Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը դեմ է քվեարկել Վեհաժողովի կողմից ընդունված Հելսինկիի հռչակագրին: Իսկ հայաստանյան պատվիրակության մյուս երկու անդամները՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ու ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը, չեն մասնակցել քվեարկությանը:
Արդեն երկու օր է` ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում, որ Գեղամյանը վեհաժողովի նիստում կողմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած բանաձեւին: Սակայն Արտաշես Գեղամյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դրանք սուտ տեղեկություններ են, որոնք տարածում է մեր հառակորդ երկիրը:
Նշենք, որ Վեհաժողովի 300 պատվիրակներից քվեարկել են 130֊ը, իսկ մնացած 170 պատվիրակներն ընդհանրապես չեն մասնակցել քվեարկությանը: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանից փորձել է պարզել, թե իրականում ինչպես է եղել քվեարկությունը, եւ ինչու են թյուր տեղեկություններ տարածվում:
-Ամենակարեւորն այն է, որ ադրբեջանական կայքերը նման անհեթեթություն, որ տարածում են, դա գալիս է ապացուցելու, որ երեկվա ելույթներիցս նրանք շոկի մեջ են ընկել ու այդ շոկից դեռեւս դուրս չեն եկել: Ես կխնդրեի, որպեսզի նայեիք իմ ելույթները, որից հետո ամեն ինչ պարզ կլիներ:
-Նշվում է, որ Վեհաժողովի կողմից ընդունված Հելսինկիի հռչակագրում փոփոխություններ են տեղի ունեցել, ու Դուք էլ եք կողմ քվեարկել այդ ոչ հայանպաստ փոփոխություններին: Խնդրում եմ՝ նշեք, թե ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը:
-Բացարձակապես անհեթեթություն է, որը կարող եք տեսնել իմ ելույթները ընթերցելուց հետո: Ադրբեջանը, բնականաբար, դա կհայտարարեր, նման տեղեկություններ կտարածեր, որովհետեւ իմ ելույթով տապալել եմ, ոչնչացրել եմ բառիս իսկական իմաստով: Այն աստիճանի շոկի մեջ էին, որ այսօր (երեկ Ս. Գ.) պետք է իրենց ելույթ ունեցողը ելույթ ունենար, փախավ, չեկավ, որովհետեւ ոչնչացրել եմ: Իմ ելույթները, եթե տեսնեք, կհամոզվեք, կհասկանաք, որ ես որեւէ ավելորդ հայտարարություն չեմ անում, դրանից հետո Ձեզ մոտ որեւէ հարց չի առաջանա: Այստեղ հաղթանակի խնդիր չկա, բայց կարեւորը եղել է հետեւյալը, որ մեզ հետաքրքրող երրորդ սկզբունքները Հելսինկյան հռչակագրի իմպերատիվ մասում են: 45-րդ հոդվածն էլ մեր ուզածն է կրկնակի, որովհետեւ Ձեր ասած հարցադրումները, բնականաբար, կան: Այդ կետը մենք չպետք է արհեստականորեն վերցնենք եւ տարածենք Լեռնային Ղարաբաղի վրա: Ուրեմն՝ 45-րդ հոդվածը, որը ներկայացնում է հակամարտությունների կարգավորման երեք սկզբունքները, ազգերի ինքնորոշման եւ հավասարության իրավունքը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ տարածքային ամբողջականությունը, որոնք նշված են Հելսինկյան վերջնական ակտում եւ կոչ են անում ՌԴ-ին վերացնել Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլի անեքսիան: Այսինքն՝ սա, բացի Ուկրաինայից, բոլորին վերաբերում է, այսինքն՝ մեր հարցադրումը ընդունում է ու ոչ միայն ընդունում է, այլ նաեւ ասում է՝ դա վերաբերում է բոլորին, բացի Ուկրաինայից: Սա պատահական չի, եթե իմ ելույթներն ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ ես խստագույնս դատապարտել եմ, ու ինձանից հետո Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչը խոսեց ու ուղղակիորեն ասաց, որ այս կետը՝ 4-րդ կետը, ԼՂՀ-ի հարցի հետ որեւէ աղերս չունի: Այնպես որ, մի՛ անհանգստացեք, ու ես էլ հաստատում եմ, որ, այո՛, ոչ մի աղերս չունի:
-Ադրբեջանը հակառակ տեղեկությունն է տարածում՝ նշելով, որ այն ուղղակի կապ ունի ԼՂՀ հակամարտության հետ…
-Նման բան գոյություն չունի: Ես կրկնում եմ՝ Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչը խոսեց ու ուղղակիորեն ասաց, որ այդ կետը ԼՂՀ-ի հարցի հետ որեւէ աղերս չունի: Արդեն ասացի՝ մի՛ անհանգստացեք, ու ես էլ հաստատում եմ, որ, այո՛, ոչ մի աղերս չունի, դրանք սխալ ու ոչ հավաստի տեղեկություններ են, որոնք տարածվում են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: Սա բավականին լուրջ, հաղթանակ չէի ասի, բայց լուրջ առաջընթաց կա, եւ, ինչու ոչ, նաեւ հաղթանակ է: Երկրորդ շատ կարեւոր հանգամանքն այն է, որ ցեղասպանությունների վերաբերյալ կետը, երբ Թուրքիայի պատվիրակը դեմ խոսեց, ցավոք սրտի, դեմ խոսեց նաեւ բանաձեւի հիմնական զեկուցողը, բանաձեւի հեղինակը, հետո ես ելույթ ունեցա, ու ելույթիս մեջի փաստարկներն այնպիսին էին, որ դրեցին քվեարկության: Իսկ քվեարկությունից հետո, հակառակ զեկուցողի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակությունների, բանաձեւն անցավ թե՛ առաջին կոմիտեով, թե՛ այսօր (երեկ Ս. Գ.):
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ