«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասմիկ Պողոսյանը արդեն 9 տարի է, ինչ զբաղեցնում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Ներկայիս Կառավարության կազմում նա ամենաերկար պաշտոնավարած անձն է: Հիշեցնենք, որ այս նախարարության առաջնային գործառույթը մշակույթի ոլորտում Կառավարության քաղաքականության իրագործումն է: Սակայն այսօր հնարավոր չէ Հայաստանում գտնել մեկին, ով կկարողանա ասել, թե ՀՀ Կառավարությունը մշակույթի ոլորտում ինչ քաղաքականություն է իրականացնում: Ավելին՝ նույնիսկ, եթե մի պահ պատկերացնենք, որ մշակույթի նախարարության փոխարեն, օրինակ, Կառավարությանն առընթեր ինչ-որ վարչություն է գործում, դժվար թե դրանից ինչ-որ բան կփոխվի մշակութային, առավել եւս շարքային քաղաքացիների կյանքում: Նախարարի պորտֆելը քաղաքական պաշտոն է, բայց Հայաստանի նախարարական պաշտոններից շատերը դադարել են այդպիսին լինել, քանի որ նախարարները երբեւէ քաղաքական գործիչ չեն եղել եւ ոչ էլ այդպիսին դարձել են: Այս անհամապատասխանության պատճառով էլ Հայաստանի կառավարման համակարգում անընդհատ մուտացիաներ են տեղի ունենում:
Իհարկե, կարող է հարց ծագել, թե որն է Հասմիկ Պողոսյանի երկար պաշտոնավարման գաղտնիքը: Պարզապես նա շատ լավ գիտի՝ ում հետ մտերմություն անել: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Հասմիկ Պողոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր Բելա Քոչարյանի հետ, եւ այդ գործոնի շնորհիվ 2006-ին նշանակվեց նախարար: Իսկ հետագայում, երբ 2007-ի ապրիլին Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ, Պողոսյանը շատ արագ հասցրեց մտերմանալ Ռիտա Սարգսյանի հետ: Ասել է թե՝ նախարարը նախագահների տիկնանց մշակութային գծով ընկերուհին է եւ հաջողացնում է ճիշտ ժամանակին նրանց հետ համերգ ու թատրոն գնալ: Իսկ մշակութային քաղաքականություն մշակելն ու իրացնելը երկրորդական հարց է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: