«ՄԵՐ ԵՐԳԻՉՆԵՐՆ ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏՆԵՐ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգահան, գործիքավորող, դիջեյ ԴերՀովան (Հարություն Տէր-Հովակիմյան), ով երկար տարիներ համագործակցել է արտերկրի աստղերի հետ, խոստովանում է, որ հայ երգիչների հետ աշխատելը բավական բարդ է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգահանը, ով եվրատեսիլյան երգերի հեղինակ է, եւ որի գրած ստեղծագործությունները հաջողություն են բերել Հայաստանին, նշել է, որ «Հ1»-ը ստեղծել է այդ մրցույթի երգերով զբաղվող մի թիմ, որի անդամները փոփոխության ենթակա չեն:

-Հարությո՛ւն, ներկայումս հայ երգիչներից ո՞ւմ հետ եք համագործակցում:
-Էմմիի համար մի երգ եմ գրել դեռեւս չորս տարի առաջ, դրա վրա եմ աշխատում, հաջորդ ամսվա սկզբին կթողարկենք: Նոր երգ կներկայացնենք նաեւ Հասմիկ Կարապետյանի հետ համատեղ: Համագործակցում եմ «Genealogy» խմբից Թամար Կապրելյանի հետ: Բացի այդ` շուտով մեկնելու եմ Եվրոպա, հնարավոր է՝ այնտեղ էլ համագործակցություններ լինեն:
-Ասում են` Հայաստանի հետ կապերը թուլացրել եք…
-Ոչ, նման բան չկա եւ երբեք չի եղել: Պարզապես մինչեւ Հայաստան գալս դրսում համագործակցում էի մեծ ընկերությունների հետ, այդ կապերն եմ պահպանում:
-Եվրոպայի հետ կապերը սերտացան նաեւ «Եվրատեսիլ»-ին Սիրուշոյի մասնակցությունից հետո, երբ նա կատարեց Ձեր գրած «Քելե-քելե» երգը: Հետո, սակայն, եվրատեսիլյան թուհուբուհին աշխատեցիք չխառնվել. ինչո՞ւ:
-Ես միշտ ունեցել եմ «Եվրատեսիլ»-ի համար կրկին երգ գրելու ցանկություն, սակայն Հ1-ից ինձ այլեւս չեն դիմել: Իրենք ձեւավորել են ստեղծագործական իրենց խումբը, թիմը, որի կազմը չեն ուզում փոխել: Իսկ, ահա, Եվրոպայից ես ունեմ եվրատեսիլյան երգեր գրելու մի շարք առաջարկներ, այնպես որ, առաջիկայում կլինեն համագործակցություններ:
-Բայց ինչո՞ւ ուրիշ երկրների համար երգ կգրեք, մեզ համար` ոչ:
-Այս տարիների ընթացքում ես էլ եմ այդպես մտածել, միշտ ուզեցել եմ իմ երկրի համար գործ անել, բայց հիմա արդեն մտածում եմ առաջարկների ուղղությամբ, ինչո՞ւ ոչ: «Քելե-քելե»-ն Եվրոպային ներկայացնելուց 7 տարի է անցել, բայց մարդիկ դեռ մտապահում են այն…
-Դուք նշեցիք, որ Հ1-ը ստեղծել է եվրատեսիլյան երգերով զբաղվող մի թիմ, որի անդամները փոփոխության ենթակա չեն. այսինքն` դաշտն իրենցո՞վ են արել:
-Այո՛, ՀՀ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը մշտապես առավելությունը տվել է «Շարմ» ընկերության հետ համագործակցող երգահան Արմեն Մարտիրոսյանին: Չի կարելի անընդմեջ մեկ մարդու առջեւ դռները բացել, մյուսների առջեւ փակել: Արդյունքում այս էլ որերորդ տարին է` Հայաստանը ներկայանում է վատ երգով, ներառյալ այս տարին: Նրանք ընդհանրապես չեն մտածում մեր երկրի շահերի մասին:
-Իսկ հայ երգիչների հետ հե՞շտ եք լեզու գտնում: Գիտենք, որ երբեմն հրաժարվում եք նրանցից ոմանց հետ աշխատել:
-Մեր երգիչները չեն սիրում էքսպերիմենտների դիմել: Հիմնականում գալիս-ասում են` 6/8 ենք ուզում կամ ռումբայի ռիթմ ենք ուզում, հաճախ էլ վերցնում են արտասահմանյան որեւէ հիթային երգ ու ասում են` սրա պես մի բան ենք ուզում: Խնդիրն այն է, որ նրանք պարզապես արվեստագետներ չեն, բիզնես մտածողության կրողներ են միայն, այնինչ, կարելի է ոսկե միջին գտնել: Սակայն մեր երգիչների մեծ մասը վախենում է նորություններից: Դրա համար էլ եղել են համագործակցություններ, որոնք վատ ընթացք են ստացել, երբ ինձ դիմողներն ինձ չեն վստահել: Հայերի հետ, այո, մի քիչ բարդ է աշխատելը ու գնալով ավելի է բարդանում:
-Երկար տարիներ աշխատելով արտերկրի շուկայի հետ՝ ի՞նչ որակներ կցանկանայիք ներմուծել երգարվեստի մեր ոլորտ, ի՞նչ կցանկանայիք փոխել դաշտում գործողների հարաբերություններում:
-Դուք չեք պատկերացնի, թե որքան տաղանդավոր երգիչներ կան, որոնք հովանավորներ չունենալու պատճառով մնում են ստվերում: Կցանկանայի նրանց որեւէ կերպ հնարավորություն տրվեր ոչ միայն երեւալու, այլեւ գործելու: Բացի այդ` շատ ցանկալի կլիներ, որ ավագ սերնդի ներկայացուցիչները երիտասարդ սերնդին քննադատելուց զատ նաեւ օգնեին, ձեռք մեկնեին: Մենք ունենք ավագ սերնդի հրաշալի մասնագետներ, որոնք, սակայն, գոռոզ են եւ էգոիստ: Կուզենայի այդպես չլիներ…

 

 

 
«ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ»

Օրերս տեղի է ունեցել Հայաստանի գրողների միության «Բանավեճի ակումբի» եւ մանկագրական սեկցիայի համատեղ նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայկական հեքիաթների էկրանավորման թեմային: Նիստին ներկա են եղել գրողներ, նաեւ ներկայացուցիչ «Ազգային կինոկենտրոն»-ից:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց, որ նման բանավեճերին չեն հրավիրվում լեզվաբաններ եւ բարբառագետներ, իսկ գրողների քննարկումները դառնում են խիստ խոցելի եւ անարդյունավետ: «Ինձ թվում է` ՀԳՄ նախագահն էլ շահագրգռված չէ, որ նման քննարկումներին լեզվաբաններ ընդգրկվեն: Այդպիսի կուլտուրա չունեն: Իսկ «Բանավեճի ակումբն» էլ մեզ մոտ երբեւէ իր նպատակին չի ծառայել: Եթե մի բան էլ առաջարկվում է, օդից կախված է մնում»,-ասաց նա:
Ջ. Բառնասյանն անձամբ քննադատելու շատ բան ունի, ինչպես ինքն է ասում, գռեհկաբանություններով ու էժանագին սրախոսություններով երեխաների ճաշակը փչացնելու եւ շատ այլ երեւույթների դեմ. «Օրինակ` «Անահիտ» մուլտֆիլմը ոճավորելիս գուցե եւ հաշվի են առել ազգագրության մատուցած տեղեկությունները, բայց խոսքը հնչյունավորված է կեղծ գավառականություն ապահովելու մտայնությամբ: Մուլտֆիլմում հերոսներից մեկը մյուսին ասում է` ցմփորի մեկը, ծաղրուծանակի է ենթարկում, Աղայանի մոտ հանդիպե՞լ եք նման պատկերի»:
Ջ. Բառնասյանի խոսքով` մուլտֆիլմում, օրինակ, հանդիպում ենք «ներողություն խնդրել» կայուն բառակապակցությանը, որը շատ ուշ է ներմուծվել մեր լեզու: «Դավիթ Սահակյանցն էլ իր հոր ձեռագրի համաձայն՝ մուլտֆիլմ նկարելու հարցում մասնագիտական հնարքները լավ օգտագործում է, բայց մուլտֆիլմի լեզվի հարցում խնդիրներ է ունենում: Առհասարակ, մեր մուլտֆիլմերի հիմնական խնդիրներից մեկն էլ բարբառային եւ գրական խոսքի ոչ ճիշտ չափաբաժինն է: Այս պարագայում պետք է դիմել լեզվաբանների, բարբառագետների խորհրդատվությանը: Մենք հո նյութական փոխհատուցում չե՞նք պահանջի, թող մեզ հետ խորհրդակցեն, որ գործը չտուժի»,-եզրափակեց մասնագետը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ` պարզելու համար, թե ինչու նման քննարկումներում կարեւորություն չի տրվում լեզվաբանների մասնակցությանը: «Մենք թերթում հայտարարություն ենք տվել, հո ամբողջ Հայաստանին չե՞նք կարող զանգել-հրավիրել: Մենք չենք հրավիրում, մենք տպում ենք ծանուցում, ով ուզում է, թող մասնակցի»,-ասաց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՄՈՒՏԻՆ ԿԳԱ ԵՐԵՎԱՆ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի մեր մայրաքաղաքում կհյուրընկալի աշխարհահռչակ դերասանուհիներ Օռնելա Մուտիին եւ Նաստասյա Կինսկիին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Ուզում եմ` քաղաքում իսկական տոն լինի: Կարծում եմ` մեր հայտնի հյուրերը միայն կխթանեն այս տոնը»,-նշել է նա` տեղեկացնելով, որ Երեւան կժամանի նաեւ ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն:
12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի կազմում են նաեւ Ռոման Բալայանը, Քշիշտոֆ Զանուսին, Ռոբեր Գեդիկյանը եւ այլք:

 

ԻԳԼԵՍԻԱՍԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Մայամիում Էնրիկե Իգլեսիասին ձերբակալել են` առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար: Այս մասին հայտնել է TMZ-ը: Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել մայիսին, բայց լուրերը միայն հիմա են տարածվել: Հայտնի երգիչը վարելիս է եղել իր սպիտակ Cadillac Escalade-ը, բայց երբ ոստիկանը կանգնեցրել է նրան, Էնրիկեն փորձել է խորամանկության դիմել` վարորդի ղեկը զիջել իր մենեջերին եւ տեղափոխվել ուղեւորի նստատեղ: Սակայն այդ քայլը չի փրկել Իգլեսիասին, եւ նրան ձերբակալել են:

 

ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ
Հայտնի երգչուհի Ռիհանան նոր ռեկորդ է գրանցել եւ անմիջապես հայտնվել միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նա գլխավորել է թողարկված սինգլների համար ամենաշատ մրցանակների արժանացած աստղերի վարկանիշային աղյուսակը: Տեղեկացնենք, որ երգչուհու սինգլները ԱՄՆ-ում վաճառվել են 100 միլիոն օրինակով: Այս մասին հայտնում է ձայնագրությունների արտադրության ամերիկյան ասոցիացիայի կայքը: Աղյուսակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականում հայտնվել են համապատասխանաբար Թեյլոր Սվիֆթը եւ Քեթի Փերին:
Նշենք, որ 10 տարվա իր կարիերայի ընթացքում Ռիհանան թողարկել է 37 սինգլ: Ասոցիացիայի տնօրեն Քերի Շերմանը Ռիհանայի նոր ձեռքբերման առիթով չի թաքցրել իր հիացմունքը. «Սա պատմական ձեռքբերում է եւ հաջողակ կարիերայի ապացույց»,-ասել է նա:




Լրահոս