ընկերություններից է նաեւ «Կոմպրեսորների գործարան» ԲԲԸ-ն:
Այս ընկերությունը տարիներ շարունակ գործել է եւ առանց որեւէ խնդրի կոմպրեսոր արտադրել: Այսօր ընկերությունը հայտնվել է ծայրահեղ վիճակում` կուտակելով հսկայական պարտքեր: Այն 281 հազար 358 դրամ պարտք է ՀՀ ՖՆ-ի Շենգավիթի հարկային տեսչությանը, իսկ մեկ տասնյակից ավել ֆիզիկական անձանց ընկերությունը պարտք է ընդհանուր 92 մլն 495 հազար դրամ: Պարտատերերից Կիմ Թավաքալյանը դեռեւս նախորդ տարի դիմում է ներկայացրել դատարան եւ խնդրել «Կոմպրեսորների գործարան» ԲԲԸ-ն ճանաչել սնանկ, ինչի արդյունքում ընկերությունն այս տարվա ապրիլին սնանկ է ճանաչվել:
Սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս պահին ընկերությունից փաստացի ոչինչ չի մնացել: Նույնիսկ շենքերն են մաս-մաս վաճառվել: «Այդ կոմպրեսորները, որոնք ժամանակին արտադրվել են ոչ միայն տեղական, այլեւ դրսի շուկայում, չեն կարող մրցունակ լինել: 50-60-ականներին այդ սարքավորումները մեծ դեր ու նշանակություն են ունեցել: Հիմա դրանք չեն օգտագործվում, որովհետեւ այդ արտադրանքի չինական տարբերակը 10 անգամ ավելի լավն է եւ ավելի էժան»,-ներկայացրեց Նազարյանը` նկատելով, որ ընկերության ներկայացուցիչները չեն էլ փորձում առողջացման ծրագիր ներկայացնել:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ընկերության տնօրեն Սասունցյանի հետ, ով ասաց, որ իրենք պատվեներ չունենալու պատճառով երկար ժամանակ գտնվել են ֆինանսական ծանր դրության մեջ:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
13 ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը երեկ հրաման է ստորագրել 2015-2016 ուստարվանից «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ եւս 100 հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու վերաբերյալ: Առարկայի դասավանդման ծրագրում ընդգրկվել է յուրաքանչյուր մարզից 5-ական եւ Երեւանից 50 դպրոց: «Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է 2014-2015 ուստարվա սկզբին, ՀՀ 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում, սկսվում է 5-րդ դասարանից եւ ավարտվում 7-րդ դասարանում: Հիշեցնենք, որ «Ազգային երգ ու պար» առարկայի տարեվերջյան հաշվետու համերգի ժամանակ, ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում նշել էր, որ առարկայի փորձարկման առաջին փուլը հաջողվել է: Նախարարը նշել էր նաեւ, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ ԿԳՆ բազմաթիվ դիմում հայտեր է ստացել տարբեր դպրոցներից՝ «Ազգային երգ ու պար» առարկան իրենց մոտ նույնպես ներդնելու վերաբերյալ: Հաշվի առնելով դպրոցների հետաքրքրությունը նոր առարկայի հանդեպ, ինչպես կադրերի եւ համապատասխան պայմանների առկայությունը՝ ԿԳ նախարարը որոշել է հաջողված փորձն ընդլայնել: