Ասեցին՝ գնդակն իշխանությունների դաշտում է՝ թայմ-աուտ. Խոսրով Հարությունյանը՝ «Ոչ թալանին» նախաձեռնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀԷՑ-ում սպասվող աուդիտին, նշեց՝ աուդիտը միայն ֆինանսական հոսքերի ստուգում չէ, այլ ծախսերի, կորուստների ու աշխատանքի արդյունավետության ստուգում է:

Նրա խոսքով, էներգետիկ համակարգում ներդրումներ են արվել, սակայն համակարգում կորուստների մակարդակը էապես չի նվազել:

Ըստ նրա, պետք է փարատել այն կասկածը, որն այդ գործընթացի նկատմամբ օբյեկտիվորեն ձևավորված է հանրության շրջանում: «Կամ այդ կասկածները կարդարացվեն և պատասխանատու պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության, կամ այդ բոլոր կասկածները կփարատվեն, այսինքն անհիմն կդառնան»,- նշեց Հարությունյանը:

Պատգամավորը, խոսելով «Ոչ թալանին» նախաձեռնության մասին, նշեց, որ տպավորված է քաղաքացիական նախաձեռնության լիդերների վարքով, որոնք դրսևորեցին պատասխանատու քաղաքացու դիրքորոշում:  «Նրանք մինչև վերջ հարցը սրեցին և առաջին արձագանքն իշխանություններից ստացվեց, գնահատեցին այն որպես քայլ և ասեցին՝ լավ, գնդակը իշխանությունների դաշտում է՝ թայմ-աուտ»- ասաց նա:

Խ. Հարությունյանը, անդրադառնալով հանրության շրջանում առկա կարծիքին, թե պետք է ողջ երկրի պետական ու մասնավոր կառույցներում աուդիտ անցկացնել, նշեց. «Եկեք, անենք աուդիտ, բայց այդպես էներգետիկ համակարգի վերականգմանը չենք հասնի, այդպես կտապալվի համակարգը»:

Արփինե Թովմասյան




Լրահոս