Ի պատասխան ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի՝ 2013թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Թրաֆիքինգի զոհերին պետական աջակցություն» ծրագրի մասին հայտարարության՝ սոցապնախարարությունը երեկ հաղորդագրություն է տարածել:
«Թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանում իրականացվում է երեք ուղղություններով, որոնցից մեկը թրաֆիքինգի զոհերին աջակցության կազմակերպումն է: Օգնությունը հիմնված է գոյություն ունեցող միջազգային չափանիշների վրա ՀՀ-ի կողմից ստանձնած պարտավորությունների վրա եւ բխում է «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին» ԵԽ կոնվենցիայի եւ այլ միջազգային իրավական ակտերի պահանջներից:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի իշխանությունների կողմից ՄԱԿ-ի կոնվենցիայի չկատարումը կարող է հանգեցնել տնտեսական սանկցիաների երկրի նկատմամբ:
Թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քաղաքականությունն իրականացվել է երեք Ազգային ծրագրերով՝ 2004-2006թթ., 2007-2009թթ., 2010-2012թթ.: Ծրագրերի շարունակականությունն ապահովելու է 2013-2015թթ. չորրորդ եռամյա Ազգային ծրագիրը, որի մշակման աշխատանքները մոտենում են ավարտին:
ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը մեկնարկել է 2009թ. եւ շարունակական է: Ծրագրի շրջանակներում զոհերին ցուցաբերվում է առաջնային օժանդակություն, կազմակերպվում են նրանց վերականգնողական աշխատանքները՝ բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու տեսքով, ինչը նախատեսվել է 2007-2009թթ. եւ 2010-2012թթ. Ազգային ծրագրերի միջոցառումների ժամանակացույցերում:
Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ» բարեգործական կազմակերպության հետ 2009թ., համաֆինանսավորման եղանակով՝ համաձայն կողմերի միջեւ ստորագրված պայմանագրի:
Նշված ժամանակահատվածում «ԱՄՔՈՐ» բարեգործական կազմակերպությունը դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ ապահովել է հիմնական ծախսերը եւ պետական բյուջեից օգտագործել է միայն կազմակերպության տարածքի վարձակալության համար նախատեսված գումարը: Չօգտագործված գումարները ետ են վերադարձվել բյուջե:
Այսպես. 2009թ. ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 16,4 մլն դրամ (չի օգտագործվել), 2010թ.՝ 25,966.4 հազ. դրամ (օգտագործվել է 6. 072, 00), 2011-ին՝ 32.874.00 (օգտագործվել է 6,624,000.0) եւ 2012թ.՝ 6,624,000.0 (օգտագործվել է): 2013թ. ծրագրի համաֆինանսավորման գումարի չափը որոշվել է՝ նկատի ունենալով վերջին տարիների փաստացի ծախսերը:
Հարկ է նշել, որ «ԱՄՔՈՐ»-ը 2012թ. մայիսին նամակով դիմել է նախարարություն՝ պայմանագրի համապատասխան տողում փոփոխություն կատարելու եւ ֆինանսավորման ներկայիս չափը կրկնապատկելու մասին, սակայն 2013-2015թթ. ՄԺԾ ծախսերի ծրագրում ներկայացված հայտը չի հաստատվել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կարեւորում է թրաֆիքինգի զոհերին աջակցության ծրագիրը եւ առաջարկում կարծիք հայտնելուց առաջ ուսումնասիրել ծրագրի անհրաժեշտությունը, նպատակը եւ արդյունքները»:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ