ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դպրոցական թոռանս մոտ կարճատեսություն եմ կասկածում, քանի որ հաճախ երկար ժամանակով համակարգչի մոտ է անցկացնում ու սկսել է աչքերը կկոցել: Կցանկանայի տեղեկանալ, թե ինչպես է առաջանում կարճատեսությունը, ինչպես կարելի է կանխել այն:

Օֆելյա Գասպարյան (65 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարճատեսությունը տեսողության թերություն է, որի ժամանակ մարդը վատ է տեսնում հեռուն: Առաջանում է ակոմոդացիայի խանգարման հետեւանքով, երբ աչքի ոսպնյակը կորցնում է իր ձեւը փոխելու ընդունակությունը, դառնում է ավելի ուռուցիկ: Կարճատեսության զարգացմանը նպաստում են թույլ լուսավորվածությունը, մոտ տարածությունում գտնվող առարկաների հետ աշխատանքը (կարդալ, գրել, որոշ արհեստներ): Սովորաբար զարգանում է դպրոցական տարիներին, տարիքի հետ նրա աստիճանը կարող է բարձրանալ: Տեսողական աշխատանքի յուրաքանչյուր 30-40 րոպեից հետո անհրաժեշտ է 10-15 րոպե ընդմիջում անել: Հարկավոր է երեխային արգելել կարդալ անկողնում, հատկապես անբավարար լուսավորության ժամանակ: Արդեն առաջացած կարճատեսության դեպքում հիմնական խնդիրը զարգացումը դանդաղեցնելն է: Խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով կատարել դեղորայքային բուժում` նշանակված բժշկի կողմից: Բուժման դեպքում լավանում է աչքի սնուցումը, եւ ամրանում են պատերը:
Կարճատեսության սկզբնական շրջանում շատ օգտակար են հատուկ վարժությունները, որոնց օգնությամբ հաճախ կարելի է դադարեցնել կամ դանդաղեցնել հետագա զարգացումը:

Լուսինե Մովսիսյան (մանկաբույժ)

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր օրերում համակարգիչը հատկապես երեխաների համար դարձել է զվարճանքի ու սոցցանցերով շփման զբաղմունք: Այն ձեռք բերելուց առաջ նախ մտածենք՝ ինչ հնարավորություններ ենք ուզում զարգացնել նրանց համար. չէ՞ որ աչքի լույսի հաշվին, հաճախ անգիտակցաբար, մի բան էլ կորցնում ենք, ոչ թե նպաստում նրանց գիտելիքներն ավելացնելուն:




Լրահոս