ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը երեկ հայտարարել է, որ դուրս է գալիս Սեւանի հանձնաժողովից: Նրան զայրացրել է, որ Սեւանի հետ կապված փաստաթղթերը գաղտնի են պահվում, եւ նախարարի հատուկ թույլտվությունից հետո միայն հանձնաժողովի անդամները կարող են դրանք ձեռք բերել եւ ծանոթանալ: Սանասարյանը երեկ հրավիրած ասուլիսում անդրադարձել է նաեւ Սեւանի ձկնապաշարների խնդրին: «Սեւանից ձկների կողոպուտը շարունակվում է, սիգը չունի բնական պոտենցիալ, Սեւանի ափամերձ տարածքները չեն մաքրվում»,-ասել է բնապահպանը` համոզմունք հայտնելով, որ Սեւանի ափամերձ տարածքներում կառուցված 4700 շինությունները (որոնց մեծ մասն ապօրինի է) ջրի տակ չթողնելու համար են Սեւանի ջրերն իջեցնում:
ՀԱԿԱԴՐՎԵ՛Ք ՄԵԾԵՐԻՆ
Նախագահական ընտրություններում, հնարավոր է, իր թեկնածությունն առաջադրի նաեւ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը: Երեկ նա իր ուսանողներին տվել է հետեւյալ խորհուրդները. «Դուք հաճախ եք իշխանությունից ու ընդդիմությունից լսում, որ երիտասարդները մեր ապագան են… թույլ մի՛ տվեք, որ ձեր ապագան կողոպտեն ձեզանից: Ուզում եմ երբեմն հակադրվեք ձեր մեծերին, հակադրվեք ձեր խոսքով, գործելակերպով ու նրանց ներշնչեք այն ճանապարհը, որով պետք է ընթանա Հայաստանը»:
ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատար Բրյուս Դոնահյուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումների, ինչպես նաեւ նոր ձեւավորված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված հարցեր:
ԼԱՎԱՏԵՍ ՐԱՖՖԻՆ
«Ա1+»-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը որեւէ կերպ չի ցանկացել մեկնաբանել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան շաբաթօրյա հանդիպումը: Նա հիշեցրել է, որ հենց ինքն է ժողովրդի հավաքական թեկնածուն: «Կարծում եմ, որ ժողովրդի ձայնը որ հաղթի, կունենա նոր Հանրապետություն` նոր նախագահով եւ, ի վերջո, մի իշխանության, որ ոչ թե վերեւից իշխում է, այլ ծառայում է»: Առաջին անգամ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուն վստահ է, որ 2013թ. ընտրությունները կլինեն արդար եւ ժողովրդական, ինչպես չեն եղել նախորդ 20 տարիների ընթացքում:
ՊԱՐՏՔՆԵՐՍ ԿԱՃԻ
Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին եւս 51.4 միլիոն դոլար կտրամադրի։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլյերմո Տոլոսան։ Նա տեղեկացրել է, որ ԱՄՀ գործադիր խորհուրդն ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» (EFF ECF) ծրագրերի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի ամփոփիչ ստուգումը, ինչն իշխանություններին հնարավորություն է տալիս հիմնադրամից ստանալ 51,4 մլն դոլարի փոխառություն: Այսպիսով՝ հայրենի ձախողակ կառավարությունը Հայաստանի արտաքին պարտքը կծանրացնի հերթական վարկով:
ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԱԱԾ
Դեկտեմբերի 11-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանին նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գործով հրավիրել են ԱԱԾ քննչական վարչություն որպես վկա: Չուգասզյանը Tert.am-ին ասել է, թե տեղյակ չէ` ինչի համար են իրեն հրավիրել ԱԱԾ եւ խոստացել է այդ մասին խոսել ԱԱԾ-ից դուրս գալուց հետո: