ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ ժամանակ է, ինչ ոստիկանության պահակակետերը հանվել են Դիլիջանի ոլորանների սկզբնամասից եւ Իջեւան քաղաքի ծայրամասից: Դրանք տեղադրված էին, որպեսզի կանխեն Տավուշի մարզից դեպի Երեւան եւ հանրապետության այլ վայրեր ապօրինի փայտանյութի արտահանումը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին եւ 7-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունն անտառաշատ Տավուշի մարզի տարածքում ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ստուգումներ էր կատարել անտառներում, անտառտնտեսություններում, սղոցարաններում, փայտամշակման ձեռնարկություններում եւ փայտի չորանոցներում: Արդյունքում հարուցվել է 9 քրեական գործ, որով պետությանը հասցված վնասը կազմել է 8 միլիոն 204 հազար 500 դրամ: Միաժամանակ նախապատրաստվել են 11 նյութեր, որոնցով հանցակազմը չի բավարարել քրեական գործ հարուցելու համար, իսկ վարչական իրավախախտման փաստերով պետությանը հասցված վնասը կազմել է 1 միլիոն 721 հազար 990 դրամ: Ստուգումների  արդյունքում ոստիկանության 5 աշխատակից, այդ թվում Իջեւանի ոստիկանապետը, ազատվել են աշխատանքից: Նշենք, որ մինչ այդ ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով հարուցվել էր մեկ քրեական գործ, ձերբակալվել էր Գանձաքար գյուղի մի բնակիչ: Ոստիկանական օպերացիան ավարտվեց, սակայն ապօրինի անտառահատումների պատճառները  պահպանվեցին: Դեկտեմբերի 6-ին Տավուշի մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ մարզի դատախազ Աննա Մանթաշյանը հանգամանալից ներկայացրեց անտառային ոլորտում կոռուպցիա ծնող պատճառները: Մարզի անտառամերձ բնակավայրերի մի մասը դեռեւս գազաֆիկացված չէ, եւ բնակիչները ողջ տարին վառելափայտ են օգտագործում: Անտառները ձգվում են հազարավոր հեկտարներով, եւ առանց տրանսպորտային միջոցների աշխատող, ամսական 50 հազար դրամ աշխատավարձ ստացող անտառապահը չի կարող լիարժեք հսկողություն իրականացնել իրեն հանձնված անտառային ընդարձակ տարածքներում: Բնակչության ցածր եկամուտները, գործազրկության մեծ տոկոսը, անտառային ոլորտում գոյություն ունեցող օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերի հակասությունները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ համակարգի պաշտոնյաների անպատժելիության զգացումը, տեղական բնակչության` հանցավոր տարրերի հետ  սերտաճումը եւ անտառի հաշվին հարստանալու ձգտումը հանգեցնում են ապօրինի անտառահատման մեծ ծավալների:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս