«Մշակույթն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է ռեալիզացվել». դիմորդների ընդհանուր թիվը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տարվող մշակութային քաղաքականության հետեւանքներն ու մշակութային սահմանափակ արտադրությունն ուղիղ համեմատական են մշակույթի ոլորտի մասնագետների ցածր պահանջարկին: Դրա արդյունքում դիմորդները ցանկություն չեն ունենում ընտրել այնպիսի մասնագիտություն, որը դաշտում լիարժեք ռեալիզացվելու հնարավորություն չի տալու:

«Ժողովուրդ»-ը ՀՀ որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանում (որոնք կատարում են տվյալ մասնագիտությամբ ընդունելություն) փոքրիկ մոնիտորինգ է անցկացրել` պարզելու համար, թե 2015/2016 ուսումնական տարում

«Մշակութաբանություն» մասնագիտության գծով դիմորդներն (առկա ուսուցում, բակալավրիատ) ինչ թիվ են կազմում, նախորդ տարվա համեմատ այդ թիվն աճե՞լ է, թե՞ նվազել: Այսպիսով` Երեւանի պետական համալսարանում «Մշակութաբանություն» մասնագիտության գծով 3 անվճար տեղի համար դիմել է 19 հոգի (առաջին հայտով), այնինչ նախորդ տարի եղել է 27 դիմորդ, այսինքն` դիմորդների թիվը 8-ով նվազել է:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Մշակութաբանություն» մասնագիտության գծով դիմել է 15 հոգի (առաջին հայտով), այդ թիվը նախորդ տարվա համեմատ ավել է ընդամենը 1-ով:

Արվեստաբան, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս ցուցանիշը պայմանավորեց ոչ միայն օբյեկտիվ պատճառներով (արտագաղթ, աղքատություն), այլեւ մշակույթի ոլորտին առնչվող սուբյեկտիվ խնդիրներով:

«Մշակույթն այն ոլորտը չէ, որտեղ ներգրավվելով հնարավոր է ռեալիզացվել: Մշակութաբանն, օրինակ, կարող է աշխատել հետազոտական հաստատություններում, օրինակ` գիտությունների ազգային ակադեմիայում, կամ կարող է իրեն դրսեւորել դասախոսական ոլորտում. այսինքն` ոլորտը սահմանափակ է: Նա, նեղ մասնագիտացված լինելով, կարող է ընտրել, օրինակ` բիզնես ոլորտը, ասենք` մշակութային տուրիզմը, կամ կարող է աշխատել մեդիաների հետ, դառնալ քննադատ, այս հնարավորությունները գուցե հեռանկարային լինեն, սակայն դրանք դեռ նախնական զարգացման փուլում են. դեռեւս աշխատատեղերի խնդիր կա»,-մեկնաբանեց նա:

Ն. Կարոյանը նաեւ հավելեց, որ մշակույթի ոլորտի աշխատակիցների ցածր աշխատավարձերի խնդիրը եւս մնում է չլուծված. «Մշակույթը մեզ մոտ համարվում է երկրորդական, լրացուցիչ սպեկտոր, որը բավարար ուշադրության չի արժանանում: Թանգարանների աշխատակիցների աշխատավարձերն, օրինակ, նվազագույն աշխատավարձից մի քիչ են բարձր, դրանով հնարավոր չէ մինիմալ ծախսերը հոգալ, ուստի մարդիկ ոգեւորությամբ չեն վազում դեպի այդ ոլորտ»,- ասաց նա:

Ն. Կարոյանի համոզմամբ՝ մենք, առհասարակ, մշակույթի ոլորտի բարձիթողի վիճակի հետ կապված խնդիր ունենք, սկսած մշակութային քաղաքականությունից եւ մշակութային տնտեսությունից: «Մշակութաբանները նաեւ այն մասնագետներն են, որոնք ուսումնասիրում են մշակութային ժառանգությունը եւ մշակույթի ընթացիկ վիճակը, իսկ եթե մշակութային արտադրություն չկա, կամ սահմանափակ է, նշանակում է` չկա դիտարկում, մեկնաբանություն, վերլուծություն, չկա ԶԼՄ, որը կունենա մշակութաբան կամ արվեստի ոլորտի մեկնաբան սյունակագիր, այսինքն` մշակութային քննադատությունը հանրային պահանջ չունի»,-նկատեց նա:

«Ժողովուրդ»-ը նաեւ մշակույթին եւ արվեստին առնչվող մասնագիտությունների ընդունելություն կազմակերպող բուհերից հետաքրքրվել է` ուսումնական այս տարում որքան է կազմել դիմորդների ընդհանուր թիվը, արդյոք այն նվազել է, թե աճել: Արդյունքում պարզել ենք, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն այս տարի ունեցել է 212 դիմորդ, իսկ, ահա, նախորդ ուսումնական տարում եղել է 225 դիմորդ, այսինքն` թիվը 13-ով նվազել է:

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան ուսումնական այս տարում ունեցել է 189 դիմորդ, նախորդ տարվա համեմատ 10 հոգով պակաս:
Երեւանի գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում 20 դիմորդից քննության են ներկայացել 18-ը: Նախորդ տարվա ցուցանիշի համեմատ (13 հոգի) դիմորդների թիվն աճել է:

Երեւանի մշակույթի համալսարանում դեռեւս ամփոփվում է դիմորդների վերջնական թիվը, սակայն այնտեղից մեզ հայտնեցին, որ պատկերը բավական տխուր է. «5-6 դիմորդ հազիվ ունենանք»,-տեղեկացրին բուհից:

Իսկ Երեւանի պետական համալսարանում «Արվեստաբանություն» մասնագիտության գծով դիմորդների թիվն ուսումնական այս տարում կազմել է 23 հոգի (5 անվճար տեղի համար): Այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 3-ով:

Աննա Բաբաջանյան




Լրահոս