Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով և ապահովվել է անվտանգ երթևեկ: Առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները` աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար: Քաղաքապետը ողջունել է նաև երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ձնամաքրման աշխատանքներին:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախատոնական առևտրին ընդառաջ, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կգործեն գյուղմթերքի նոր շուկաներ` առևտուրն առավել կազմակերպված և մատչելի դարձնելու նպատակով: Շարունակվել է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հատկապես ուշադրություն է դարձվել առավոտյան և երեկոյան ժամերին հաստատված չվացուցակների խախտման դեպքերին և շարժակազմերի սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը: Հայտնաբերված խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Տոնական օրերին պատշաճ սպասարկում կազմակերպելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ հանձնարարել է մինչև երեկոյան ուշ ժամն ապահովել հասարակական տրանսպորտի` ներառյալ էլեկտրատրանսպորտի և մետրոյի աշխատանքը:
Հանրակրթության վարչության պատասխանատուն զեկուցել է, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում գործում են ջեռուցման համակարգերը և պարբերաբար վերահսկվում է անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը:
Նախորդ շաբաթ շարունակվել են նաև անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ` մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման նպատակով: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ մշտական ուշադրության կենտրոնում է քաղաքացիների կողմից վարչական շրջանների սոցիալական ապահովության, առողջապահության ու ծրագրերի բաժիններում և ՍԾՏԲ-ներում մուտքագրված, ուսումնասիրված և բացասական պատասխան ստացած դիմում-բողոքների ընթացքը:
Բազմաբնակարան շենքերի պատերին և հենասյուներին անհայտ անձանց և կազմակերպությունների կողմից փակցված հայտարարությունների մաքրման աշխատանքներին անդրադառնալով` արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը նշել է, որ կազմվել է 10 արձանագրություն` համապատասխան ընթացք տալու համար: Զեկուցվել է նաև, որ այս տարվա ծրագրով Կենտրոն վարչական շրջանում տեղադրվել են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակներ: Ծրագիրը ներառված է նաև 2013 թվականի աշխատանքներում և կշարունակվի մյուս վարչական շրջաններում:
“Երքաղլույս” ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ պարբերաբար գույքագրվում և նորերով են փոխվում մայրաքաղաքի կենտրոնական, երկրորդական փողոցներում և բակային տարածքներում առկա այրված լամպերը: Հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել մայրաքաղաքում տնտեսվարողների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքներում պատշաճ սանիտարական վիճակի և արտաքին լուսավորության ապահովման ուղղությամբ:
Քաղաքապետը հանձնարարել է նաև տոնական օրերին մայրաքաղաքի լուսավորությունն ապահովել ամբողջ գիշերվա ընթացքում:
“Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի” տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգերի գործարկման նպատակով 4 երթուղիների 50 տրանսպորտային միջոցներ ապահոված են GPS համակարգերով: Մաշտոցի պողոտայի հասարակական տրանսպորտի 2 կանգառասրահներում տեղադրված էլեկտրոնային չվացուցակների սարքավորումներով կատարվում են թեստավորման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն