Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ձայնագրության բովանդակությանն անդրադառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ “Հայ ազգային կոնգրես” խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց անդրադառնալ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնի խոսակցության ձայնագրության բովանդակային մասին՝ այն որակելով խորհրդային КГБ-ի գործելակերպին բնորոշ դրսևորում: “Սա КГБ-ական գործելակերպ եմ համարում և КГБ-ական գործելակերպին տուրք չեմ տալիս”,- ասաց նա:
“Կարծում եմ, որ նմանօրինակ գործելակերպը մեր իրականության մեջ չպետք է տեղ ունենա: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմինները ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով պետք է քրեական գործ հարուցեն ապօրինի գաղտնալսում իրականացրած, և դա համացանցում տեղադրած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար”,- ասաց նա:
Փաշինյանը չի կարող ասել, թե ում էր ձեռնտու նման քայլը: “Այդ կարգի մեկնաբանություններ չեմ ուզում անել, թող իրավապահ մարմինները քրեական գործ հարուցեն, բացահայտեն, և մենք բոլորս ոչ թե կռահումներ անենք, այլ հստակ կիմանանք, թե ում էր ձեռնտու: Երբ իրավապահները գործ կհարուցեն, մեղադրյալները ցուցմունքներ կտան, հրապարակային դատաքննություն կլինի, մենք նրանց խոսքերից կիմանանք, թե ում էր ուղղված և ինչի համար էր”,- ասաց նա:
Փաշինյանը գտնում է, որ ԱԱԾ-ն պետք է ոչ թե հայտարարեր, որ կապ չունի, այլ որ արդեն քրգործ է հարուցվել: “ԱԱԾ-ն կամ այլ մարմին պետք է հայտարարեր, որ արդեն քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ է նշանակում չեն դիմել։ Ընդհանրապես մեր իշխանությունը, Կառավարության ներկայացուցիչները նույնպես մեր հարց ու պատասխանի ժամանակ ասում են, թե չեն դիմել։ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ունի շահ հստակ պրոցեդուրաներ, և ընդամենը մի քանի հոդվածներ կան, որոնցով քրեական գործ հարուցվում է բացառապես տուժողի բողոքի հիման վրա, մնացած բոլոր հոդվածները համարվում են հանրային մեղադրանքի հոդվածներ, և իրավապահ մարմինները Քրեական օրենսգրքի համապատասխան կետին համապատասխան պարտավոր են մամուլի հրապարակումների հիման վրա հարուցել քրեական գործ”,- ասաց նա:
Հարցին, թե ինչպիսի՞ն են Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի հարաբերությունները Կոնգրեսի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. “Մենք “Հայ ազգային կոնգրեսե խմբակցության և ՀԱԿ անդամներ ենք և շարունակում ենք մնալ ՀԱԿ անդամներ”:
Փաշինյանը հավատացրեց, որ այդ ձայնագրությունը որևէ կերպ չի անդրադառնա ՀԱԿ-ի դիրքորոշման հետ: “Եթե մենք ասում ենք, որ որևէ քննարկում չենք ընդունում բովանդակային, մենք հասկանում ենք, որ ՀԱԿ-ի դիրքորոշման վրա չի կարող անդրադառնալ”, – ասաց նա և վստահեցրեց, որ ի տարբերություն լրագրողի պնդմանը իր հայտարարությունը ոչ մի ձևով դա ցույց չի տվել:
“Ես ե՞րբ եմ ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չպետք է առաջադրվի: Եթե իմ վերջին ամիսների հարցազրույցները վերանայեք, կտեսնեք, որ ես մշտապես ասել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի և հիմա էլ կարող եմ ասել, որ պետք է առաջադրվի”,- ասաց նա: Իսկ ՀԱԿ-ի վերջնական որոշումը նա նշեց, որ հայտնի կդառնա շուտով:
 tert .am




Լրահոս