Ոռոգումն իրականացվում է երկհերթ աշխատանքային ժամանակացույցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընդհանուր օգտագործման տարածքներն այս օրերին հնձվում և ոռոգվում են մինչև կեսգիշեր՝ երկհերթ աշխատանքային ժամանակացույցով: Վերջին տարիներին մայրաքաղաքի ոռոգման համակարգերի երկարությունն ավելանում է տարեկան ավելի քան 20 կիլոմետրով: Շենգավիթ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առանձին հատվածների ոռոգումը կազմակերպվում է 4 խորքային հորերից մատակարարվող ստորգետնյա ջրերով:

Կանաչապատ տարածքներում հրդեհների հավանականությունը նվազագույնի հասցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատակիցների ուժերով հերերթապահություն է սահմանվել:

Հարկ է նշել, որ չոր խոտը ևս հեռացվում է միայն հնձելուց հետո, քանի որ, ինչպես բնապահպանական տեսակետից, այնպես էլ՝ շոգ եղանակով պայմանավորված, խոտն այրելն արգելվում է: Կանաչապատ տարածքներում խոտհունձ կազմակերպելու անհրաժեշտության մասին իրազեկվել են համապատասխան տարածքների, այգիների ու պուրակների սեփականատերերը, վարձակալները: Հրդեհների կանխման, առանձին դեպքերում նաև կրակի մեկուսացման աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին նյութատեխնիկական միջոցներով և մարդկանցով օժանդակում է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը:




Լրահոս