ԵԶԱԿԻ ԱԴԱՄԱՆԴ
Նյու Յորքում՝ Christie՚s աճուրդում, 2,1 մլն դոլարով վաճառվել է յուրօրինակ, կարմրանարնջագույն երանգով 3 կարատանոց եզակի ադամանդ: Կարմիր գույնն ալմաստների համար համարվում Է հազվագյուտ. չմշակված ալմաստների յուրաքանչյուր մեկ միլիոն կարատին բաժին Է ընկնում մեկ կարատ վարդագույն կամ կարմիր ալմաստ: Աշխարհին հայտնի է ընդամենը երեք կարմիր ադամանդ ավելի քան հինգ կարատ քաշով:
ՍՊԱՆԵԼ Է
Սվերդլովսկի շրջանում ոստիկանությունը ձերբակալել է 30-ամյա մի երիտասարդի, որը բռնաբարել եւ սպանել է մուրացկան տղայի: Երիտասարդը երեխայի հետ ծանոթացել է սրճարանում, երբ վերջինս մոտեցել էր իրեն՝ գումար խնդրելու: Հետո տղային հրավիրել է իր տուն, որտեղ էլ բռնաբարել է, ապա սպանել: Հանցագործությունը կատարելուց հետո նա երեխայի դիակը տարել է փողոց՝ իր տնից մոտ 200 մետր հեռավորության վրա, զանգահարել ոստիկանություն եւ հայտնել, որ դիակ է գտել: Ավելի ուշ նա խոստովանել է իր մեղքը:
ՎԵՐԱՐԿՈՒՈՎ ԿԱՊԻԿԸ
Տորոնտոյում IKEA-ի խանութ է այցելել կապիկը՝ ձմեռային վերարկուով: Խանութի այցելուները լուսանկարել են կենդանուն, նրա մասին գրել Twitter-ում, եւ շատ արագ կապիկի մասին լուրը տարածվել է սոցցանցերում: Ավելի ուշ պարզվել է, որ կենդանին փախել է տերերի մեքենայից: Մասնագետները նշել են, որ կապիկն առողջ է, սակայն խանութ այցելելուց հետո սթրես է տարել: Կենդանու տերերը կտուգանվեն 240 դոլարով, իսկ կապիկին նրանց չեն վերադարձնի, քանի որ Օնտարիո նահանգում արգելված է կապիկ պահելը: