Ինձ համար դեռևս պարզ չէ Սահմանադրական դատարանի որոշումը. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սահմանադրական դատարանը քննեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների` Սահմանադրությանը չհամապատասխանելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված դիմումը: ՍԴ-ի հրապարակած որոշումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս անհնար է որեւէ կոնկրետ բան ասել որոշման մասին, մինչեւ այն ամբողջությամբ չհրապարակվի:
Նշենք, որ դիմումի քննարկման ժամանակ երեկ ՍԴ-ում ներկա են գտնվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, որը հանդես է եկել որպես պատգամավորների ներկայացուցիչ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Խաչատրյանը, Արայիկ Աղաբաբյանն ու Էլինար Վարդանյանը: Որպես պատասխանող կողմ հանդես է եկել ԱԺ-ն, որի ներկայացուցիչը ՍԴ-ում ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանն էր:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորները Սահմանադրական դատարան էին ներկայացրել 400-էջանոց հիմնավորում, ըստ որի՝ օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը: ՍԴ անդամ Կիմ Բալայանը փորձել է պարզել, թե ինչո՞ւ օրենքի նախագիծը, մինչ ընդունվելը, ԱԺ մշտական հանձնաժողովներում չի քննարկվել: ԱԺ իրավաբանական վարչության պետը, սակայն, խուսափել է այս հարցին պատասխանելուց` ասելով. «Չեմ պատրաստվել, հարցերին պատասխանելու համար կարող ենք հետաձգել դատը»: Այնուհետեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ դատարանն անցնում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Որոշման հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետարքրքվել, թե ինչպես է գնահատում այն, քանի որ այդ որոշմամբ, ըստ էության, որեւէ բան չփոխվեց: «Ըստ վիճարկվող օրենքի՝ գնաճով ճշգրտվում է միայն այն գումարը, որ քաղաքացու աշխատավարձից է տարվել, հաշվի առնված չէ, որ բյուջեն, եթե հատկացում է կատարում, ապա դա էլ քաղաքացու սեփականությունն է: Այս մասով կտրուկ եւ միանգամից է ճանաչում Սահմանադրությանը հակասող, քանի որ ընդամենը 1 մասն է ինդեքսավորվում: Բայց ինձ համար այս հրապարակումից, համենայնդեպս, դեռեւս պարզ չէ ընթացակարգային խախտումների վերաբերյալ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ մեր պահանջը երկու հիմնական հարթության մեջ էր: Գուցե շատերի ակնկալիքն այն էր, որ կտրուկ մեկ անգամից պետք է ասվեր, որ Սահմանադրությանը հակասում է: Բայց ես խնդրում եմ՝ չշտապենք, առաջիկա օրերին որոշումը կհրապարակվի, եւ առավել մանրամասն կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ որպես դիմող կողմի ներկայացուցիչներ»,-եզրափակեց պատգամավորը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս