Շուտով կմեկնարկի «Ռուսաստանի ձայն»-ի նոր եթերաշրջանը, եւ, ինչպես արդեն հայտնի է, երաժշտական այդ նախագծում իրենց ուժերը կփորձեն Արամ MP3-ն ու Աննա Խաչատրյանը: Նրանք անցել են նախընտրական փուլն ու պատրաստվում են օգոստոսին կրկին մեկնել Մոսկվա` մասնակցելու կույր լսումներին: Դեռ նոր էին այս մասին լուրերը տարածվել համացանցում, սակայն սոցցանցերի օգտատերերը հասցրել էին Աննայի եւ Արամի` մրցույթին մասնակցելու վերաբերյալ ոչ միանշանակ դիտարկումներ անել: Նրանց մի մասը պնդում է, որ մեկ բեմում սկսնակ երգիչների կողքին հայտնվելով՝ մեր արդեն կայացած աստղերի համար հարմարավետ չի լինի, մյուս մասն էլ այն համոզման է, որ ոչ հաջող ելույթի դեպքում մեր երգիչները ստիպված կլինեն քննադատության հերթական ալիքի տակ ընկնել:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց երգչուհի Աննա Խաչատրյանի հետ` պարզելու համար, թե ինչ սպասելիքներ ունի մրցույթից եւ ինչպես է վերաբերվում իր մասնակցության շուրջ քննադատական կարծիքներին:
«Ես ոչինչ չեմ ուզում մրցույթից ստանալ, միայն ուզում եմ հաճույք ստանալ նվագախմբի հետ երգելուց: Հայաստանից դուրս ավելի հայտնի դառնալու մտադրություն բացարձակ չունեմ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է «սկսնակների» կողքին հանդես գալուն, ապա Աննա Խաչատրյանը վստահեցրեց, որ «Ռուսաստանի ձայն»-ում սկսնակներ առհասարակ չկան. «Այնտեղ պատահական մարդիկ չկան, շատ դաժան ընտրություն է կատարվում»,-նշեց Աննան` հավելելով, որ ինքը մրցույթի նախընտրական փուլում հանդիպել է հայաստանցի մի հայտնի երգչուհու, որին չի հաջողվել անցնել հաջորդ փուլ: Նրա անունը, սակայն, Աննան չցանկացավ տալ:
Ինչ վերաբերում է անհաջող ելույթի հետեւանքով հնարավոր քննադատություններին, երգչուհին ընդգծեց, որ ոչ ոքի ոչինչ չունի ապացուցելու. «Եթե ես մտածեմ ինչ-որ մարդկանց կամակորությունները բավարարելու մասին, պետք է առհասարակ տանից դուրս չգամ»,-նկատեց նա:
Անդրադառնալով «Ռուսաստանի ձայնը» նախագծին` Աննան նշեց, որ նախկինում էլ հետեւել է այս ծրագրին. «Սիրում եմ մրցույթների մասնակցել, վաղուց չէի մասնակցել. որոշեցի ուժերս փորձել: Ես գիտեմ, թե այնտեղ ինչ պրոֆեսիոնալներ են հավաքված, որոնցից շատ սովորելու բան կա: Երբ կլինեմ մրցույթի ներսում, կհասկանամ` ինչն է ինձ գրավում, իսկ առայժմ այն ինձ համար մի փակ տարածք է: Կրկնում եմ` գնում եմ հաճույք ստանալու, եթե, իհարկե, այսքանից հետո ստացվի մասնակցությունս, եթե «չնավսեն»,- կես կատակ, կես լուրջ եզրափակեց նա:
Աննա Բաբաջանյան