Օսմանյան կայսրությունում հայերի և քրիստոնյա համայնքների նկատմամբ տեղի ունեցածը բնորոշվում է ցեղասպանություն բառով. Արամ Ա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օսմանյան Կայսրությունում 1915թ. հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյա համայնքների դեմ տեղի ունեցածը ցեղասպանություն էր բառի իրական հասկացությամբ: Այս մասին Լիբանանի Քասլիքի համալսարանում ասորիների ցեղասպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի ելույթում նշել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը: «Դա ցեղասպանություն էր իր մեթոդով և նպատակով, եթե անգամ ցեղասպանություն բառն այդ ժամանակ միջազգային բառապաշարի մաս չէր կազմում: Պատմությունը հստակ ցույց է տալիս, որ Օսմանյան կառավարության կողմից ծրագրվածը, կազմակերպածը և իրականացրածը ցեղասպանություն էր»,-­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ասել է Արամ Ա­-ն:

Նա նկատել է, որ միջազգային օրենքների համաձայն, երբ նույն երկրում նույն ժողովրդի համար կառավարություն է փոխվում, այն հաջորդում է իրեն նախորդած կառավարությանը՝ թեկուզ գաղափարական և քաղաքական օրակարգի, նպատակների տարբերությունների առկայության դեպքում: Արամ Ա-­ն հստակեցրել է, որ իրավաքաղաքական այս սկզբունքից բխում է, որ Թուրքիայի ներկայիս կառավարությունը Օսմանյան Կայսրության իրավահաջորդն է, ուստի, ժառանգել է 1915թ. կառավարության իրավունքներն ու պարտավորությունները:

«Սա նշանակում է, որ ներկայիս Թուրքիան պարտավորություն ունի 1915թ. Ցեղասպանության իրականացման համար»,­- շեշտել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Արամ Ա­-ն ընդգծել է, որ միջազգային օրենքների համաձայն՝ ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է, հետևաբար, ցեղասպանությունն ու ցեղասպանը պետք է միջազգային դատապարտման ենթարկվեն: Նա հստակեցրել է, որ ցեղասպանության դատապարտումը նշանակում է ճանաչել ցեղասպանությունը, իսկ ճանաչումն իրենից ենթադրում է նաև հատուցում: Նա շեշտել է, որ թե՚ հայերը, թե՚ ասորիներն աշխարհի տարբեր հատվածներում շարունակում են ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցը:

«Մենք մեր նահատակներին հիշեցինք և նրանց ժառանգության վերաբերյալ մեր հավատարմությունը հաստատեցինք: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայում հազարավոր հայկական, ասորական, հունական վանքեր, եկեղեցիներ, եկեղեցական կալվածքներ կան, որոնց մի մասն ավերված են, մնացածը՝ պետության կողմից բռնագրավված: Մենք պահանջում ենք դրանց վերադարձն իրենց իրական տերերին»,-­ մանրամասնել է Արամ Ա-­ն:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հստակեցրել է, որ հայ ժողովրդի պահանջատիրությունը ոչ թե կրոնական է, այլ իրավաքաղաքական: Նա նշել է, որ դարեր շարունակ Միջին Արևելքում քրիստոնյաները և մահմեդականները խաղաղ գոյակցել են կողք կողքի: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում քրիստոնեկական փոքրամասնության նկատմամբ, նույնպես ցեղասպանություն է: Ցեղասպանությունը պետք է դատապարտվի բոլոր կրոնների և ազգերի կողմից, որպեսզի այդ երևույթն այլևս չկրկնվի»,-­ եզրափակել է Արամ Ա Կաթողիկոսը:




Լրահոս