Փեսա կա` աներձագին պատգամավոր է դարձնում, փեսա էլ կա` իրեն օգնող աներձագին սպանում, երեխաներին որբ է թողնում, ինչպես Յուրիկ Թադեւոսյանը: Որսորդմիության անդամ 51-ամյա Յուրիկը գարնանային մի օր վերցրել է որսորդական հրացանը, գնացել Ներքին Չարբախ` աներորդու խորտկարան, ու գրեթե առանց նախաբանի մի քանի կրակոցներով սպանել իր աներորդի Վարդան Վարդանյանին եւ ծանր վիրավորել նաեւ զենքի սպառնալիքի տակ ծնկի իջած նրա աներորդի Դավիթ Բաղդասարյանին: Եթե այդ պահին այնտեղ հայտնված մատուցողուհին էլ «աներձագ լիներ», աներձագերին ատող Յուրիկը երեւի նրան էլ կսպաներ կամ կվիրավորեր, բայց նրա բախտը բերել է…
Վերջերս դատարան մտած այս գործից պարզվել է, որ կրակոցների նախաբանը 17 տարվա պատմություն ունի: Յուրիկն ամուսնությունից` 1995թ. հետո կնոջն օր ու արեւ չի տվել: Չնայած այդ ամենին` աներոջ ընտանիքը միշտ նյութապես աջակցել է նրան, աներձագը օգնել է Յուրիկին. մի փոքրիկ համատեղ բիզնես` ավտոլվացման կետ են բացել իրենց հողակտորում գտնվող խորտկարանի կողքին, որպեսզի քույրն ու ամուսինը կարողանան մեծացնել իրենց երկու երեխաներին: Իսկ երբ ամուսինների համատեղ կյանքն անտանելի է դարձել, կինը դստեր հետ տեղափոխվել է հայրական տուն:
Երբ Յուրիկը սկսել է իր այցերի ժամանակ էլ վիրավորել ու անպատվել հայրական տանը գտնվող կնոջը, վերջինիս հարազատների համբերության բաժակը լցվել է. աներորդին կտրել է տնից ավտոլվացման կետ անցկացված հոսանքի լարը` չցանկանալով շարունակել համատեղ բիզնեսը, եւ փեսային ասել, որ ավտոլվացման կետն օբյեկտի տարածքից պետք է հանվի: Հենց դա էլ Վարդանի հետ բախվելու հերթական առիթն է դարձել: Ըստ մեղադրանքի` Յուրիկը ս. թ. մարտի 9-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գնացել է Վարդանի խորտկարան, ասել` «էրեխեքիս հացին վայիս եք լինում» ու իր որսորդական հրացանով մի քանի անգամ կրակել 31-ամյա Վարդանի որովայնին: Նա չի խնայել նաեւ Վարդանի աներձագին` 24-ամյա Դավիթ Բաղդասարյանին, որն այդ պահին այնտեղ է գտնվել եւ խնդրի հետ կապ չի ունեցել. Յուրիկը զենքը պահել է նրա գլխին, ստիպել ծնկի իջնել եւ Վարդանին հրազենով վիրավորելուց հետո 2 կրակոց էլ արձակել է Դավիթի ոտքերին` ծանր վնասելով նրա ձախ ոտքը: Եւս մեկ անգամ Վարդանի վրա կրակելուց հետո Յուրիկը ցանկացել է երրորդ անգամ կրակել Դավիթի վրա. վերջինս խնդրել է չսպանել իրեն, բայց Յուրիկը զենքի փողն ուղղել է նրա վրա եւ ձգանը քաշել. վերջինիս բախտից` կրակոց չի արձակվել, քանի որ հրացանի մեջ փամփուշտ չի եղել: Դրանից հետո Յուրիկը զենքը վերցրել է, նստել աներորդու մեքենան ու գնացել ոստիկանության Մալաթիայի բաժին` հանցանքը խոստովանելու:
Դավիթն ու Վարդանը տեղափոխվել են «Էրեբունի» բուժկենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են Դավիթին վիրահատել եւ կյանքը փրկել, իսկ Վարդանը դեպքից 1 ժամ անց մահացել է: Նույնիսկ այդքանից հետո Յուրիկը չի թոթափել 17 տարի իր մեջ կուտակած չարությունն ու նենգությունը, եւ սպանված Վարդանի մոր ու հարազատների վրա դատարանում մատ է թափ տվել ու հոխորտացել. «Մեկ ա, ձեր ունեցածը չեք վայելելու…», իսկ կնոջը դառնալով` զգուշացրել. «Տղեդ ա քեզ սպանելու»: Դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու, սպանելու եւ առանց տիրանալու նպատակի ուրիշի ավտոմեքենան առեւանգելու մեջ մեղադրվող Յուրիկը միայն մասամբ է մեղքն ընդունել. դատարանում հայտնել է, որ ինքը սպանելու դիտավորություն չի ունեցել եւ միայն կրակելու համար է իրեն մեղավոր ճանաչել:
Դատարանում Յուրիկի դրսեւորած պահվածքում դատական նիստին ներկա անձանցից շատերը զղջման որեւէ նշույլ չեն նկատել: Վարդանյանների ընտանիքին ճանաչողները մեզ հետ զրույցում նշում էին, որ «բարոյականության մեռած» այդ ընտանիքն իրենց դստեր հետ միասին տարիներ շարունակ տառապել է այդ փեսայի ձեռքը. անընդհատ փորձել են հարթել ընտանեկան կոնֆլիկտը, որպեսզի երեխաները կարողանան լիարժեք ընտանիքում մեծանալ` երկկողմ ծնողական խնամքի ներքո, բայց դրա գինը եղել է Յուրիկի կնոջ ֆիզիկական ու հոգեբանական տառապանքը: Դատարանում դա հաստատել է նաեւ ամբաստանյալի կինը. նա իր ցուցմունքում, արցունքն աչքերին, պատմել է, որ ամուսինը անհիմն խանդի պատճառով կամ ինչ-որ առիթներ գտնելով` միշտ վիրավորել, ստորացրել ու այնպես է ծեծել, որ ինքը, չդիմանալով այդ ամենին, ժամանակ առ ժամանակ փախել ու ապաստան է գտել ծնողների տանը: Իսկ վերջում փորձել է դատարանով ամուսնալուծվել, սակայն ամուսինը չի եկել դատարան, փորձել է դատարանի միջոցով հոր մոտ ապրող անչափահաս որդուն տեսնելու իրավունք ստանալ (դատարանն այդպես էլ որոշել էր), սակայն ամուսինը խոչընդոտել է:
Իսկ դեպքից որոշ ժամանակ առաջ, սպանված Վարդանի կնոջ պատմելով, Յուրիկը ոչ միայն անընդհատ սպառնացել է, այլեւ փորձել Վարդանին մեքենայի տակ գցել:
Դեպքից հետո ողջ մնացած Դավիթը մինչ օրս հենակներով է քայլում, Վարդանի երկու անչափահաս երեխաները մնացել են առանց հոր խնամքի, իսկ Յուրիկը դեռ հոխորտում է…
Հ.Գ. Դատավարությունը շարունակվում է, ու երեւի սա այն դեպքն է, երբ դատարանը պետք է, նախատեսված ամենախիստ պատիժը նշանակելով, փորձի ուղղել Յուրիկ Թադեւոսյանին ու փրկել բոլոր այն երեխաներին, որոնք կարող են որբանալ ու չարանալ Յուրիկի` ազատության մեջ մնալու կամ շուտ ազատ արձակվելու դեպքում…
ՄԱՏՈՒՑՈՂՆ ԷԼ «ԱՆԵՐՁԱԳ ԼԻՆԵՐ»` ՅՈՒՐԻԿԸ ԿՍՊԱՆԵՐ…
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ