Այսօր Սահմանադրությամբ ՀՀ նախագահին տվել ենք պետության գլխի կարգավիճակ. Խոսրով Հարությունյանը՝ փոփոխությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր Սահմանադրությամբ ՀՀ նախագահին տվել ենք պետության գլխի կարգավիճակ, այսինքն նա վեր է իշխանությունների թևերից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով, այսպես պետք է երաշխավորվի իշխանությունների հակակշռման համակարգը:

«Միաժամանակ, նույն Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահել ենք անվտանգության, արտաքին հարաբերությունների ոլորտում պատասխանատվություն, որոնք բնորոշ է գործադիր իշխանությանը», – հավելեց նա: Նրա խոսքով, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանը սոցիալական պետություն է և այս խնդրին սահմանադրական լուծում է պետք , ինչի մասին խոսք չկա:

«Բազմաթիվ անգամ այս խնդիրը դրված էր՝ նվազագույն սպառողական զամբյուղ , ինդեքսացիա, գների աճ և իրական եկամուտներ: Մեր սահմանադրությամբ որևէ խոսք այս մասին չկա, մինչդեռ սա այնպիսի հարց է, որ սահմանադրական լուծում է պետք», – նշեց նա:

Հարությունյանի կարծիքով, պահանջների տեսանկյունից մեր հանրային կյանքը ավելի հասունացած է և մեր խնդիրը այսօրվա փոփոխություններում այդ հասունացած պահանջներին արձագանքելն է: Պատգամավորի պնդմամբ մեծ աշխատանք պետք է կատարվեն կուսակցությունների հետ: « Մեզանում կուսակցությունները հանրային կյանքի ինքնակառավարման, ինքնաբավ մասնագիտական քաղաքական կարողությունների տեսակետից կառույցներ չեն, սա շատ լուրջ հարց է»,-հավելեց նա:

Արփինե Թովմասյան




Լրահոս