Վազգեն Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ն վերջերս հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ նախագահի ընտրություններում իրենք թեկնածու չեն առաջադրելու: Նրանք չհայտարարեցին նաեւ, թե ում են սատարելու փետրվարին կայանալիք ընտրություններում: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանից հստակ պատասխան ստանալ, սակայն էլի չստացվեց:
-ԱԺՄ-ն որոշում է կայացրել նախագահի ընտրություններին չմասնակցելու մասին, այնինչ նախկինում դուք մասնակցել եք ՀՀ նախագահի բոլոր ընտրություններին: Ի՞նչն է պատճառը, որ այս անգամ չեք առաջադրվում:
-Ինձ թվում է՝ պետք է բացատրի նա, ով առաջադրվում է, այլ ոչ թե նա, ով չի առաջադրվում: Այն քաղաքացիները պետք է բացատրություն տան, որոնք առաջադրելու են իրենց թեկնածությունը:
-Այսինքն՝ անիմա՞ստ եք համարում ընտրություններին մասնակցելը:
-Նախ եւ առաջ՝ մեր կուսակցությունում ես ասացի, որ իմ թեկնածությունը չեմ դնում: Մյուսների մեջ էլ առաջադրվելու ցանկություն ունեցողներ չկային, եւ որոշվեց՝ թեկնածու չենք առաջադրում: Ես ինքս չցանկացա առաջադրվել, քանի որ ընտրություններին մասնակցելը համարում եմ անիմաստ: Բացի այդ, չեմ ցանկանում առաջադրվել:
-Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը, հնարավո՞ր է՝ առաջադրվեք: Դուք միշտ համարվել եք հակառակորդներ, մրցակիցներ:
-Ինձ թվում է՝ դա կոռեկտ հարց չէ: Ի՞նչ կապ ունի իմ առաջադրվելը Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հետ:
-Չեք հայտարարել նաեւ նախագահի ընտրություններում որեւէ մեկին սատարելու մասին, ինչո՞ւ:
-Ես կարծում եմ՝ հունվարին կուսակցությունով կհավաքվենք, որոշում կկայացնենք: Հիմա ոչ մի թեկնածու չկա առաջադրված, ո՞ւմ սատարենք:
-Բայց կարելի է ենթադրել, որ ձեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք նրան կից Հանրային խորհուրդն եք ղեկավարում:
-Բայց այդ ո՞ր կուսակցությունն է, որ ենթադրությունների հիման վրա որոշում է կայացնում: Եթե առաջադրում չկա, ի՞նչ հայտարարություն անենք:
-Օրինակ՝ ՕԵԿ-ը դեռ 2008թ.-ից է հայտարարել, որ 2013թ. նախագահի ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունն ու այդ միտքը կրկնում են այս հինգ տարիների ընթացքում անընդմեջ: Այսինքն՝ Ս. Սարգսյանը չառաջադրված՝ իրենք արդեն հայտարարում են նրան սատարելու մասին:
-Ինձ ուրիշներին օրինակ մի՛ բերեք: Կա պարզ, տրամաբանական բան, որ երրորդ դասարանում են սովորում՝ եթե չկա թեկնածու, ապա դու չես կարող ասել, թե ում ես սատար կանգնում:
ԵՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ