Հնարավոր է՝ ԱՄՆ-ն առաջիկայում չեղյալ հայտարարի «Green Card»-ի խաղարկությունը: Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է ամենամյա այդ խաղարկությունը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը:
Նախաձեռնության հեղինակ, հանրապետական Դարել Այսան նման քայլը հիմնավորել է այն անհրաժեշտությամբ, որ միգրացիոն այդ վիզաները պետք է տրամադրվեն այնպիսի մարդկանց, որոնք ԱՄՆ են մեկնել նոր աշխատատեղեր ստեղծելու ակնկալիքով: Օրինագիծը պետք է արժանանա նաեւ Սենատի հավանությանը: Նշենք, որ անցյալ տարի ՀՀ-ում 1268 հոգի է «Green Card» շահել, իսկ անկախացումից ի վեր՝ 19 հազար 358 մարդ: Ընդհանուր առմամբ, աշխարհում տարեկան խաղարկության է դրվում 55 հազար քարտ:
ՀԱՐՑ. Որքանո՞վ եք հավանական համարում «Green Card»-ի ամենամյա այդ խաղարկությունը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը, եւ առհասարակ, որքանո՞վ է այն շահեկան հայերի համար, եթե իհարկե շահեկան է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ տպավորությամբ՝ այդ օրինագիծը մոտ է հաստատվելուն: Կարծում եմ՝ այդ որոշումը ծանր կացության, խնդիրների մեջ կգցի մարդկանց, քանի որ մարդիկ այլեւս չեն կարողանա պաշտոնապես հեռանալ (դա օրինական ուղի էր հեռանալու համար): Սակայն, ինչպես նկատում ենք, Ռուսաստանն էլ «Համերկրացիներ» ծրագիրն է փակել: Մարդիկ լավ օրից չէ, որ գնում են, բայց մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունների համար սա օրինակ պետք է լինի, որ ռեալ մտածեն, որպեսզի իրավիճակը փոխվի, եւ մարդիկ չցանկանան գնալ: Քաղաքական առումով դա լավ է, որ մարդիկ կանգ առնեն, չլքեն երկիրը: Ալեքսանդր Երկրորդը լավ խոսքեր ունի. երբ Ղրիմում կարապները թռչում են՝ ձմեռելու, ասում են՝ եկե՛ք թեւերը քաշենք, որ չթռչեն: Բայց այդ ամենից հետո էլ անգամ կարապները թռչում են, ինչից հետո այն մարդը, որ պետք է քաշեր կարապների թեւերը, ասում է, թե լավ է պետք կերակրել, որպեսզի չթռչեն: Ասել կուզեմ, որ եթե լավ չկերակրեն, մարդիկ կգտնեն գնալու ձեւը: Ինչ-որ տեղ համոզված եմ, որ այդ որոշումը կընդունվի, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե աշխարհն ուզում է, որ Հայաստանը դատարկվի:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Բազմաթիվ անգամ են այդ նախաձեռնություններով հանդես եկել, եւ այն մշտապես տապալվում է: Այս դեպքում էլ, կարծում եմ, որ օրինագիծը կտապալվի, քանի որ ԱՄՆ-ը չի աղավաղի կամ վտանգի չի ենթարկի իր ժողովրդական իմիջը: Ես վստահ եմ, որ օրինագիծը չի ընդունվի: Մենք բազմիցս քննարկել ենք միգրացիոն ուղիները դեպի ԱՄՆ, Ռուսաստան: Հայաստանի պարագայում պետությունը պետք է այնքան գրավիչ լինի, որ մարդիկ չարտագաղթեն: Երկու պարագայում էլ ես չէի ցանկանա, որ արտագաղթը լիներ, քանի որ պետության ապահովության եւ բարեկեցության ցուցանիշն իր բնակչությունն է:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ