ՊԱՀԸ ՉԱՆՑՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է վերաբերվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման պատմությանը, ծրագրին, գործունեությանը, անձամբ ԲՀԿ առաջնորդի անցյալին, քաղաքական հմտություններին եւ վարքագծին, մի բան ակնհայտ է. Հայաստանում ավելի քան երկու տարի է` քաղաքական իրադարձությունների առանցքում հենց այս քաղաքական ուժն է. ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀՀԿ-ն, ո՛չ էլ` առավել եւս մնացած մանրումեծ կուսակցությունները: Դեռեւս 2010-ի աշնանից իշխանական դաշտում սկսվեց ներքին լարվածություն, որն ուժեղացավ հատկապես տարեվերջին, ապա հանգուցալուծվեց  2011թ. փետրվարի 17-ի հայտնի կոալիցիոն թարմացված հուշագրի ստորագրմամբ: Սակայն մինչ այդ ՀՀԿ 20-ամյակին Սերժ Սարգսյանը ստիպված եղավ ուղիղ տեքստով դիմել Գագիկ Ծառուկյանին` ասելով, որ նրանից պահանջում է հստակ դիրքորոշման հրապարակում: Ի պատիվ իրեն, որքան էլ ՀՀԿ-ականներն իրենց բոլոր լծակներով ջանացին, այդպես էլ չկարողացան Գագիկ Ծառուկյանից կորզել անձամբ Սերժ Սարգսյանին սատարելու մասին այնքան ցանկալի խոստումը: ԲՀԿ առաջնորդը երկու տարի շարունակ կարողացավ փայլուն կերպով ձգել ինտրիգը` այդ ընթացքում, ըստ էության, Հայաստանի բոլոր ներքաղաքական գործընթացները պայմանավորելով իր` հաջորդ դասին անելիք հայտարարությամբ: Նկատենք, որ ԲՀԿ-ին հաջողվեց  քաղաքական զարգացումների առանցքը ձեւավորել նաեւ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ավելի քան տասն օր ողջ քաղաքական դաշտը, շունչը պահած, սպասում էր` արդյոք ԲՀԿ-ն կմտնի կոալիցիայի մեջ, թե ոչ: ԲՀԿ-ն չմտավ եւ անցած վեց ամիսների ընթացքում հետեւողականորեն առաջ տարավ սեփական քաղաքական գիծը` վերջնական որոշման կայացումը հասցնելով մինչեւ հնարավոր ամենավերջին պահը: Եւ այսօր էլ ողջ քաղաքական դաշտը, շունչը պահած, սպասում է Ծառուկյանի հայտարարությանը, որը նա դեռեւս համառորեն ձգձգում է:
Այսպիսով` պետք է արձանագրենք, որ առնվազն վեց ամիս է` Հայաստանում քաղաքական զարգացումներն ունեն բացառապես ԲՀԿ-ակենտրոն  ընթացք, ինչն ընդամենը հինգ տարվա պատմություն ունեցող արհեստածին, եւ, ըստ էության, ապագաղափարական քաղաքական կուսակցության համար աննախադեպ մեծ ձեռքբերում է: Սակայն, ինչպես եւ միշտ, այս դեպքում եւս կա մեդալի հակառակ կողմը. ինտրիգը պետք է ձգձգել մինչեւ որոշակի պահ, բայց եթե այդ պահը բաց է թողնվում, դրանից հետո այն դառնում է պարզապես անհետաքրքիր ինֆորմացիա: Ներկայում ԲՀԿ-ն կանգնած է հենց այդ պահը կորցնելու  վտանգի առջեւ, երբ իրադարձությունների հնարավոր բոլոր զարգացումների ուղղությամբ էլ կրքերն այնքան տեւական ժամանակ եւ այնքան բուռն են քննարկվել, որ ցանկացած որոշման դեպքում էլ հանրության մի ստվար զանգվածի մոտ հիասթափությունն անխուսափելի է լինելու:




Լրահոս