ՀԱՐՑ. Օրերս անշարժ գույքի առքուվաճառքի մի գործարքի մասին հետաքրքրվելիս իմացա, որ նոտարի դիմելու կարիք այլեւս չկա: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ է փոխվել անշարժ գույքի վաճառքի կամ ձեռքբերման գործարքի ընթացակարգում, որքան դրամական մուծումներ են նախատեսվում այժմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքում 2012թ. հունվարից Երեւանում, իսկ հոկտեմբերի 15-ից` նաեւ մարզերում, անշարժ գույքի որոշակի` ՀՀ կառավարության 22.12.2011թ. N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխանող գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը վերացավ, որի այլընտրանք է պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:
Անշարժ գույքի հետ կապված ցանկացած գործարք կատարելու համար անհրաժեշտ է կադաստրի համակարգից ձեռք բերել գործարքի առարկա հանդիսացող անշարժ գույքի միավորի տվյալների վերաբերյալ միասնական տեղեկանք, որի տրամադրման համար սահմանված է 10 000 դրամ վճար: Այնուհետեւ գործարքի կողմերի ընտրությամբ գործարքը կարող է իրականացվել նոտարական կարգով կամ ստորագրությունների իսկության ճանաչմամբ` կադաստրի համակարգում: Ընդ որում, կադաստրի համակարգում գործարքի կնքումը իրականացվում է անվճար եւ անմիջապես ընդունվում է իրավունքի գրանցման համար:
Անշարժ գույքի գործարքից (ե՛ւ նոտարական կարգով, ե՛ւ ստորագրությունների իսկության ճանաչմամբ կնքված) մեկ գույքային իրավունքի պետական գրանցման համար սահմանված է 25 000 դր. վճար եւ տվյալ գործարքին համապատասխանող պետական տուրքի վճար:
պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր է, որ գործարքի ժամանակ նոտարի մասնակցությունը քաղաքացու գրպանին ո՛չ վնասում է, ո՛չ օգնում, բայց նա իրավունք է ստանում մեկ քայլ շահելու՝ շրջանցելով նոտարին. իսկ դա արդեն մեկ քայլ առաջ է: