Հայտնի հասարակական գործիչ, Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը դաժան ծեծի է ենթարկել ու փորձել է բռնաբարել իր ծանոթուհուն: Այս մասին հայտնում է «ИА Национальные интересы»-ն:
Տեղեկացվում է, որ այժմ Ռուսաստանի Գագարինի շրջանի ոստիկանությունում տուժածի հայտարարության հիման վրա ստուգումներ են անցկացվում դաժան ծեծի ու բռնաբարության փորձի մեղադրանքով:
Նիկողոսյանի զոհը դարձել է նրա ծանոթը, ում վերջինս հրավիրել է իր մոսկովյան բնակարան: Ոչինչ չկասկածող կինն ընդունել է հրավերը, սակայն բնակարանում անսպասելի կերպով խմբակային սեռական կապ ունենալու մասին առաջարկ է ստացել, որից կինը հրաժարվել է:
Ստանալով մերժում` Նիկողոսյանը հարձակվել է իր ծանոթի վրա ու սկսել է նրան ծեծել, ավելի ուշ Նիկողոսյանին միացել է նաև իր վարորդը` Էդգարը:
Կատարվածի մասին տեղեկությունը հայտնվել է համացանցում և բլոգերների քննարկման առիթ է դարձել: Պարզվել է, որ Նիկողոսյանը առաջին անգամ չէ նման աղմկահարույց պատմության մեջ հայտնվում. բայց նրան մշտապես հաջողվել է անմեղ դուրս գալ: