Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:
Օրակարգում ընդգրկված են եղել կառավարության որոշմամբ հատկացված լրացուցիչ և թափուր մնացած պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ հարցեր:

Անդրադառնալով պետական պատվերով առկա թափուր և լրացուցիչ տեղերի բաշխմանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է հիմնական առաջնահերթությունները: Մասնավորապես նախապատվությունը տրվելու է միջազգային մրցույթներում, օլիմպիադաներում հաղթական արդյունքներ ունեցող դիմորդներին, արվեստի և մշակույթի բնագավառի ինչպես նաև մարզային բուհերին: ՀՀ ԿԳ նախարարի առաջարկությամբ, ընդառաջելով ԼՂՀ կառավարության խնդրանքին, լրացուցիչ տեղերից 10 տեղ հատկացվել է Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Շուշիի մասնաճյուղին: Որոշվել է հավասար միավորներ ունեցող դիմորդներին ևս ընդառաջել՝ ապահովելով նրանց կրթության իրավունքը պետական պատվերի շրջանակում: Ազգային փոքրամասնությունների հայտի հիման վրա ևս մեկ պետպատվերի տեղ հատկացվել է եզդիական համայնքին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև թափուր մնացած վճարովի տեղերի վերաբաշխման հարցը: Անդրադարձ կատարելով ընդունելության ցուցակների հրապարակմանը՝ ընդունող հանձնաժողովը արձանագրել է, որ դրանք կհրապարկվեն հուլիսի 14-ին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը աշխատանքային կարգով քննարկել է նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:




Լրահոս