Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ անցած Հայաստանի 3 բռնցքամարտիկներից 2-ն արդեն դուրս են եկել մենամարտի և հաղթանակ գրանցել: Աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը 49կգ քաշային կարգում մրցապայքարը շարունակում էր Ռուսաստանը ներկայացնող Վասիլի Եգորովի հետ: Սողոմոնյանը 13:10 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և անցավ եզրափակիչ փուլ:
56կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը հաղթանակ գրանցեց իր մրցակից Ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալադիևի նկատմամբ: Չալադիևը աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է:
Նարեկ Աբգարյանը ռինգ դուրս կգա երեկոյան: Մրցակիցն է լինելու Ռուսաստանի բռնցքամարտիկ Վասիլի Վետկինը:
Կ.Սողոմոնյանն ու Ա.Ավագյանն արդեն բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ են: Վաղը մեր մարզիկները պայքարը շարունակելու են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար:
ՀԲՖ մամուլի ծառայություն