«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` բենզինի գինը Հայաստանի բենզալցակայաններում 10 դրամով թանկացել է: Երեկ փորձեցինք ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից պարզել, թե արդյո՞ք իրենց կառույցը վերահսկում է բենզինի շուկայում տեղի ունեցող զարգացումները, եւ որքանո՞վ են հիմնավոր թանկացումները: «Հանձնաժողովի կողմից կատարված գնագոյացման մի շարք հաշվարկները ցույց են տալիս, որ բենզինի շուկայում գործող երկու խոշոր ընկերությունների («Ֆլեշ» ՍՊԸ եւ «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ) վարքագիծը հիմնականում համապատասխանում է ծախսային հոդվածների փոփոխություններին՝ ինչպես գների բարձրացման, այնպես էլ նվազման դեպքում»,- ասաց Գայանե Սահակյանը:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղարը նաեւ հաստատեց, որ իրենց հանձնաժողովի ուսումնասիրություններով եւս հաստատվել է, որ բենզինի գինը բարձրացել է: «Ներկայումս Հանձնաժողովը շարունակում է հետեւել այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին եւ գների բարձրացման միտումները շարունակվելու դեպքում Հաձնաժողովն անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի՝ գնային փոփոխությունների հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,- ասաց Գայանե Սահակյանը: Մի խոսքով, ինչպես միշտ, Արտակ Շաբոյանի գլխավորած հանձնաժողովը դիտորդի դերում զբաղվում է փոփոխությունների արձանագրմամբ: Ու պարզ չէ, թե ինչի համար է նա վարձատրվում ընդհանրապես՝ Ֆլեշի քմահաճույքները կատարելո՞ւ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: